«Ամբիոն նյուզ»-ի հարցերին պատասխանում է ՆԳՆ քրեական ոստիկանության գլխավոր վարչության կիբեռհանցագործությունների դեմ պայքարի բաժնի պետ Հայկ Մկրտչյանը
-Պարո՛ն Մկրտչյան, ինչպե՞ս է գործում ֆիշինգը, ի՞նչ մեխանիզմներով են այսօր կիբերհանցագործները փորձում խաբել քաղաքացիներին, և ֆիշինգի ո՞ր տեսակներն են ներկայում առավել տարածված ու արդիական։
– Ֆիշինգը կիբեռհանցագործության տարածված տեսակ է, որի միջոցով հանցագործները խաբեության, մոլորեցնելու և սոցիալական ինժեներիայի մեթոդների կիրառմամբ, ներկայանալով բանկերի, պետական մարմինների, առաքման ծառայությունների կամ այլ վստահություն վայելող կազմակերպությունների ներկայացուցիչներ, հանցավոր նպատակներով հաշիվներ գրավելու կամ դրամական միջոցներ հափշտակելու նպատակով կեղծ էլեկտրոնային նամակներ, SMS հաղորդագրություններ, հեռախոսազանգեր, սոցիալական ցանցերի հաշիվներ և առցանց հարթակներ օգտագործելով, ինչպես նաև ստեղծելով հաշվի առգրավման, չվավերացված սարքի, առցանց առևտրի, իրականությանը չհամապատասխանող գրավիչ շահումների կամ ներդրումային բարձր եկամտաբերության վերաբերյալ կեղծ իրավիճակներ քաղաքացիներին ուղղորդում են պաշտպանական կայքերին արտաքինից նմանակող ֆիշինգային էջեր, որտեղ վերջիններս մուտքագրում են իրենց անձնական տվյալները, բանկային քարտերի տվյալները, էլեկտրոնային փոստի և սոցիալական ցանցերի հաշիվների մուտքանուններն ու գաղտնաբառերը, ինչպես նաև այլ տվյալներ։
Ներկայումս առավել տարածված են էլեկտրոնային փոստի և SMS հաղորդագրությունների միջոցով իրականացվող ֆիշինգները, հանցավոր զանգերի կենտրոնների կողմից իրականացվող խարդախությունները, սոցիալական ցանցերի և առցանց առևտրի հարթակներում կիրառվող խաբեության մեխանիզմները, ինչպես նաև կեղծ ներդրումային և կրիպտոարժութային հարթակների միջոցով իրականացվող խարդախ սխեմաները։
– Ինչպե՞ս պետք է քաղաքացիները պաշտպանեն իրենց անձնական և ֆինանսական տվյալները։ Իսկ եթե, այնուամենայնիվ, քաղաքացին արդեն դարձել է ֆիշինգի զոհ, ի՞նչ քայլեր պետք է ձեռնարկի առաջին հերթին։
– Առանձնահատուկ վտանգ են ներկայացնում նաև պետական մարմինների կամ ֆինանսական կազմակերպությունների անունից ուղարկվող կեղծ հաղորդագրությունները, այդ թվում՝ տուգանքների վճարման կամ բանկային գործարքների հաստատման վերաբերյալ հաղորդագրությունները, որոնք կարող են պարունակել ֆիշինգային հղումներ կամ QR կոդեր։
Քաղաքացիների անձնական և ֆինանսական տվյալների պաշտպանությունն ապահովելու և կիբեռհանցագործությունները կանխարգելելու նպատակով անհրաժեշտ է պահպանել կիբեռհիգիենայի կանոնները, մասնավորապես՝ առցանց հաղորդակցման ընթացքում ցուցաբերել զգուշություն, չանցնել կասկածելի հղումներով և չներբեռնել անհայտ աղբյուրներից ստացված ֆայլեր։ Անձնական հաղորդագրություն ուղարկողի կամ հեռախոսազանգ կատարողի ինքնությունից, այդ թվում՝ երբ նա ներկայանում է որևէ կազմակերպության աշխատակից, անհրաժեշտ է չտրամադրել անձնական և բանկային տվյալներ, գաղտնաբառեր, բանկային քարտի CVV կոդեր և մեկանգամյա հաստատման կոդեր։ Կասկածելի հաղորդագրություններ, հեռախոսազանգեր կամ վճարման պահանջներ ստանալու դեպքում խորհուրդ է տրվում ստուգել դրանց իսկությունը՝ դիմելով համապատասխան կազմակերպության պաշտոնական կայքում կամ այլ վստահելի աղբյուրներում հրապարակված կոնտակտային տվյալներով։
Միաժամանակ խորհուրդ է տրվում յուրաքանչյուր առանձին հաշվի համար օգտագործել բարդ գաղտնաբառ, ակտիվացնել երկկողմանի անվտանգությունը, ինչպես նաև պարբերաբար թարմացնել սարքերի օպերացիոն համակարգերն ու ծրագրային ապահովումը։ Բանկային գործարքների նկատմամբ մշտական վերահսկողությունը և հնարավորություն է տալիս ժամանակին հայտնաբերել կասկածելի գործողությունները և նվազեցնել հնարավոր ռիսկերը։
Եթե քաղաքացին դարձել է ֆիշինգի զոհ կամ կասկածում է, որ բանկային քարտի կամ հաշվի տվյալները վտանգված են, ապա անհրաժեշտ է անմիջապես կապ հաստատել բանկի հետ, արգելափակել քարտը կամ սահմանափակել համապատասխան գործարքների իրականացումը, իսկ չարտոնված փոխանցումների առկայության դեպքում՝ պահանջել դրանց վերաբերյալ համապատասխան միջոցների ձեռնարկում, իսկ փոխանցման կատարման պարագայում անհրաժեշտ է հնարավորինս արագ տեղեկացնել բանկին՝ փորձելով կանխել գործարքը կամ ձեռնարկել միջոցներ փոխանցված գումարի վերադարձի համար։Միաժամանակ, կիբեռհանցագործության որևէ դեպքի կամ կասկածի պարագայում կարևոր է պահպանել հնարավոր բոլոր ապացույցները, մասնավորապես՝ կասկածելի հաղորդագրությունները, հեռախոսահամարները, էլեկտրոնային նամակները, հղումները, էկրանապատկերները, բանկային կամ կրիպտոարժութային գործարքների փոխանցման տվյալներն ու անդորրագրերը, որոնք կարող են էական նշանակություն ունենալ դեպքի հանգամանքները պարզելու և հանցագործության բացահայտման համար։ Կիբեռհանցագործության զոհ դառնալու կամ նման դեպքի կասկած ունենալու դեպքում անհրաժեշտ է հնարավորինս սեղմ ժամկետում դիմել իրավապահ մարմիններին՝ ներկայացնելով դեպքի վերաբերյալ տեղեկություններ և ապացույցներ։
– Երեխաների և մեծահասակների շրջանում կիբեռանվտանգության ապահովումը կարծես դարձել է առավել կարևոր խնդիր։ Ձեր կարծիքով՝ ո՞րն է այն ամենակարևոր կանոնը կամ խորհուրդը, որը պետք է իմանա յուրաքանչյուր մարդ՝ կիբեռհանցագործություններից պաշտպանվելու համար։
-Կիբեռհանցագործությունները հաճախ գործում են ոչ այնքան տեխնիկական խոցելիությունից, որքան մարդկային զգոնությունից՝ վախից, շտապողականությունից, հետաքրքրությունից կամ արագ շահույթ ստանալու ցանկությունից, որի վտանգը վերաբերում էր բոլոր տարիքային խմբերին։
Միաժամանակ կիբեռհանցագործությունների շրջանակում երեխաները կարող են թիրախավորվել առցանց խաղերի, սոցիալական ցանցերի և կեղծ մրցույթների միջոցով, իսկ մեծահասակները՝ բանկային խարդախությունների, կեղծ ներդրումային առաջարկների և ֆիշինգային հաղորդագրությունների տարածման եղանակով։ Ժամանակակից տեխնոլոգիաները, այդ թվում՝ արհեստական բանականությունը, հնարավորություն են տալիս ավելի համոզիչ դարձնել խաբեությունը, ինչի հետևանքով նույնիսկ տեխնոլոգիաներին լավ տիրապետող անձը կարող է դառնալ հանցագործության զոհ։ Երեխաների առցանց անվտանգության ապահովման նպատակով կարևոր է վերահսկել նրանց կողմից համացանցային հարթակների և առցանց խաղերի օգտագործումը, պարբերաբար հետևել նրանց թվային շփումներին և կիրառել ծնողական վերահսկողության գործիքներ։ Կիբեռբուլինգի, շահարկման կամ անձնական տվյալների կորզման կասկածի դեպքում անհրաժեշտ է անհապաղ դիմել իրավասու մարմիններին՝ երեխաների իրավունքները պաշտպանելու և հնարավոր վնասները կանխելու համար։
Հանցագործության զոհ չդառնալու ամենակարևոր սկզբունքներն են՝ նախքան որևէ գործողություն կատարելը զգոնությունը ու ցանկացած կասկածելի տեղեկատվության ստուգումը, անհայտ հղումներ բացելուց խուսափելը, գաղտնաբառեր կամ հաստատման կոդեր չտրամադրելը, ստուգել հաղորդագրություն ուղարկողի ինքնությունը և կասկածի դեպքում պաշտպանական միջոցներով կապ հաստատել համապատասխան կազմակերպության հետ, իսկ երեխաների պարագայում թվային գրագիտությունը զարգացնելու և այնպիսի միջավայր ստեղծելու գործում կարևոր է նաև ծնողների և ուսուցիչների դերը, որտեղ երեխաները կարող են ազատորեն հայտնել առցանց հանդիպած վտանգների մասին:
– Ի՞նչ մեխանիզմներ և տեխնիկական գործիքներ են այսօր գործում կիբեռհանցագործությունների բացահայտման ուղղությամբ։ Որքանո՞վ է զարգացած ՆԳՆ-ի կարողությունը՝ հետևելու կիբեռհանցագործների գործողություններին և հայտնաբերելու նրանց
-Կիբեռհանցագործությունների բացահայտումը պահանջում է համակցված մոտեցում՝ ներառելով մասնագիտացված տեխնիկական գործիքների կիրառում, մասնագիտացված աշխատակիցների ներգրավում, օպերատիվ-հետախուզական միջոցառումների իրականացում, թվային ապացույցների վերլուծություն և միջազգային համագործակցություն:
– Ըստ ՆԳՆ-ի վերջին վիճակագրության՝ 2026 թվականի առաջին կիսամյակում Հայաստանում գրանցված հանցագործությունների թիվը նվազել է 0.3 տոկոսով, իսկ հանցագործություն կատարած անձի հայտնի լինելու հիմքով բացահայտման ցուցանիշը հասել է 73.5 տոկոսի։ Ո՞ր ուղղություններով է հատկապես արձանագրվել այս փոփոխությունը, և ո՞րն է ՆԳՆ-ի ու ոստիկանության գլխավոր դերակատարությունն այս ցուցանիշների ապահովման գործում։
-Կիբեռհանցագործությունների բացահայտման արդյունավետությունը մեծապես պայմանավորված է մասնագիտացված ստորաբաժանումների մասնագիտական պատրաստվածությամբ, տեխնիկական հագեցվածությամբ, տեղեկատվության արագ հասանելիությամբ և միջազգային համագործակցության արդյունավետությամբ, որի ուղղությամբ կարողությունների շարունակական զարգացումը կարևոր առաջնահերթություն է՝ հաշվի առնելով կիբեռհանցագործությունների մեթոդների արագ փոփոխությունը, արհեստական բանականության կիրառումը և հանցավոր խմբերի կողմից տարբեր երկրների ու թվային ծառայությունների օգտագործումը:-Այսօր արհեստական բանականության զարգացմանը զուգահեռ կիբերհանցագործներն ավելի կատարելագործված մեթոդներ են կիրառում՝ ստեղծելով կեղծ կայքեր, հաղորդագրություններ, ձայնագրություններ,լուսանկարներ և նույնիսկ տեսանյութեր։ Որքանո՞վ է սա նոր մարտահրավեր Հայաստանի համար, և ի՞նչ պետք է իմանա քաղաքացին,որպեսզի կարողանա տարբերակել իրական տեղեկատվությունը կեղծիքից։
– Արհեստական բանականության զարգացումը կիբեռհանցագործությունների ոլորտում նոր մարտահրավեր է ոչ միայն Հայաստանի Հանրապետության, այլև ամբողջ աշխարհի համար: Եթե նախկինում նման հանցագործություններ իրականացնելու համար հաճախ պահանջվում էին որոշակի տեխնիկական գիտելիքներ և մասնագիտական հմտություններ, ապա ներկայումս արհեստական բանականության գործիքները զգալիորեն նվազեցրել են այդպիսի գործողությունների իրականացման տեխնիկական շեմը՝ հնարավորություն տալով նույնիսկ սահմանափակ տեխնիկական գիտելիքներ ունեցող անձանց ստեղծել համոզիչ կեղծ կայքեր, հաղորդագրություններ, լուսանկարներ, ձայնագրություններ և տեսանյութեր: Դրանք կարող են օգտագործվել խարդախություններ իրականացնելու, քաղաքացիներին ծանոթ անձանց, պետական մարմինների կամ ֆինանսական կազմակերպությունների ներկայացուցիչներին նմանակելու, ինչպես նաև սոցիալական ցանցերում կեղծ տեղեկատվություն տարածելու և հանրային վստահությունը խաթարելու նպատակով:
Արհեստական բանականության միջոցով ստեղծված կամ փոփոխված նյութերը իրական բովանդակությունից տարբերակելու նպատակով անհրաժեշտ է բարձրացնել քաղաքացիների մեդիագրագիտության մակարդակը, իրականացնել հանրային իրազեկման միջոցառումներ և զարգացնել իրավապահ մարմինների մասնագիտական ու տեխնիկական կարողությունները։
ՀՀ ՆԳՆ ոստիկանության Քրեական ոստիկանության գլխավոր վարչության Կիբեռհանցագործությունների դեմ պայքարի վարչությունը իր հերթին քաղաքացիներին ներկայացնում տարածված կիբեռհանցատեսակների վերաբերյալ իրազեկելու և անհրաժեշտ աջակցություն տրամադրելու նպատակով «Telegram» հեռահաղորդակցման համակարգում վարում է «Կիբեռոստիկանություն» /cyberpolice_arm/ պաշտոնական ալիքը, ինչպես նաև ՀՀ ՆԳՆ նախարարության պաշտոնական «YouTube»-յան հարթակում տեղադրվում է «Կիբեռոստիկանություն» հաղորդաշարը, որի նպատակն է հանրության լայն շրջանակներին իրազեկել կիբեռհանցատեսակների և հանցագործությունների կողմից կիրառվող մեթոդների ու մեխանիզմների վերաբերյալ։ Միաժամանակ տեղեկացնում եմ, որ ՀՀ ՆԳՆ ոստիկանության Քրեական ոստիկանության գլխավոր վարչության Կիբեռհանցագործությունների դեմ պայքարի վարչությունում գործում է թեժ գիծ՝ 011-525252 հեռախոսահամարով։
Անաստասիյա Հարությունյան
Leave a Reply