Կապույտ թիթեռնիկը, COP17-ը եւ կորցրած բնությունը

Written by

in

Օրերս ես կապույտ թիթեռնիկ էի։ Հսկայական թեւերով, ճակատիս փայլուն զարդերով թռչկոտում էի երեխաների հետ Համալիրում ու պատմում իմ հորինած հեքիաթը։
Իմ թիթեռնիկը երեւանցի էր։ Նրա պապը, պապի պապը, պապի պապի պապը նույնպես Երեւանում էին ապրել։ Բայց մի օր թիթեռնիկը ստիպված էր հեռանալ իր քաղաքից։ Նրա տան տեղում շենք էին կառուցել։ Հետո՝ եւս մեկը։ Ու՝ մյուսը։ Ծառերն ու ծաղիկները պակասել էին, իսկ թիթեռնիկը, որքան էլ փոքրիկ, ապրելու համար ծաղկաբույր տուն էր փնտրում։
Այս հեքիաթը պատմում էի COP17-ի՝ ՄԱԿ-ի Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի կողմերի համաժողովի շրջանակում։

Աշխարհը եկել է Հայաստան՝ խոսելու բնությունը պահպանելու մասին։
Իսկ իմ հեքիաթային թիթեռնիկը Երեւանում ապրելու բնատուն չէր գտնում։
Հեռվից նկատելով Արա լեռը՝ նա թռավ ու հասավ Ապարան՝ ծաղկազարդ մարգագետիններով ու էնդեմիկ բույսերով հարուստ աշխարհ։ Հեքիաթի վերջում երեւանաբնակ երեխաները խոստացան թիթեռնիկի համար ծաղիկներ ու ծառեր տնկել։ Նա էլ խոստացավ անպայման վերադառնալ իր պապենական քաղաք։
Համալիրի գեղեցիկ, կանաչապատ միջանցքներով հիացած շրջելուց հետո, միեւնույն է, ինձ տանջում էին հարցեր, որոնք թույլ չէին տալիս, որ հիացմունքս ուրախություն դառնա ներսումս։
Դուրս եկա Համալիրից, հանեցի կապույտ թեւերս, տեղավորեցի պայուսակիս մեջ ու քայլեցի իմ Երեւանով։
Երեւանը, որտեղ մեծացել եմ, տարեցտարի ավելի է բետոնապատվում։ 
Իսկ մտածե՞լ ենք արդյոք, որ բնությունը բողոքելու հնարավորություն չունի։
Թումանյան փողոցում ապրող ծառը չի կարող ցույցի գնալ քաղաքապետարանի առջեւ։ Երեւանյան թիթեռը չի կարող դատի տալ կառուցապատողին։ Զեյթունցի թռչունը չի կարող տեսանյութ նկարել ու տեղադրել համացանցում՝ պահանջելով վերականգնել իր բույնը։
Հիշում եմ՝ անցած աշնանը Դալմայի այգիների տեղանքում կառուցված բազմահարկերի բնակիչները զայրացած բողոքում էին հարյուրավոր մորեխներից, որոնք թռչում էին իրենց պատուհաններից ու պատշգամբներից ներս։
«Իսկ միգուցե դո՞ւք եք թառել մորեխների բնակարանի վրա»։ Իմ հարցից բողոքող կնոջ տարօրինակ հոնքերը վեր ցցվեցին 
Այս նույն օրերին՝ հոկտեմբերի 10-ին, պաշտոնապես մեկնարկեց Ամուլսարի ոսկու հանքի շահագործումը։ Բնապահպանները բարձրաձայնում են ջրային պաշարների ու կենսաբազմազանության համար հնարավոր վտանգները։ Կառավարությունը պնդում է, որ ռիսկերը ուսումնասիրվել են, եւ շահագործումն անվտանգ է։
Մի կողմից աշխարհին ներկայացնում ենք կենսաբազմազանությունը պահպանելու մեր հանձնառությունը, մյուս կողմից բացում ենք հանք, որի բնապահպանական անվտանգության շուրջ դեռ շարունակվում են լուրջ վեճերը։
Իհարկե, ուրախ եմ, որ Հայաստանը դարձել է բնապահպանական միջազգային քննարկումների կենտրոն։ Բայց կուզեի, որ այդ քննարկումները լուսավոր ու սնդուսափայլ դահլիճներից, գունավոր գովազդային վահանակներից դուրս գային ու հասնեին մեր շինհրապարակներին, աղբահանությանը ու անպայման մեր լեռներին, որոնց պատրաստվում ենք մաշկազերծ անել ու գանձ փնտրել ներսում։
Այս համաժողովի հետ կապված ինձ մի ուրիշ բան էլ է ցավեցնում։ Շատ։
Աշխարհի տարբեր ծայրերից Հայաստան են եկել բնիկ ժողովուրդների ներկայացուցիչներ՝ պատմելու իրենց հողի, անտառների, գետերի, բնության հետ դարավոր կապի մասին։
Է հա՜, հրաշալի է։
Բայց նույն համաժողովում արցախցիների՝ իրենց բնաշխարհը ներկայացնելու համար տաղավար տրամադրելու հայտը մերժվել է։ Ըստ հրապարակված պարզաբանումների՝ ներկայացված ծրագիրը չի համապատասխանել համաժողովի բնապահպանական օրակարգին։
Այն մարդկանց հայտը, որոնց նախնիները դարեր շարունակ ապրել են Արցախի լեռներում ու ձորերում, մշակել հողը, տնկել ծառեր, ճանաչել իրենց երկրի աղբյուրներն ու անտառները։ Եվ որոնք ընդամենը երեք տարի առաջ ստիպված եղան թողնել իրենց տները։
Պետք էլ չէր խոսել քաղաքականությունից։ Ընդամենը պետք էր հնարավորություն տալ խոսելու հիշողությունից։
Հուշարձանագետ Սամվել Կարապետյանը մի անգամ ինձ հրաշալի պատմություն պատմեց, որը երբեք չեմ մոռանա։
Արցախի գյուղերից մեկում խաչքար լուսանկարելիս փորձել էր մի հսկա ծառի ճյուղ ճկել, նույնիսկ կոտրել, որպեսզի խաչքարն ամբողջությամբ երեւա լուսանկարում։
Մի ծերունի էր մոտեցել։ Զայրացել էր, կռիվ արել Սամվելի հետ՝ ծառը քաշքշելու համար։
Սամվելը ներողություն էր խնդրել, բացատրել, թե ով է ինքը, ինչու է ուզում լուսանկարել խաչքարը, եւ ցույց տվել, որ ճյուղը փակում է տեսադաշտը։
Ծերունին հեռացել էր։
Քիչ անց վերադարձել էր՝ կացինը ձեռքին։
Մոտեցել էր ծառին, ձեռքը դրել բնին, ինչ-որ բան շշնջացել երկար ու նոր կտրել ճյուղը՝ բացելով տեսադաշտը։
Սամվելն ապշել էր։
— Ի՞նչ արեցիք։
— Աղոթք արեցի։ Ծառից ներողություն խնդրեցի։
Ահա մի իրական պատմություն, որ կարելի էր հետազոտել, վերհանել ու պատմել՝ մարդու եւ բնության դարավոր կապի մասին։
Չէ՞ որ բնության մասին գիտելիքը միայն գիտական աշխատություններում չի պահպանվում։ Այն մարդկանց հիշողության մեջ է։ Սերնդեսերունդ փոխանցվող սովորությունների, հողի հետ աշխատելու, բույսերը ճանաչելու, ջուրը խնայելու, անտառը սիրելու, ծառին աղոթք շշնջալու մշակույթի մեջ։
Եվ երբ մարդիկ զրկվում են իրենց հայրենի բնաշխարհից, վտանգվում է նաեւ այդ գիտելիքի շարունակականությունը։ 
Ի՞նչն է այստեղ համաժողովի օրակարգից դուրս։
Ինչո՞ւ աշխարհի մյուս ծայրից եկած մարդը կարող է պատմել իր նախնիների անտառի մասին, իսկ արցախցին՝ ոչ։
Հասկանալի է, որ «բնիկ ժողովուրդներ» հասկացությունը միջազգային փաստաթղթերում ունի իր առանձնահատուկ կիրառությունը, եւ համաժողովի մասնակցության կանոնները կարող են տարբեր լինել։ Բայց դա չի վերացնում հիմնական հարցը. ինչո՞ւ չգտնել մի ձեւաչափ, որտեղ արցախահայերը կներկայացնեին իրենց բնության մասին հիշողությունները։
Հեքիաթում մենք կարող էինք օգնել թիթեռնիկին։ Ծառեր տնկել, ծաղիկներ աճեցնել, նրա համար նոր տուն ստեղծել։
Հեքիաթում ամեն բան հնարավոր է։ Միգուցե հենց դա է պատճառը, որ ես ընտրել եմ հեքիաթը՝ որպես իմ տուն։
Իսկ իրական կյանքում, մեր կողքին, ապրում են մարդիկ, որոնք կորցրել են ոչ թե մեկ ծառ կամ մի այգի, այլ մի ամբողջ բնաշխարհ։ Մենք սովոր ենք տունը պատկերացնել պատերով, տանիքով, դռներով  Բայց տունը նաեւ պատուհանից երեւացող ծառն է։ Ծանոթ թռչնի ձայնը։ Գարնանը բացվող առաջին ծաղիկը։ Ջրի համը։ Լեռան ուրվագիծը, որը տեսել ես ամեն առավոտ։
Համաժողովը կավարտվի։ Հյուրերը կհեռանան։ Տաղավարները կապամոնտաժվեն։ Գեղեցիկ կարգախոսները կմնան լուսանկարներում։
Ու կմնանք մենք ու մենք։
Մեր չքննարկված ու չհնչեցված հարցերով։ Իրար սիրելու, լսելու եւ հասկանալու մեր պակասող կարողությամբ։ Մեր առանց ոռոգման գծերի քաղաքում։
Իսկ մի տեղ, գուցե հենց մեր պատուհանի տակ, մի փոքրիկ Կապույտ թիթեռնիկ դեռ կփնտրի իր տունը։
Եվ ես կմտածեմ այն արցախցի ծերունու մասին, որը գիտեր բնությունից ներողություն խնդրելու գաղտնիքը։ Ո՞նց ենք ներողություն խնդրելու բնությունից։
Արփի Մաղաքյանը հեքիաթագիր է: Հեղինակ է հինգ գրքի, որոնցում պատմությունն ու հայկական մշակութային ժառանգությունը ներկայացնում է հեքիաթի լեզվով։ Նրա գրքերից են «Երեւանյան հեքիաթները», «Արեւի համբուրած Շուշին», «Արտավազդ արքայի հեքիաթը», «Տիգրան Մեծ արքայի հեքիաթը» եւ «Հիշելու հեքիաթները»։
Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել Մեդիամաքսի տեսակետներին: 

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *