2027 թվականից կդադարեցվի գյուղատնտեսական վարկերի սուբսիդավորումը․ ում է վերաբերում

Written by

in

ՀՀ կառավարության նոյեմբերի 12-ի նիստի օրակարգում ընդգրկված է նախագիծ, որով առաջարկվում է 2027 թվականի հունվարի 1-ից դադարեցնել ագրոպարենային ոլորտի տնտեսավարողներին տրամադրվող գյուղատնտեսական փոքր վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագիրը։

Ինչպես տեղեկացնում է կայքը այդ նպատակով նախատեսվում է Կառավարության 2026 թվականի ապրիլի 9-ի N 468-Լ որոշմամբ հաստատված ծրագրի գործողության ժամկետը սահմանափակել 2026 թվականով։ Նախագծով առաջարկվում է նաև վարկային պայմանագրերի կնքման վերջնաժամկետ սահմանել 2026 թվականի դեկտեմբերի 30-ը ներառյալ։

Նախագծի հիմնավորման համաձայն՝ փոփոխության անհրաժեշտությունը պայմանավորված է վարչապետի մոտ 2026 թվականի սեպտեմբերի 17-ին կայացած խորհրդակցության արդյունքում տրված հանձնարարականով։ Դրանով նախատեսվել է միջոցներ ձեռնարկել 2027 թվականի հունվարի 1-ից գյուղատնտեսական փոքր վարկերի տոկոսների սուբսիդավորումը դադարեցնելու ուղղությամբ։

Ծրագրի շրջանակում տրամադրվել է ավելի քան 47 մլրդ դրամի վարկ

Էկոնոմիկայի նախարարության ներկայացրած տվյալներով՝ ագրոպարենային ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագրի շրջանակում, 2026 թվականի սեպտեմբերի 30-ի դրությամբ, տրամադրվել է 26 841 վարկ՝ ընդհանուր շուրջ 47.74 մլրդ դրամի չափով։

Ներկայումս գործող կարգավորմամբ ծրագիրը նախատեսված է 2026-2027 թվականների համար։ Նախագծով առաջարկվում է դրա իրականացման ժամանակահատվածը սահմանափակել միայն 2026 թվականով։

Վարկային պայմանագրերի կնքման վերջնաժամկետը կլինի դեկտեմբերի 30-ը

Նախագծով նախատեսվում է նաև հստակեցնել ֆինանսական կառույցի և շահառուի միջև վարկային պայմանագրի կնքման վերջնաժամկետը։

Մասնավորապես, առաջարկվում է սահմանել, որ վարկային պայմանագիրը պետք է կնքվի մինչև 2026 թվականի դեկտեմբերի 30-ը ներառյալ։

Այսպիսով, ծրագրի շրջանակում վարկային պայմանագրեր կնքելու հնարավորությունը կսահմանափակվի նշված ժամկետով, իսկ 2027 թվականից ծրագիրը չի գործի։

Փոփոխությունը պետական բյուջեի ծախսերի փոփոխություն չի ենթադրում

Նախագծի հիմնավորման համաձայն՝ առաջարկվող փոփոխության ընդունումը 2026 թվականի պետական բյուջեում եկամուտների կամ ծախսերի փոփոխություն չի նախատեսում։

Նախագիծը մշակել է ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը։ Դրա ընդունման արդյունքում, ըստ հիմնավորման, կհստակեցվեն ծրագրի իրականացման և վարկային պայմանագրերի կնքման ժամկետները։

Նշենք, որ նախագիծը դեռևս առաջարկի փուլում է։ Այն ընդունվելու դեպքում ուժի մեջ կմտնի պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից,-տեղեկացնում է կայքը։

 

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *