«90 Ականները». կյանքը, կորուստները, ընկերներն ու հաղթանակը

Written by

in

Ինչպիսի՞ն էին 1990-ականները՝ բացի հոսանքազրկումներից, ցրտից ու դատարկ խանութներից։ Ի՞նչ էին խաղում երեխաները, ինչպե՞ս էին մարդիկ վաստակում ապրուստը, ինչո՞վ էին զբաղվում բակերում հավաքված ընկերները, եւ ի՞նչն էր նրանց օգնում հաղթահարել դժվարությունները։ Այս հարցերին պատասխանելու փորձ է Հարություն Հարությունյանի «90Ականները» գիրքը, որի քննարկումը նոյեմբերի 4-ին տեղի ունեցավ Գրականության եւ արվեստի թանգարանում։
«90Ականները» վավերագրական պատումների ժողովածու է, որտեղ հեղինակը վերակենդանացնում է իր ապրած ժամանակաշրջանը՝ մարդկանց, նրանց առօրյան, սովորույթները, հարաբերություններն ու ապրումները։ Գիրքը 90-ականները ներկայացնում է ոչ թե պատմական իրադարձությունների հերթականությամբ, այլ անհատական հիշողությունների միջոցով։ Դրանցից յուրաքանչյուրն առանձին դրվագ է, իսկ միասին՝ մի ամբողջ սերնդի կյանքի պատկերը։
Քննարկման սկզբում գրքի հեղինակ Հարություն Հարությունյանը պատմեց, թե ինչպես են իր հիշողությունները վերածվել գրքի։ Մինչեւ տպագիր հրատարակություն դառնալը՝ «90Ականները» գոյություն ուներ կարճ տեսահոլովակների տեսքով՝ YouTube-ում։ Դրանց պատմությունները ձայնագրել էր Մխիթար Ավետիսյանը:
«Մի պահ հասկացա, որ երբ ընկերներիս հարցնում եմ՝ հիշո՞ւմ եք այս դեպքը կամ այն իրադարձությունը, նրանք այլեւս չեն հիշում։ Ջղայնացա ու սկսեցի գրել», – պատմեց Հարություն Հարությունյանը։
Գրքի ստեղծման ճանապարհին Հարությունյանի կողքին է եղել խմբագիր Լուսինե Գասպարյանը։ Սկզբնական մտահղացումը աուդիոգիրք ստեղծելն էր, սակայն աշխատանքը շարունակվեց ավելի քան երկու տարի, եւ պատումները վերածվեցին տպագիր ժողովածուի։ 
«Այլ բան է, երբ լսում ես այդ պատումները եւ պատկերացնում, բայց ընթերցումը լրիվ ուրիշ հնարավորություն է տալիս. կարդում ես, ամեն բառը պատկերացնում ու տառապում այդ ժամանակի հետ», – ասաց Լուսինե Գասպարյանը:
Նա գրքի կարեւոր առանձնահատկություններից մեկը համարում է տարբեր սերունդների համար միաժամանակ հետաքրքիր լինելու հնարավորությունը։ 90-ականներն ապրած ընթերցողը կարող է վերհիշել սեփական անցյալը, իսկ այդ տարիներին չապրած մարդը՝ ծանոթանալ ծնողների ու տատիկ-պապիկների պատմություններին։ Գրքի պատումները գուցե առիթ դառնան, որ երիտասարդները հարցեր տան ընտանիքի ավագ անդամներին։
Գրքի վերջնական խմբագրումն իրականացրած գրող Դավիթ Սամվելյանն ուշադրություն հրավիրեց մեկ այլ կարեւոր հանգամանքի վրա. 90-ականների մասին ժամանակակից գրականության մեջ համեմատաբար քիչ են այդ տարիների առօրյան ու մարդկային փորձառությունը վավերագրող գործերը։
Դավիթ Սամվելյանի խոսքով՝ «90Ականները» կարելի է դիտարկել ոչ միայն որպես որոշակի ժամանակաշրջանի վավերագրություն, այլեւ որպես արժեհամակարգային գիրք։ Այն պատմում է ոչ միայն իրադարձությունների ու նյութական պայմանների, այլեւ մարդկանց հարաբերությունների, ընկերության եւ այն արժեքների մասին, որոնք ժամանակի ընթացքում կարող են փոխվել։
Մխիթար Ավետիսյանը 90-ականների հիշողություններում առանձնացրեց մարդկային շփման ջերմությունը, ընկերությունը, միասին ժամանակ անցկացնելու սովորությունը. 
«90-ականներում կա այն, ինչը հիմա շատ տեղերում պակասել է՝ իսկական մարդկային շփումը, իրար գրկելը, զգալը, վիճելը, բակում խաղալը։ Դրանք կյանքի ամենաբնական բաներն են», – նշեց նա։
«90Ականները» փորձում է պահպանել այդ մանրուքները՝ որպես հիշողության մաս։ 
Ի վերջո, 90-ականները միայն «մութ ու ցուրտ» տարիները չէին։ Դրանք նաեւ անկախության առաջին տարիներն էին՝ լի անորոշությամբ ու կորուստներով, բայց նաեւ հաղթանակի տարիներ։ 
Երեք տասնամյակ անց այդ տարիների հաղթանակները հիշելն ավելի ցավոտ է դարձել։ Թերեւս այն պատճառով, որ կյանքը, որը մի ժամանակ հաղթանակի պատմություն էր, այսօր բոլորովին այլ շարունակություն ունի։
Աստղիկ Հովհաննեսով
Լուսանկարները՝ Դավիթ Ղահրամանյանի

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *