ԵՄ-ն՝ PISA 2025–ից հետո

Written by

in

Եվրամիության երկրների դպրոցներում սովորող 15-ամյա աշակերտների գրեթե 34%-ը չի հասնում մաթեմատիկական կարողունակությունների նվազագույն մակարդակին, ընթերցանությունից ևս նույն խնդիրը յուրաքանչյուր երրորդ աշակերտինն է։ 2026 թվականի սեպտեմբերի 8-ին, երբ Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպությունը (ՏՀԶԿ՝ OECD) հրապարակեց PISA 2025 միջազգային գնահատման արդյունքները, պարզվեց, որ կազմակերպության անդամ երկրներում մաթեմատիկայի և ընթերցանության միջին արդյունքները հասել են PISA-ի պատմության ընթացքում արձանագրված ամենացածր մակարդակներին։

Հետազոտությանը մասնակցել է 15-ամյա 760 հազար աշակերտ՝ 91 երկրից, այդ թվում՝ ԵՄ բոլոր 27 անդամ պետությունները։

2015–2025 թվականներին ընթերցանության միջին ցուցանիշը նվազել է 28 միավորով, իսկ մաթեմատիկայի արդյունքը նվազել է 22 միավորով։

Հոկտեմբերի 5-ին Եվրոպական հանձնաժողովը հրապարակեց PISA 2025-ի արդյունքների՝ Եվրամիության մակարդակով առաջին վերլուծությունը։

PISA 2025-ի արդյունքներով՝ Եվրամիությունում աշակերտների 33,9%-ը մաթեմատիկայից, 31,3%-ը՝ ընթերցանությունից, իսկ 25,9%-ը՝ բնագիտությունից չի հասնում կարողունակությունների նվազագույն մակարդակին։ Միաժամանակ մտահոգիչ է բարձր առաջադիմություն ունեցող աշակերտների փոքր մասնաբաժինը․ մաթեմատիկայից բարձրագույն մակարդակներին հասնում է աշակերտների ընդամենը 6,8%-ը, ընթերցանությունից՝ 4,8%-ը, իսկ բնագիտությունից՝ 6,4%-ը։

Եվրամիության երկրների դպրոցներում սովորող աշակերտների զգալի մասը չի հասնում նվազագույն կարողունակության մակարդակին։

Եվրահանձնաժողովի տվյալներով՝ 2015 թվականից ի վեր նվազագույն մակարդակը չհաղթահարող աշակերտների մասնաբաժինը ԵՄ-ում աճել է բոլոր երեք ուղղություններով։ Միաժամանակ նվազել է բարձրագույն արդյունքների հասնող աշակերտների մասնաբաժինը։ Այն, որ ԵՄ երկրներում սովորող յուրաքանչյուր 3 աշակերտից 1-ը չի հաղթահարում ընթերցանության կամ մաթեմատիկայի նվազագույն շեմը, հատկապես մտահոգիչ է Եվրամիության՝ մինչև 2030 թվականը սահմանած կրթական նպատակների համատեքստում։ ԵՄ-ն նախատեսում է, որ մաթեմատիկայից, ընթերցանությունից և բնագիտությունից նվազագույն մակարդակին չհասնող աշակերտների մասնաբաժինը յուրաքանչյուր ուղղությամբ չպետք է գերազանցի 15 %-ը, իսկ բարձրագույն արդյունքներ ունեցողներինը՝ 12 %–ը։ Մինչդեռ, այժմ գերազանցում է 30 % –ը։

PISA 2025-ի արդյունքներով ԵՄ-ն չի հասնում մինչև 2030 թվականը սահմանած նպատակներից որևէ մեկին։ Ավելին՝ Եվրահանձնաժողովի պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ անդամ պետություններից ոչ մեկը չի հասնում բարձր առաջադիմության 12% նպատակին ընթերցանությունից կամ բնագիտությունից, իսկ մաթեմատիկայից այդ ցուցանիշին հասնում են ընդամենը երկու երկիր՝ էստոնիան և Նիդերլանդները։

Այսպիսով, խնդիրը միայն ցածր առաջադիմություն ունեցող աշակերտների մեծ թիվը չէ։ ԵՄ-ն միաժամանակ բախվում է բարձր առաջադիմության ցուցանիշների նվազմանը։

Խնդիրներ

PISA 2025-ի արդյունքների վերլուծության մեջ Եվրահանձնաժողովն առանձնացրել է արդյունքների հետ կապված մի շարք խնդիրներ։

Թվային սարքեր․ ԵՄ աշակերտների մեկ երրորդը դասերի ընթացքում հաճախ շեղվում է թվային սարքերի պատճառով

Արհեստական բանականություն․ աշակերտների մեկ երրորդը հաճախ օգտագործում է ԱԲ՝ հանձնարարված տեքստերն ամփոփելու համար, ինչը կարող է սահմանափակել ինքնուրույն մտածողությունը

Ծնողների ներգրավվածության պակաս․ երեխաների ուսումնառությամբ հետաքրքրվող ծնողների մասնաբաժինը 2022-ի 66%-ից նվազել է մինչև 57%

Ուսուցիչների պակաս․ ԵՄ աշակերտների 40%-ը սովորում է ուսուցիչների էական պակաս ունեցող դպրոցներում։

PISA-ի արդյունքնեը ցույց են տալիս աշակերտների առաջադիմության և թվային սարքերի օգտագործման միջև առկա կապերը, սակայն, դրանց հիման վրա հնարավոր չէ միանշանակ սահմանել արդյունքների անկման պատճառները։ Նույնը վերաբերում է արհեստական բանականության օգտագործմանը։ Կարևոր է հաշվի առնել, թե ինչպես և ինչ նպատակով են աշակերտները այն օգտագործում․ այն աջակցո՞ւմ է ուսումնառությանը և նպաստում է նյութի հեշտ ընկալմանը, թե՞ նվազեցնում է ինքնուրույն մտածելու և առաջադրանքները սեփական ուժերով կատարելու անհրաժեշտությունը։

ՏՀԶԿ-ի՝ սեպտեմբերի 8-ի հաղորդագրությունը ևս ընդգծում է, որ թվային գործիքները պետք է օգտագործվեն հստակ կրթական նպատակներով և չափավոր։ Հետազոտության համաձայն՝ չափազանց ինտենսիվ օգտագործումը և դպրոցում ժամանցային նպատակներով սարքերի կիրառումը փոխկապակցված են ավելի ցածր արդյունքների հետ։

Եվրահանձնաժողովի պաշտոնական արձագանքը

PISA 2025-ի արդյունքների հրապարակումից մոտ մեկ ամիս անց՝ հոկտեմբերի 5-ին, Եվրահանձնաժողովը ներկայացրեց ԵՄ մակարդակով իր առաջին վերլուծությունը։

Եվրահանձնաժողովը հայտարարեց, որ PISA հետազոտությամբ ի հայտ եկած նոր տվյալները պետք է հիմք դառնան առաջիկա կրթական քաղաքականության մշակման համար։

Եվրոպական հանձնաժողովի գործադիր փոխնախագահ, սոցիալական իրավունքների և հմտությունների հարցերով պատասխանատու Ռոքսանա Մինզատուն հայտարարեց, որ Եվրահանձնաժողովի առաջիկա կրթական փաթեթը պետք է անդամ պետություններին օգնի աջակցել ուսուցիչներին, ամրապնդել աշակերտների հիմնարար կարողունակությունները և կրթական համակարգերը պատրաստել արհեստական բանականության դարաշրջանին։

Եվրահանձնաժողովը PISA 2025-ի արդյունքների հրապարակումից հետո կրթական խնդիրները կապել է ոչ միայն դպրոցների, այլև ԵՄ տնտեսական մրցունակության, սոցիալական համախմբվածության և երկարաժամկետ կայունության հետ։ Հանձնաժողովի գնահատմամբ՝ հիմնարար կարողունակությունների շարունակական անկումը վտանգում է ԵՄ ապագա մրցունակությունն ու սոցիալական դիմակայունությունը։

Այս արձագանքը կարևոր է նաև այն պատճառով, որ Եվրահանձնաժողովը ներկայացրել է ոչ միայն առկա խնդիրները, այլև նշել դրանց լուծմանն ուղղված հաջորդ քաղաքական գործընթացը՝ 2026 թվականի նոյեմբերի կրթական փաթեթը։

2026 թվականի հոկտեմբերի 8-ին՝  արդյունքների հրապարակումից մեկ ամիս անց, Եվրախորհրդարանը 443 կողմ, 98 դեմ և 47 ձեռնպահ ձայներով ընդունեց բանաձև՝ նվիրված «Եվրոպական դպրոցների դաշինքներ» փորձնական նախաձեռնությանը։ Բանաձևով նախատեսվում է ընդլայնել ԵՄ տարբեր երկրների դպրոցների համագործակցությունը, խթանել նորարարական դասավանդման մեթոդների կիրառումը և զարգացնել աշակերտների քաղաքացիական, ժողովրդավարական ու քննադատական մտածողության կարողունակությունները։

Եվրախորհրդարանը կոչ է արել ապահովել նաև սոցիալապես անբարենպաստ պայմաններում գործող դպրոցների մասնակցությունը, նվազեցնել մասնակից դպրոցների վարչական բեռը՝ պարզեցնելով ընթացակարգերը, սահմանելով հաշվետվությունների ներկայացման համաչափ պահանջներ և դպրոցների, կրթության կառավարման մարմինների ու տեղական կառույցների համար ապահովելով հստակ, գործնական ուղեցույցներ, ինչպես նաև սահմանել նախաձեռնության արդյունքների գնահատման հստակ չափանիշներ։

Նախապատրաստվող փոփոխություններ

Դեռևս 2026 թվականի հուլիսի 30-ին Եվրահանձնաժողովը հանրային խորհրդակցություն էր սկսել «Կրթական միջոցառումների փաթեթ» նախաձեռնության վերաբերյալ։ Փաստաթղթում նշված է երեք հիմնական խնդիր՝ հիմնարար կարողունակությունների անկում, ուսուցիչների աճող պակաս և թվային կրթական ենթակառուցվածքների արդիականացման անհրաժեշտություն։

Խորհրդակցությանը հրավիրվել էին դպրոցների ղեկավարները, ուսուցիչները, կրթության կառավարման մարմինները, հետազոտողները, հասարակական կազմակերպությունները և ոլորտի այլ ներկայացուցիչներ։ Առաջարկությունների ներկայացման վերջնաժամկետը սեպտեմբերի 8-ն էր՝ PISA 2025-ի արդյունքների հրապարակման օրը։ Սա նշանակում է, որ կրթական փաթեթի նախապատրաստումը սկսվել էր մինչև PISA-ի նոր արդյունքների հրապարակումը։ Սակայն հոկտեմբերի 5-ին Եվրահանձնաժողովը հաստատեց, որ PISA 2025-ի վերլուծությունը նույնպես օգտագործվելու է նոր փաթեթի մշակման համար։

Աջակցություն ցածր առաջադիմությամբ աշակերտներին

Նոր փաթեթի առաջին ուղղությունը վերաբերում է հիմնարար կարողունակությունների անկմանը։ Եվրահանձնաժողովը նախատեսում է աջակցել անդամ պետություններին ուսումնական արդյունքների բարելավմանն ուղղված միջոցառումների իրականացման գործում՝ առանձնացնելով սոցիալապես անբարենպաստ պայմաններում ապրող աշակերտներին։

Նախապատրաստական փաստաթղթում նշված է մի քանի հնարավոր գործիք՝ լրացուցիչ անհատական կամ փոքր խմբերով ուսուցում, հետազոտական ապացույցների վրա հիմնված դասավանդման մեթոդներ, ուսուցիչների պատրաստվածության բարելավում և թվային կրթական գործիքների նպատակային օգտագործում։ Այսպիսով, Եվրահանձնաժողովը նախատեսում է ոչ միայն սահմանել կրթական նպատակներ, այլև աջակցել դրանց հասնելու համար կիրառվող կոնկրետ մանկավարժական միջամտություններին։

Այս միջոցառումների վերջնական բովանդակությունն ու իրականացման մեխանիզմները պետք է հաստատվեն փաստաթղթի ընդունումից հետո։

Լուսանկարը՝ Եվրոպական կրթական հարթակի էջից 

Ուսուցիչների աշխատանքային պայմաններ և գրավչություն

Նոր կրթական փաթեթի երկրորդ բաղադրիչը նախատեսվող ուսուցիչների և դասավանդողների օրակարգն է։ Դրա նպատակը ուսուցիչների պակասին հակազդելն է՝ մասնագիտական զարգացման հնարավորությունների, աշխատանքային պայմանների և կարիերայի հեռանկարների բարելավման միջոցով։

Այս ուղղության անհրաժեշտությունը Եվրահանձնաժողովը հիմնավորում է նաև 2026 թվականի հունիսի 11-ին հրապարակված՝ ուսուցչական մասնագիտության վերաբերյալ համեմատական հետազոտությամբ, որը հիմնված է Ուսուցման և ուսուցիչների միջազգային հետազոտության 2024 թվականի՝ TALIS 2024 ուսումնասիրության արդյունքների վրա։ Հետազոտության համաձայն՝ ուսումնասիրված ԵՄ երկրների ուսուցիչների շուրջ 40%-ը 50 տարեկան կամ ավելի բարձր տարիքի է, իսկ մինչև 30 տարեկան ուսուցիչները կազմում են ընդամենը 8%։

Հետազոտությունը մատնանշում է նաև մասնագիտական պատրաստվածության բացեր։ Ուսուցիչները համեմատաբար քիչ պատրաստված են զգում բազմամշակութային դասարաններում աշխատելու, աշակերտների սոցիալ-հուզական զարգացմանն աջակցելու և թվային գործիքներ կիրառելու հարցերում։

Հետազոտությունն անդրադառնում է նաև վարչական ծանրաբեռնվածությանը, դասարանում կարգապահությանը և աշակերտների վարքագծի հետ կապված դժվարություններին։

Այս տվյալները կարևոր են, քանի որ Եվրահանձնաժողովի նախատեսվող քայլերը հիմնավորվում են ոչ միայն PISA 2025-ի արդյունքներով, այլև ուսուցիչների աշխատանքային պայմանների վերաբերյալ առանձին միջազգային հետազոտությամբ։

Թվային կրթություն և արհեստական բանականություն

Կրթական փաթեթի երրորդ ուղղությունը վերաբերում է թվային կրթական ենթակառուցվածքներին։ Եվրահանձնաժողովի նախապատրաստական փաստաթղթում շեշտադրվում են թվային կրթության հասանելիությունը, ներառականությունը, տեխնոլոգիական ինքնիշխանությունը և արհեստական բանականության դարաշրջանում մարդու ինքնուրույն որոշումներ կայացնելու կարողության պահպանումը։

Սա հատկապես կարևոր է PISA 2025-ի այն արդյունքների համատեքստում, որոնք ուշադրություն են հրավիրում թվային շեղումների և արհեստական բանականության ոչ քննադատական օգտագործման վրա։

Սակայն թվային կրթության ոլորտում Եվրամիությունն արդեն ձեռնարկել է որոշ քայլեր։ 2026 թվականի հունիսի 18-ին Եվրահանձնաժողովը և ՏՀԶԿ-ն ներկայացրել են փաստաթուղթը, որը ներառում է 19 կարողունակություն՝ խմբավորված չորս ուղղություններում։ Դրանք վերաբերում են արհեստական բանականության հետ փոխգործակցությանը, դրա միջոցով ստեղծագործելուն, դրա կիրառումը կառավարելուն և տեխնոլոգիայի զարգացման վերաբերյալ գիտակցված դիրքորոշում ձևավորելուն։ Այն նախատեսված է ուսուցիչների, դպրոցների ղեկավարների, կրթական ծրագրեր մշակողների և կրթական քաղաքականության պատասխանատուների համար։ Այն ուղեկցվում է դասարանում կիրառման օրինակներով։

Չկարգավորված խնդիր

Եվրահանձնաժողովի տվյալներով՝ դեռահասների 68%-ն արդեն օգտագործում է արհեստական բանականություն, մինչդեռ կրթական համակարգերում դրա արդյունավետ և պատասխանատու կիրառման միասնական մոտեցումները հաճախ դեռ մշակման փուլում են։

Այս նախաձեռնությունը կյանքի է կոչվել է մինչև PISA 2025-ի արդյունքների հրապարակումը։ Հետևաբար, այն նոր արդյունքներին անմիջական արձագանք չէ, բայց Եվրահանձնաժողովն արդեն այն ներկայացնում է որպես կրթության թվային վերափոխմանն ուղղված քաղաքականության բաղադրիչ։

PISA 2025-ի արդյունքների հրապարակումից հետո Եվրահանձնաժողովը ներկայացրել է նաև թվային կրթության և արհեստական բանականության վերաբերյալ նոր հետազոտություններ, որոնք օգտագործվելու են առաջիկա կրթական փաթեթի մշակման ընթացքում։

Հետազոտության մեջ ներկայացված Eurostat-ի տվյալներով՝ 2025 թվականին ԵՄ 16–24 տարեկան երիտասարդների շուրջ 40%-ն օգտագործել է գեներատիվ արհեստական բանականություն ֆորմալ կրթության նպատակներով։

Հետազոտության կարևոր եզրահանգումներից մեկն այն է, որ արհեստական բանականության միջոցով առաջադրանքի ավելի լավ կատարումը պարտադիր չէ, որ նշանակի ավելի լավ ուսումնառություն։

ԵՄ վերաբերմունքը՝ PISA 2025-ին

2026 թվականի սեպտեմբերի 8-ից մինչև հոկտեմբերի 28-ը ԵՄ մակարդակով տեղի ունեցած զարգացումները թույլ են տալիս առանձնացնել մի քանի հաստատված փաստ։ Եվրահանձնաժողովը հրապարակել է PISA 2025-ի արդյունքների հատուկ վերլուծությունը՝ փաստելով հիմնարար կարողունակությունների շարունակական անկումը և 2030 թվականի նպատակներից զգալի հեռավորությունը։

Հանձնաժողովը հրապարակայնորեն արձագանքել է արդյունքներին՝ առանձնացնելով ուսուցիչների աջակցության, հիմնարար հմտությունների և արհեստական բանականության դարաշրջանին կրթության պատրաստվածության խնդիրները։

Լուսանկարը՝ Եվրոպական կրթական հարթակի էջից 

PISA 2025-ի արդյունքների հրապարակումից երկու շաբաթ անց՝ սեպտեմբերի 22–23-ին, Բրյուսելում պաշտոնապես մեկնարկել է Գրագիտության եվրոպական կոալիցիան։

Կոալիցիան միավորում է կրթական, հետազոտական, մշակութային և հասարակական կազմակերպություններին՝ նպատակ ունենալով զարգացնել գրագիտությունը, տարածել արդյունավետ մանկավարժական փորձը և աջակցել դպրոցներին ու ուսուցիչներին։ Դրա գործունեությունը ներառում է նաև թվային միջավայրում տեղեկատվությունը հասկանալու և գնահատելու կարողությունների զարգացումը։

Եվրոպական գրագիտության կոալիցիայի մեկնարկի ընթացքում Եվրահանձնաժողովի կրթության, երիտասարդության, սպորտի և մշակույթի գլխավոր տնօրենի տեղակալ Նորմունդս Պոպենսը հայտնել է Եվրամիության աջակցությունը նախաձեռնությանը՝ նշելով, որ ԵՄ-ն իր գործունեության ընթացքում առաջնորդվելու է Վարշավյան հուշագրով։

Եվրահանձնաժողովի ներկայացուցիչ Դիանա Յաբկոնսկան, անդրադառնալով PISA-ի մտահոգիչ արդյունքներին, ընդգծել է, որ կոալիցիայի ստեղծումը հատկապես ժամանակին է, և դրա ձայնը լսելի կլինի։ Նա հավաստիացրել է, որ Եվրամիությունը կաջակցի նախաձեռնության աշխատանքներին՝ նպաստելով առավել արդյունավետ փորձի տարածմանն ու ընդլայնմանը։

Սակայն նախաձեռնությունը նոր է մեկնարկել, և դրա ազդեցությունը աշակերտների ուսումնառության արդյունքների վրա դեռ չափված չէ։

Նոր արդյունքներից հետո հաստատված հիմնական փոփոխությունն այն է, որ Եվրահանձնաժողովը PISA 2025-ի տվյալները ներառել է առաջիկա կրթական քաղաքականության հիմնավորման մեջ և հայտարարել դրանց հիման վրա անդամ պետությունների արձագանքն արագացնելու մտադրության մասին։

Իսկ թե այդ արձագանքը որքանով կվերածվի նոր ֆինանսավորվող ծրագրերի, դպրոցներում կիրառվող միջոցառումների և աշակերտների ուսումնառության չափելի բարելավման, պարզ կլինի հետագա որոշումներից ու դրանց իրականացման վերաբերյալ հաշվետվություններից։

Լիլիթ Ավագյան

ՄՀԿ ՀԿ համահիմնադիր

Ստոկհոլմի Վալդորֆյան դպրոցի ուսուցիչ

Ստոկհոլմի համալսարանի միջազգային և

համեմատական կրթության ֆակուլտետի մագիստրոս

mediaforedu.am

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *