«Կողքինիդ հետ չխառնես». իշխանական «տափակաբանությունից» մինչեւ հանրային ապատիա

Written by

in

Հայաստանյան քաղաքական ու հասարակական խոսույթը վաղուց դուրս է եկել դասական քաղաքագիտության սահմաններից։ Այն, ինչ այսօր կատարվում է Ազգային ժողովի ամբիոնից, սոցիալական ցանցերի բարձրաստիճան էջերում եւ հանրային տիրույթում, պահանջում է ավելի շատ կլինիկական-հոգեբանական, քան քաղաքագիտական վերլուծություն։
Երբ երկրի վարչապետն Ազգային ժողովում տեղի ունեցած հերթական քաշքշուկից հետո սոցցանցում հեգնում է ընդդիմությանը՝ «Ես գիտեի գոնե ֆիզիկապես են ուժեղ։ Փաստորեն՝ չէ», իսկ նրա թիմակից պատգամավորը լրացնում է՝ «Կատարյալ հիասթափություն», առաջին հայացքից սա կարող է թվալ ընդամենն անհաջող հակադարձման փորձ կամ սոցցանցային տրոլինգ։ Սակայն իրականում սա շատ ավելի վտանգավոր ախտանիշ է․ սա բռնության ինստիտուցիոնալ նորմալացում է։  
Երբ պետության առաջին դեմքը բռնությունն ու ֆիզիկական ուժի կիրառումը չի դատապարտում, այլ դարձնում է «ֆիզիկական ուժի չափման» ու ծաղրի առարկա, նա հասարակությանը հղում է հստակ ազդակ․ բռնությունն ուժի ցուցադրություն է, իսկ թույլ լինելը կամ դիմադրել չկարողանալը՝ ամոթալի ձախողում։  
Վերնախավի «տրոլինգը» եւ հանրային ֆրագմենտացիան
Այս վարքականոնը վակուումում չի մնում։ Այն իջնում է հասարակական կյանքի բոլոր մակարդակները՝ ձեւավորելով մի միջավայր, որտեղ ինքնահաստատումը տեղի է ունենում դիմացինի խեղճության կամ խոցելիության ֆոնին։ Օրերս հանրային տրանսպորտում արձանագրված կենցաղային բռնության տեսարանում միջամտող կնոջ արտաբերած «կողքինիդ հետ չխառնես» ձեւակերպումը հենց այս մտածողության փոքրիկ, ֆոնային արտացոլումն է։ Սա նույն «ֆիզիկապես ուժեղի» մշակույթի դրսեւորումն է․ դա ոչ թե թույլին պաշտպանելու, այլ սեփական առավելությունն ընդգծելու եւ դիմացինի խոցելիությունը շեշտելու մոտեցում է։ Եթե վերնախավը կարող է ծաղրել քաղաքական հակառակորդի «թուլությունը», ապա հասարակության ներսում էլ ձեւավորվում է նույն դաժան աստիճանակարգումը․ «նա անպաշտպան է, հետեւաբար՝ նվաստացման թիրախ, մինչդեռ ես ունեմ դիմադրելու ռեսուրս»։  
«Սառեցման էֆեկտ» եւ անտարբերություն
Իրավիճակն ավելի է խորանում, երբ իրավապահ համակարգը, բռնարարին պատժելու հետ մեկտեղ, ձերբակալում է նաեւ բռնության մասին բարձրաձայնողին կամ դրան միջամտողին։ Սա պետական մակարդակով իրականացվող «սառեցման էֆեկտ» է։ Համակարգը հանրությանն ուղարկում է կործանարար մի ուղերձ․ «Մի՛ միջամտեք։ Տեսաք բռնություն՝ լուռ անցեք կողքով, այլապես ձեզ նույնպես կձերբակալեն»։ Արդյունքում ստացվում է մի փակ շրջան․
1. Վերնախավը ծաղրում է թույլին եւ նորմալացնում ագրեսիան։  
2. Հասարակությունը սկսում է առաջնորդվել «կողքինիդ հետ չխառնես» սկզբունքով։
3. Պետությունը պատժում է նրանց, ովքեր փորձում են ձայն բարձրացնել։
4. Քաղաքացին ընտրում է լռությունն ու անտարբերությունը։
Ամաչելու զգացումը, ապատիան եւ «լուռ մեծամասնության» դիլեման
Արցախի կորստից, հայրենազրկումից, զոհերից ու տեղահանումից հետո մեր հասարակությունն ապրում է խորագույն հոգեբանական տրավմա։ Երբ մարդիկ տեսնում են, որ նույնիսկ համազգային աղետը չփոխեց քաղաքական մշակույթը, իսկ պետության ղեկավարները շարունակում են զբաղվել էժանագին տրոլինգով, առաջանում է խորը ապատիա եւ անզորության զգացում։  
Առողջ դատող, կրթված ու պետական մտածողություն ունեցող զանգվածը պարզապես ամաչում է սեփական պետության պաշտոնյաների փոխարեն։ Սակայն, քանի որ քաղաքական դաշտը բեւեռացված է երկու «աղմկող» ճամբարների միջեւ, իսկ ցանկացած նոր, բովանդակային ուժ անմիջապես հայտնվում է երկկողմանի «սեւացման» ու վարկաբեկման ջրաղացի տակ, այդ «լուռ մեծամասնությունը» նախընտրում է լռել կամ դուրս գալ քաղաքական խոսույթից։  
Մարդիկ դադարում են հավատալ փոփոխություններին, որովհետեւ տեսնում են, որ ցանկացած նոր դեմք շատ արագ պիտակավորվում է, իսկ քաղաքական դաշտը մնում է նույն տոքսիկ տիրույթում։
Էկզիստենցիալ դիլեմա եւ արժեքային իմունիտետ
Մենք կանգնած ենք դաժան, բայց սոցիոլոգիորեն օրինաչափ իրականության առջեւ. ինստիտուցիոնալ ու անվտանգային լուրջ տրավմաներ կրած հասարակությունից անհնար է ակնկալել բարձր բարոյական իդեալներ, քանի դեռ պետության քաղաքական վերնախավն ինքն է հանրայնացնում դիմացինին նվաստացնելու եւ ֆիզիկական ուժով ինքնահաստատվելու մշակույթը։  
Այնուամենայնիվ, այս ապատիան ու համատարած անտարբերությունը հավերժական չեն․ դրանք ընդամենը հանրային հոգեբանական ինքնապաշտպանական վահան են, որոնք վաղ թե ուշ սպառվելու են, երբ իրականության պահանջները՝ անվտանգությունը, տնտեսությունն ու պետականության պահպանումը ստիպեն դուրս գալ «սոցցանցային շոուների» տիրույթից։
Համակարգային ճգնաժամի հաղթահարումը չի ենթադրում հերթական «անհատ-փրկչի» փնտրտուք, այլ պահանջում է գաղափարական, ինստիտուցիոնալ թիմերի ձեւավորում եւ անհատական վարքագծի կարմիր գծերի վերականգնում։ Այն ենթադրում է կարողություն՝ անվախ դիմակայելու ագրեսիային, չսպառելու ուրիշի ողբերգությունը, չինքնահաստատվելու անպաշտպանի հաշվին եւ, ամենակարեւորը, չսեփականացնելու «կողքինիս հետ չխառնես» կործանարար մտածողությունը։
Վերջիվերջո, այդ «կողքինը» մենք ենք՝ մեր հավաքական խոցելիությամբ ու անպաշտպանվածությամբ։ Եվ քանի դեռ պետական բարձրագույն ատյաններից մինչեւ կենցաղային տիրույթ չենք հրաժարվել դիմացինին «խեղճացնելու» մոլուցքից, հանրային անվտանգության եւ արժանապատվության պատրանքը մնալու է հենց այն նույն նստարանին, որտեղ յուրաքանչյուրս կարող ենք հայտնվել հաջորդ պահին։
Թեհմինա Հարությունյանը նախկին լրագրող է։
Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել Մեդիամաքսի տեսակետներին:

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *