Ավանի թիվ 57 մանկապարտեզում իրավիճակը շարունակում է լարվել․ Մարգարիտա Հովհաննիսյանը պատրաստվում է պայքարել մինչև վերջ

Written by

in

Ավանի թիվ 57 մանկապարտեզում իրավիճակը հանդարտվելու փոխարեն՝ ավելի է սրվում։

Դեռևս հուլիսին Վերաքննիչ քաղաքացիական դատարանը որոշում էր կայացրել Մարգարիտա Հովհաննիսյանին աշխատանքում վերականգնելու մասին։ Դատարանն անվավեր և ոչ իրավաչափ էր ճանաչել նրա նկատմամբ կիրառված բոլոր չորս կարգապահական տույժերը։

Սակայն, Հովհաննիսյանի պնդմամբ, դատական որոշումից հետո էլ իր նկատմամբ հոգեբանական ճնշումները չեն դադարել։

«Արդեն տևական ժամանակ է՝ իմ հանդեպ հոգեբանական ճնշումները չեն դադարում։ Մասնավորապես

 աշխատակիցների կողմից հրահրվում են վեճեր, հնչում վիրավորանքներ։ Իմ հրավերով Երևանի վերահսկողության տեսչական մարմինը այց էր կատարել մանկապարտեզ։ Բազմաթիվ նամակներ էի հղել, որոշ աշխատակիցների հետ զրույց անցկացրին, և այդքանով սահմանափակվեց նրանց այցը»,- նշեց Հովհաննիսյանը։

Նրա խոսքով՝ երկուշաբթի օրը ևս տեսչական մարմնի ներկայացուցիչներն այցելել են մանկապարտեզ, սակայն այդ այցերի արդյունավետության վերաբերյալ նա կասկածներ ունի։

Հովհաննիսյանի տպավորությամբ՝ վերահսկող մարմնի ներկայացուցիչները փորձում են կարգավորել իրավիճակը, սակայն նրանց հեռանալուց հետո, կարծես, ինչ-որ մեկի հրահանգով ամեն ինչ շարունակվում է այնպես, ինչպես նախկինում։

Հովհաննիսյանը հավելել է, որ իրեն չեն տրամադրում աշխատասենյակ, համակարգիչ և անհրաժեշտ փաստաթղթեր։ Նրա խոսքով՝ ՀՈԱԿ-ի տնօրենի ներկայությամբ գույքի ընդունման-հանձնման գործընթաց չի իրականացվել։ Ավելին՝ աշխատակիցներին շարունակում են հրահանգել որպես ղեկավար ընդունել մեթոդիստին և չենթարկվել իր հրահանգներին։

«Ըստ օդում կախված լուրերի՝ մինչ իմ վերադարձը աշխատակիցներից պահանջել են ստորագրել դատարկ թղթերի տակ, և նրանցից շատերը նույնիսկ չգիտեն, թե հետագայում ինչ է լրացվել այդ թղթերի վրա։ Ըստ օդում կախված լուրերի`

ՀՈԱԿ-ի տնօրենի և Վարդուհի Հարությունյանի կողմից տեսագրություններ են իրականացվել, որոնցում աշխատակիցները պնդում են, թե չեն ցանկանում աշխատել ինձ հետ։ Սակայն տեսագրված աշխատակիցներից շատերն ինձ նույնիսկ չեն ճանաչել մինչև իմ վերադարձը, որևէ շփում չեն ունեցել ինձ հետ՝ ո՛չ աշխատանքային, ո՛չ անձնական»։

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *