Ուշիի ոլորաններում տեղի ունեցած ավտովթարի պատճառը, նախնական գնահատմամբ, կարող էր լինել մեքենաներից մեկի արգելակման համակարգի անսարքությունը։ Այս մասին նոյեմբերի 4-ին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է ՀՀ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը։
Նոյեմբերի 3-ի երեկոյան տեղի ունեցած վթարի հետևանքով զոհվել է 9 մարդ, ևս 3-ը տարբեր աստիճանի վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց։
Նախարարի խոսքով՝ պարեկային ծառայողների նախնական գնահատականը հիմնված է ճանապարհին արգելակման հետքերի բացակայության վրա։
«Շատ նախնական գնահատական կա, որ մեքենաներից մեկի արգելակման հետ կապված խնդիր է եղել, որովհետև ճանապարհին չկան արգելակման մասին վկայող հետքեր։ Բայց նորից եմ ուզում շեշտել՝ սա նախնական է»,- ասել է Սարգսյանը։
Նա հորդորել է այդ վարկածը չներկայացնել որպես վթարի հաստատված պատճառ՝ ընդգծելով, որ հանգամանքները դեռ պետք է պարզվեն քրեական վարույթի շրջանակում։
Անդրադառնալով ճանապարհային անվտանգությանը՝ նախարարը կարևորել է պարեկային վերահսկողությունը, ճանապարհների անվտանգ կահավորումը, տրանսպորտային միջոցների տեխնիկական վիճակն ու վարորդների պատասխանատվությունը։
Սարգսյանը նաև նշել է, որ մեքենաների տեխնիկական զննության պատշաճ իրականացումը շարունակում է խնդրահարույց մնալ՝ ընդգծելով հայտնաբերված անսարքությունները ժամանակին վերացնելու անհրաժեշտությունը։
Leave a Reply