Ներկայացնում ենք BBC-ի Ռուսական ծառայության Зачем Токаев зовет Россию в тюркский союз и почему ей там не рады հոդվածի հայերեն թարգմանությունը:
Թուրք եւ ադրբեջանցի մեկնաբանները քննադատում են Ռուսաստանին Թյուրքական պետությունների կազմակերպության (ԹՊԿ) աշխատանքներին հրավիրելու Ղազախստանի առաջարկը. նրանք մտավախություն ունեն, որ Մոսկվան կսահմանափակի միավորման ինքնուրույնությունը։ Այլ փորձագետների կարծիքով, Աստանայի ցանկությունը կարող է բացատրվել Թուրքիային հակակշիռ ապահովելու ձգտմամբ։
«Նպատակահարմար առաջարկը»
«Եթե Ռուսաստանը դառնար թյուրքական երկրների կազմակերպության մաս, դա օգուտ կբերեր մեր պետություններին», – հայտարարել է Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաեւը հոկտեմբերի 30-ին Անկարայում կայացած ԹՊԿ գագաթնաժողովին։
Մոսկվային ԹՊԿ աշխատանքներում ընդգրկելու կամ դիտորդի կարգավիճակ տալու իր առաջարկը Տոկաեւը բացատրել է թյուրքական աշխարհի հետ Ռուսաստանի պատմական կապերով եւ նրանով, որ ՌԴ տարածքում բազմաթիվ թյուրքական ժողովուրդներ են ապրում։
Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը կազմակերպության աշխատանքներին Ռուսաստանի հնարավոր մասնակցությունն «նպատակահարմար» է անվանել՝ նշելով, որ պաշտոնական հրավեր Մոսկվան դեռեւս չի ստացել։
Մեծ հավանականությամբ դա ոչ էլ տեղի կունենա. Ադրբեջանում դեմ են արտահայտվել, իսկ Թուրքիան դիվանագիտորեն հիշեցրել է, որ կազմակերպության աշխատանքներին հետեւող հավանական դիտորդները սահմանափակումներ ունեն։
ԹՊԿ-ում ընդգրկված են Թուրքիան, Ադրբեջանը, Ղազախստանը, Ղրղզստանը եւ Ուզբեկստանը։ Միավորումը հիմնվել է 2009 թվականին որպես թյուրքալեզու պետությունների համագործակցության խորհուրդ, իսկ ներկայիս անվանումը ստացել է 2021-ին։ Կազմակերպության քարտուղարությունը գտնվում է Ստամբուլում։
ԹՊԿ-ում դիտորդի կարգավիճակ ունեն Հունգարիան, Թուրքմենստանը եւ միայն Թուրքիայի կողմից ճանաչված Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետությունը։ Որպես դիտորդ ներառված է նաեւ Տնտեսական համագործակցության կազմակերպությունը։
Ընդհանուր լեզվական եւ մշակութային արմատները դարձել են միավորման հիմքը, սակայն օրակարգը վաղուց ներառում է առեւտուրը, ներդրումները, տրանսպորտն ու անվտանգությունը։ ԹՊԿ-ի առաջնահերթություններից է Անդրկասպյան տրանսպորտային միջանցքի զարգացումը, որը Կենտրոնական Ասիայի եւ Հարավային Կովկասի միջով կապում է չինական եւ եվրոպական շուկաները՝ թույլ տալով բեռնափոխադրումներն իրականացնել Ռուսաստանը շրջանցելով։
Ինչո՞ւ է դա պետք Ղազախստանին
Աստանան ձգտում է հավասարակշռել Թուրքիայի ակտիվությունը ԹՊԿ-ի ներսում, քանի որ Անկարան հաճախ առաջ է մղում թեզեր, որոնք չեն համընկնում Կենտրոնական Ասիայի պետությունների առաջնահերթությունների հետ, բացատրում է ղազախ քաղաքագետ Տոլգանայ Ումբետալիեւան։
Օրինակներից մեկը Հյուսիսային Կիպրոսն է։ Թուրքիան ձգտում է ապահովել դրա միջազգային ճանաչումը, իսկ Աստանան պատրաստ չէ աջակցել այդ օրակարգին։ 2025 թվականի մարտին Ղազախստանի եւ Կենտրոնական Ասիայի այլ երկրների ներկայացուցիչները ԵՄ-ի հետ համատեղ կոմյունիկեում վերահաստատել են իրենց հավատարմությունը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձեւերին, որոնք կոչ են անում չճանաչել Հյուսիսային Կիպրոսը։
Ումբետալիեւայի կարծիքով՝ տարածաշրջանի պետությունները ցանկանում են ամրապնդել սեփական միջազգային դիրքերը։ ԹՊԿ-ում Թուրքիայի գերիշխման ուժեղացումը կարող է դժվարացնել այդ խնդիրը, իսկ Ռուսաստանի ներկայությունը թույլ կտա պահպանել հավասարակշռությունը։
Մեկ այլ դրդապատճառ է հանդիսանում ԹՊԿ-ի հանդեպ ՌԴ-ի անվստահության թուլացումը։ Ղազախ քաղաքագետ Ղազիզ Աբիշեւի կարծիքով, Մոսկվայի մասնակցությունը կօգներ ցույց տալ, որ ԹՊԿ-ն ուղղված չէ Ռուսաստանի կամ Չինաստանի դեմ։
Թուրքիայի պատասխանը
Թուրքիայի իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության փոխնախագահ Քյուրշադ Զորլուն, ի պատասխան Տոկաեւի առաջարկի, հիշեցրել է լեզվական պահանջը. դիտորդի կարգավիճակին կարող են հավակնել այն երկրները, որտեղ թյուրքական կամ ազգակից լեզուներից մեկը պետական է կամ պաշտոնական երկրի ամբողջ տարածքում։ Տարածաշրջանային կարգավիճակը, որն ունեն Ռուսաստանի թյուրքական ժողովուրդների լեզուները, դրա համար բավական չէ։
Զորլուն առաջարկել է նաեւ վերականգնել համագործակցությունը ռուսաստանյան վեց հանրապետությունների հետ Թյուրքական մշակույթի միջազգային կազմակերպության՝ ԹՅՈՒՐՔՍՈՅ-ի միջոցով։ Այն ստեղծվել էր 1993 թվականին Թուրքիայի եւ նախկին ԽՍՀՄ թյուրքալեզու հինգ երկրների կողմից՝ մշակութային կապերը զարգացնելու, փառատոններ անցկացնելու եւ ընդհանուր ժառանգությունը պահպանելու համար։ Ալթայը, Տուվան, Բաշկորտաստանը, Թաթարստանը, Յակուտիան եւ Խակասիան դրանում ստացել էին դիտորդի կարգավիճակ։
2015 թվականին ՌԴ իշխանություններն այդ հանրապետություններից պահանջեցին դադարեցնել շփումները ԹՅՈՒՐՔՍՈՅ-ի հետ այն բանից հետո, երբ թուրքական կործանիչը Սիրիայի հետ սահմանի մոտ խոցեց ռուսական Սու-24 ռազմական ինքնաթիռը։
Իշխանամետ Türkiye թերթի մեկնաբան Մերյեմ Այբիքե Սինանը նախաձեռնության մեջ տեսնում է եւ՛ հնարավորություններ, եւ՛ ռիսկեր։ Ռուսաստանի մասնակցությունը, նրա կարծիքով, կարող էր հեշտացնել կապերը Ռուսաստանի ներսում գտնվող թյուրքական ժողովուրդների հետ եւ օգնել հավասարակշռել Չինաստանը։ Միեւնույն ժամանակ, նա մտավախություն ունի, որ Մոսկվան հնարավորություն կստանա ազդելու Միջին միջանցքի վրա եւ սահմանափակելու Կենտրոնական Ասիայի երկրների ռազմական համագործակցությունը Թուրքիայի հետ։
Ինչո՞ւ է դեմ Ադրբեջանը
Ադրբեջանում առաջարկի դեմ հանդես են եկել իշխանությունների կողմից վերահսկվող մի շարք պարբերականներ։
Xalq Qazeti պետական թերթը ռուսական մասնակցության վերաբերյալ մեկնաբանությունում հիշեցրել է ռուսացման եւ այն սահմանափակումների մասին, որոնց թյուրքական ժողովուրդները բախվում էին Ռուսական կայսրությունում եւ ԽՍՀՄ-ում։ Հեղինակը նաեւ մատնանշել է ռուսաստանցի քաղաքական գործիչների հայտարարությունները, որոնք կասկածի տակ են դնում Կենտրոնական Ասիայի պետությունների ինքնիշխանությունն ու սահմանները։
Դիտորդի կարգավիճակը, մտավախություն ունի պարբերականը, Մոսկվային թույլ կտա ազդել ԹՊԿ-ի ներսում քննարկումների վրա, խորացնել տարաձայնությունները դրա անդամների միջեւ եւ խանգարել միասնական դիրքորոշման մշակմանը։ Զգուշավորության լրացուցիչ առիթ են ռուսական շահերը տրանսպորտային եւ էներգետիկ նախագծերում, որոնք զարգացնում են միավորման մասնակիցները։
Musavat.com կայքը թյուրքական ինտեգրումը եւ կրեմլյան «ռուսական աշխարհի» հայեցակարգը դիտարկել է որպես մրցակցող նախագծեր. Ռուսաստանի լիիրավ անդամակցությունը կփոխեր ուժերի հավասարակշռությունը կազմակերպությունում՝ հօգուտ Մոսկվայի։
Ո՞վ է «գլխավորը»
ԽՍՀՄ փլուզումից հետո Ռուսաստանը Կենտրոնական Ասիայում պահպանել է ռազմական, տնտեսական եւ մշակութային սերտ կապեր։ Ղազախստանն ու Ղրղզստանը ՌԴ-ի հետ միասին մտնում են ՀԱՊԿ-ի եւ Եվրասիական տնտեսական միության մեջ։ Ղրղզստանում գործում է ռուսական ռազմաբազա։ Ռուսաստանը մնում է նաեւ դեպի այդ երկիր դրամական փոխանցումների հիմնական աղբյուրը. ղրղզական Ազգային բանկի տվյալներով՝ 2025 թվականին դրան բաժին է ընկել մուտքերի ավելի քան 92%-ը։
Ռուսաստանի ներխուժումը Ուկրաինա ուժեղացրել է Կենտրոնական Ասիայի պետությունների ձգտումը՝ նվազեցնելու կախվածությունը Մոսկվայից, նշվում է Արտաքին քաղաքականության գերմանական ընկերության վերլուծությունում։ Նրանք ընդլայնում են կապերը Չինաստանի, Թուրքիայի եւ արեւմտյան երկրների հետ՝ պահպանելով Ռուսաստանի հետ համագործակցությունը։ Տարածաշրջանի կառավարությունների համար դա արտաքին քաղաքականության եւ տնտեսական գործընկերների ընտրության հարցում ավելի շատ ազատություն ստանալու միջոց է։
Թուրքիան, հենվելով լեզվական եւ մշակութային կապերի վրա, զարգացնում է առեւտուրն ու կրթական նախագծերը, ներառյալ համատեղ համալսարանները Ղազախստանում եւ Ղրղզստանում։ Առանձին ուղղություն է պաշտպանական համագործակցությունը. Անկարան եւ Աստանան ռազմական խորհրդատվություններ են վարում եւ զարգացնում են ռազմատեխնիկական կապերը։
Ուզբեկստանը միաժամանակ ամրապնդում է կապերը երկու երկրների հետ։ 2026 թվականի հունիսին Ուզբեկստանի եւ Ռուսաստանի նախագահները ազդարարեցին ԱԷԿ-ի առաջին էներգաբլոկի կառուցման մեկնարկը։ Թուրքիայի հետ Տաշքենդը զարգացնում է համագործակցությունը ռազմական արդյունաբերության ոլորտում, իսկ հունվարին կողմերն անցկացրեցին նախարարների եւ հատուկ ծառայությունների ղեկավարների համատեղ հանդիպում արտաքին քաղաքականության եւ անվտանգության հարցերի շուրջ։
«Կենտրոնական Ասիան հիշեցնում է հարսնացուի, որի շուրջը մեծ թվով փեսացուներ են պտտվում։ Յուրաքանչյուր փեսացու կազմակերպում է «հարսնատես»՝ փորձելով հարսնացուի առաջ ի ցույց դնել իր բոլոր արժանիքները։ Եվ Տոկաեւը փորձում է միաժամանակ մի քանի աթոռի վրա նստած մնալ», – ասում է քաղաքագետ Դոսըմ Սատպաեւը։
Թարգմանությունը՝ Մարթա Սեմյոնովայի
Այս հոդվածը թարգմանվել եւ հրապարակվել է «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան աջակցությամբ: Հոդվածում արտահայտված մտքերը պարտադիր չէ, որ արտացոլեն «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան կամ Մեդիամաքսի տեսակետները:
Leave a Reply