Ռուսաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ Սերգեյ Լավրովն ու Ջեյհուն Բայրամովը Մոսկվայում ընթացող բանակցությունների ժամանակ քննարկում են տնտեսական և մշակութային-հումանիտար համագործակցությունը, իրավիճակը Հարավային Կովկասում և «3+3» տարածաշրջանային հարթակը։ Այս մասին հայտարարել է ՌԴ արտգործնախարարը։
«Անշուշտ, կխոսենք Հարավային Կովկասում տիրող իրավիճակի մասին։ Ուշադրություն ենք դարձրել «3+3» տարածաշրջանային համագործակցության հարթակի նկատմամբ հետաքրքրության վերադարձին ու աճին»,- նշել է Լավրովը՝ նկատի ունենալով Ռուսաստանի, Ադրբեջանի, Հայաստանի, Իրանի, Թուրքիայի և Վրաստանի մասնակցությամբ խորհրդակցական տարածաշրջանային ձևաչափը։
Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը հստակեցրել է, որ կողմերը նախատեսում են դիտարկել տնտեսական փոխգործակցության ներկա վիճակը՝ հաշվի առնելով ապրիլին կայացած միջկառավարական հանձնաժողովի 24-րդ նիստի արդյունքները, ինչպես նաև մշակութային-հումանիտար նախագծերի հեռանկարները։ Բացի այդ, նախարարները կանդրադառնան ԵԱՀԿ-ի, ՄԱԿ-ի և ԱՊՀ-ի շրջանակներում համագործակցությանը։
Հանդիպման նախօրեին ՌԴ ԱԳՆ-ն հայտնել էր, որ Բայրամովի այցը դիտարկում է երկխոսության շարունակականության համատեքստում և վերահաստատել է Մոսկվայի պատրաստակամությունը՝ աջակցելու Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորմանը, ներառյալ խաղաղության պայմանագրի կնքումը, սահմանների սահմանազատումն ու հաղորդակցությունների ապաշրջափակումը։
Leave a Reply