Այսօր «Համաշխարհային հայկական գագաթնաժողով 2026»-ի շրջանակում կայացած «Խաղաղություն և անվտանգություն» պանելային քննարկման ժամանակ ԱԽՔ Ալեն Սիմոնյանը հայտարարել է․ «Պետք է առիթ չտանք պատերազմի, դա է մեր անվտանգության ամենակարևոր երաշխիքը»։
Aysor.am-ի հետ զրույցում քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանն ընդգծում է՝ եթե Ալեն Սիմոնյանը այդպիսի միտք է արտահայտում, ուրեմն խոստովանում է, որ 2020 թվականին պատերազմի առիթ են տվել։
«Այստեղ կամ կա խոստովանություն, որ իրենք պատերազմի առիթ են տվել 2020-ին, ինչը նշանակում է, որ պետք է քաղաքական պատասխան տան այդ առիթը տալու համար, կամ նրա ասածի մեջ պարզապես տրամաբանություն չկա, որովհետև պատերազմի հարցում ամենևին պարտադիր չէ առիթ տալը կամ չտալը։ Քանի որ այս տարածաշրջանում բախվում են աշխարհաքաղաքական ռազմավարական շահեր, կարող են առաջանալ նաև պատերազմի ռիսկեր, որոնք դուրս են Հայաստանի՝ առիթ տալու կամ չտալու շրջանակից»,-նշում է Բադալյանը։
Քաղաքագետն ուշադրություն է հրավիրում նաև Իրանի մտահոգությունների վրա՝ հիշեցնելով.
«Իրանի առանցքային պաշտոնյաներից մեկը հոդված է հասցեագրել Հայաստանի վարչապետին, որտեղ գրեթե բացահայտ խոսում է պատերազմի ռիսկի մասին, որը պարունակում է «Թրամփի ուղի» ծրագիրը։ Համենայն դեպս, այն տարբերակով, որը հայտնի է մինչ այս պահը։ Իրանի գերագույն հոգևոր առաջնորդի միջազգային հարցերով ավագ խորհրդական Ալի Աքբար Վելայաթին այս մասին բավական թափանցիկ ակնարկում է: Իսկ Վելայաթին, ինչպես գիտենք, իրանական քաղաքականության մեջ առանցքային գործիչ է։
Հարց է առաջանում՝ ինչպե՞ս է Երևանը գնահատում այս իրավիճակը, որովհետև Հայաստանից կարծես թե մինչև հիմա որևէ մակարդակով արձագանք չի եղել իրանցի առանցքային պաշտոնյայի այս հոդվածին և բարձրացրած հարցադրմանը»։
Հակոբ Բադալյանի գնահատմամբ՝ Հայաստանը խաղաղության օրակարգ չի վարում։
«Խաղաղության օրակարգ չկա, Հայաստանը գտնվում է Ադրբեջանի պարտադրած օրակարգի ազդեցության ներքո։ Հայաստանի իշխանությունն այդ ռեժիմում է գործում, ոչ թե խաղաղության օրակարգի։ Մենք տեսնում ենք, որ այդ ռեժիմում Ադրբեջանը ոչ միայն միակողմանի զիջումներով է Հայաստանին պարտադրում խաղաղության իր պատկերացումը, այլև առաջադրում է որոշակի նոր նշաձողեր, որոնք Ադրբեջանին ապագայում ռազմական էսկալացիայի դիմելու «լեգիտիմ» առիթներ կամ պատճառներ են տալիս։
Հայաստանի իշխանության վարած այսօրվա քաղաքականությունն այդ առումով է նաև վտանգավոր, այն ամենևին խաղաղության օրակարգի մասին չէ, այլ պարտադրված խաղաղության, նաև՝ հետագա հնարավոր էսկալացիայի տեսանկյունից այդպիսի ականներ շարելու»,-եզրափակում է Բադալյանը։
դիտվել է 12 անգամ
Leave a Reply