2026 թվականի նոյեմբերի 5-ին Իրանի նախկին արտաքին գործերի նախարար (1981-1997 թթ.), երկրի գերագույն առաջնորդի միջազգային հարցերով խորհրդական Ալի Աքբար Վելայաթիի՝ ԹՐԻՓՓ նախագծի վերաբերյալ քննադատական հոդվածը լայնորեն տարածվել է հայաստանյան մամուլում։
2026 թվականի նոյեմբերի 5-ին Վելայաթին Ettelaat թերթում հրապարակած հոդվածում քննադատել է ԹՐԻՓՓ նախագիծը՝ այն նույնացնելով այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» հետ։ Նա նաև զգուշացրել է Իրանի համար անընդունելի սահմանները հատելու հետևանքների մասին։
Մի շարք լրատվամիջոցներ և հանրային գործիչներ այն ներկայացրել են ոչ միայն որպես իրանցի ազդեցիկ քաղաքական գործչի առանձին հայտարարություն, այլ նաև որպես Թեհրանի պաշտոնական դիրքորոշման արտահայտություն։
Մասնավորապես, Հայ ազգային կոնգրես կուսակցության փոխնախագահ Արամ Մանուկյանը, անդրադառնալով ԹՐԻՓՓ նախագծին, հղում է անում Վելայաթիի հոդվածին՝ այն ներկայացնելով Իրանի դիրքորոշման համատեքստում։
«Իրանի վերջին, Վելայաթիի հարցազրույցը, նամակը նայել եք՝ ինչ վտանգներ կան այնտեղ»,- ասել է Մանուկյանը:
Կարդացեք նաև՝
«ԹՐԻՓՓ-ը դառնում է Ադրբեջանի տարածք». Արամ Մանուկյանի պնդումներն ու ստորագրված փաստաթղթերը
Լրատվամիջոցներից 168[.]am կայքը ևս մի շարք հոդվածներ է հրապարակել՝ ներկայացնելով Վելայաթիի հոդվածը որպես Իրանի դիրքոշում. կայքը, մասնավորապես, գրել է՝ «Թեհրանի համբերության բաժակը լցվել է. Իրանը բացահայտ նախազգուշացնում է Հայաստանի իշխանություններին»։
Վերոհիշյալ երկու դեպքում էլ Վելայաթիի քննադատությունը ներկայացվել է Իրանի անունից՝ չտարանջատելով նրա անձնական քաղաքական գնահատականներն ու երկրի արտաքին քաղաքական գերատեսչության պաշտոնական հայտարարությունները։
«Փաստերի ստուգման հարթակն» ուսումնասիրել է նախագծի վերաբերյալ պաշտոնական Թեհրանի՝ երկրի բարձրաստիճան պաշտոնյաների վերջին մեկ տարվա հայտարարությունները՝ ամփոփելով Իրանի բազմաշերտ դիրքորոշումը ԹՐԻՓՓ նախագծի վերաբերյալ:
Ո՞վ է ներկայացնում Թեհրանի պաշտոնական դիրքորոշումը
Վելայաթիի քաղաքական ազդեցությունը հիմք չէ պնդելու, թե նրա հայտարարություններն են արտահայտում Թեհրանի պաշտոնական դիրքորոշումը։ Իրանի արտաքին քաղաքականության ձևավորման գործում առանցքային դեր ունի գերագույն հոգևոր առաջնորդը, իսկ պաշտոնական դիվանագիտական դիրքորոշումները ներկայացնում են նաև արտաքին գործերի նախարարությունը, նախարարը և ԱԳՆ խոսնակը։
Ուստի Վելայաթիի հայտարարությունները դիտարկվում են Իրանի մյուս բարձրաստիճան պաշտոնյաների հայտարարությունների համատեքստում։
Այս առումով հատկապես ուշագրավ է նոյեմբերի 10-ին Իրանի փոխնախագահ Սեյեդ Համիդ Փուրմոհամմադիի հայտարարությունը․ անդրադառնալով Վելայաթիի քննադատություններին՝ նա ոչ միայն վերահաստատել է Հայաստանի և Նիկոլ Փաշինյանի նկատմամբ Իրանի վստահությունը, այլ նաև հատուկ ընդգծել, որ երկրի պաշտոնական դիրքորոշումներն արտահայտում են արտաքին գործերի նախարարը և ԱԳՆ խոսնակը։
Վերջին ամիսներին երկրի արտաքին գործերի նախարարը, Հայաստանում դեսպանը ևս ԹՐԻՓՓ-ի վերաբերյալ բոլորովին այլ շեշտադրումներ ունեցող հայտարարություններ են արել։
Մասնավորապես, 2026 թվականի հունվարին Իրանի դեսպան Խալիլ Շիրղոլամին հայտարարել է, որ Իրանը ողջունում է Հայաստանի ապաշրջափակմանն ու զարգացմանն ուղղված դրական քայլերը՝ միաժամանակ ընդգծելով, որ Թեհրանը վստահում է Հայաստանին, բայց մտահոգված է ԱՄՆ-ի հնարավոր գործողություններով։
Փետրվարի 27-ին դեսպանը ԵՊՀ-ում ուսանողների հետ հանդիպմանը հայտարարել է, որ «ԹՐԻՓՓ-ը միջանցք չէ, այլ ճանապարհ»․ նա դարձյալ նշել է, որ Իրանը չի առարկում հաղորդակցությունների զարգացմանը, եթե դրանք նպաստում են խաղաղությանը, և ընդգծել է Հայաստանի հետ փոխադարձ վստահությունը։
Սեպտեմբերի 17-ին դեսպանը հայտարարել է, որ քննարկվող ԹՐԻՓՓ նախագիծը չի համապատասխանում այն նպատակներին, որոնք ի սկզբանե հետապնդում էին Բաքուն և Անկարան (խոսքն արտատարածքային միջանցքի մասին է,-խմբ․)։ Դեսպանի խոսքով՝ Իրանը չի առարկի նախագծին, եթե պահպանվեն Հայաստանի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը, և ԱՄՆ ներկայությունը սպառնալիք չստեղծի Իրանի համար։
Հոկտեմբերի 16-ին Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին Երևանում լրագրողների հետ զրույցում հայտարարել է. «Մենք վստահում ենք մեր հայ գործընկերներին և գիտենք, որ նրանք ոչինչ չեն անի Իրանի անվտանգության դեմ»։ Միաժամանակ նա վերահաստատել է, որ Իրանը մտահոգություններ ունի տարածաշրջանում ԱՄՆ ցանկացած ներկայության առնչությամբ։
Այսպիսով, մամուլում ու Արամ Մանուկյանի կողմից Վելայաթիի հայտարարությունը ներկայացվում է որպես Թեհրանի պաշտոնական դիրքորոշում, այն դեպքում, երբ Իրանի արտաքին գործերի նախարարն ու դեսպանը բազմիցս հայտարարել են, որ վստահում են հայկական կողմին և սկզբունքորեն չեն առարկում տարածաշրջանային հաղորդակցությունների բացմանը՝ միաժամանակ շեշտելով, որ Իրանը շարունակում է կարևորել Հայաստանի ինքնիշխանության պահպանումը։
Ուստի միայն Վելայաթիի հոդվածի հիման վրա պնդելը, թե Իրանը դեմ է ԹՐԻՓՓ նախագծին, չի արտահայտում պաշտոնական Իրանի ամբողջական ու բազմաշերտ դիրքորոշումը:
Նման պնդում անելիս հաշվի չեն առնվում Թեհրանի այլ պաշտոնյաների հայտարարությունները, որոնցում հաղորդակցությունների բացումը կապվում է որոշակի անվտանգային և ինքնիշխանության երաշխիքների հետ․ հետևաբար այն մանիպուլյատիվ է և խեղաթյուրում է Թեհրանի իրանական դիրքորոշումը:
Միևնույն ժամանակ, սխալ է եզրակացությունը, թե Իրանը անվերապահորեն աջակցում է ԹՐԻՓՓ նախագծին, քանի որ իրանական պաշտոնյաների հայտարարություններից հետևում է, որ Թեհրանի վերաբերմունքը պայմանավորված է նախագծի իրականացման ձևի, Հայաստանի տարածքի նկատմամբ վերահսկողության պահպանման և Իրանի անվտանգության շահերը հաշվի առնելու հանգամանքի հետ:
Նանե Մանասյան
Leave a Reply