ՀՀ աշխատանքի և բարեկեցության նախարար Արսեն Թորոսյանը նոյեմբերի 10-ին հայտարարել էր, որ թաղման նպաստի վճարման կարգը չի փոխվելու։
Iravaban.net–ի փոխանցմամբ՝ Աշխատանքի և բարեկեցության նախարարությունն ավելի վաղ նախագիծ էր ներկայացրել, որով առաջարկում էր թաղման նպաստը տրամադրել մի քանի խմբերի՝ այդ թվում կենսաթոշակառուների և որոշ նպաստառուների մահվան դեպքում, փոխարենը հատկացվող գումարներն ուղղել կենսաթոշակների բարձրացմանը: Նախատեսվում էր նվազագույն կենսաթոշակը բարձրացնել 1000 դրամով։
Iravaban.net–ի հետ զրույցում ՀՀ աշխատանքի և բարեկեցության նախարարի մամուլի խոսնակ Նվեր Կոստանյանը պարզաբանել է, որ թաղման նպաստների վերանայման որոշումից հրաժարվելու հետևանքով կենսաթոշակների բարձրացում նույնպես չի նախատեսվում։
«Քանի որ ի սկզբանե հանրային քննարկման ներկայացված նախագիծը ենթադրում էր, որ թաղման նպաստները պետք է առավել թիրախային դառնային՝ ընդգրկելով միայն սոցիալապես անապահովներին, և դրա արդյունքում բյուջետային միջոցներ կազատվեին, որոշվել էր այդ միջոցներն ուղղել թոշակների բարձրացմանը։ Բայց, քանի որ թաղման նպաստի վճարման կարգում փոփոխությունները չեն արվում, այդ նախաձեռնությունն առաջ չենք տալիս, Ազգային ժողով չենք ուղարկում, բյուջետային միջոցներ ևս չեն ազատվում, ուստի թոշակների ավելացումը ևս չի իրականացվելու»,- նշեց Կոստանյանը՝ հավելելով, որ թաղման նպաստների վճարման կարգն անփոփոխ թողնելու որոշմանը հանգել են՝ հաշվի առնելով նախագծի հանրային քննարկման ժամանակ հնչած հանրային արձագանքները։
Leave a Reply