«Հեքիաթերեն». Անիի ու Հակոբի խենթ գաղափարը, որ դարձավ երեխաների սիրելի լեզուն

Written by

in

Աշխարհում մի լեզու կա, որը հասկանում են բոլորը՝ անկախ ազգությունից եւ տարիքից։ Այդ «լեզուն» հեքիաթերենն է, որը մարմնավորում է ստանում նույնանուն շարժական ինտերակտիվ տիկնիկային թատրոնում։
«Հեքիաթերեն»-ը Անի Ամսեյանի եւ Հակոբ Մազլումյանի՝ 8 տարի առաջ ծնված խենթ գաղափարն էր. արվեստի ոլորտում մասնագիտական կրթություն ստանալուց հետո նրանք փնտրում էին իրենց ստեղծագործական ներուժը իրացնելու լավագույն ձեւը:
«Երկուսս էլ երեխաների շատ-շատ ենք սիրում, գիտեինք՝ ինչ էլ մտածենք, կենտրոնում երեխաները պետք է լինեն: Ցանկանում էինք կերտել ստեղծագործական մի այնպիսի միջավայր, որում երեխաները բացի ժամանցից, նաեւ կկարողանային իրենց ազատ զգալ ու ստեղծագործականություն դրսեւորել։ Այդպես էլ ծնվեց մեր ինտերակտիվ տիկնիկային թատրոնի գաղափարը»,- Մեդիամաքսի հետ զրույցում պատմում է Անին:
Առանց տիկնիկների մեկնարկն ու հեքիաթասաց Պապիկը
«Հեքիաթերեն»-ը սկսելիս ամուսիններ Անին ու Հակոբը ոչ ռեսուրսներ ունեին, ոչ էլ անգամ տիկնիկներ, բայց ինչպես իրենք են նշում՝ փոխարենն ունեին աջակցող ու ոգեւորող ընկերական շրջապատ:
«Ստեղծագործում էինք մի սրճարանում, որտեղ ձեռագործ տիկնիկներ կային, ու հենց դրանք էլ կիրառում էինք ներկայացումներում: Երբեմն, հենց ներկայացման ընթացքում երեխաները ձեռագործ տիկնիկներ էին պատրաստում, որոնց անմիջապես կենդանացնում էինք հեքիաթում ներգրավվելով: Հիմա հետահայաց հասկանում ենք, որ այդ մարտահրավերները հետո դարձան հնարավորություններ»,- ասում է Հակոբը:
«Հեքիաթերեն»-ի մշտական հյուրերը լավ ծանոթ են հեքիաթասաց տիկնիկ-պապիկին՝ անունն էլ Պապիկ: Առանց նրա հեքիաթն անհնար կլիներ, որովհետեւ հենց նա է օգնում Անիին ու Հակոբին բացել կախարդական ճամպրուկը, որպեսզի հեքիաթն այնտեղից դուրս գա ու կյանք ստանա: 
Պապիկը Անիի ու Հակոբի թատերական առաջին տիկնիկներից էր, որը նվեր ստանալիս ամենեւին էլ չէին պատկերացնում՝ ինչ կարեւոր տեղ կզբաղեցնի նա Հեքիաթերենում:  
«Պապիկը միանգամից «Հեքիաթերեն»-ի ընտանիք մտավ: Գուցե ծիծաղելի թվա, բայց նա մեզ համար իսկապես գոյություն ունեցող անձ է՝ սեփական բնավորությամբ: Նրա մուտքը «Հեքիաթերեն» իսկապես շրջադարձային եղավ. հետո հետզհետե սկսեցինք շատ տիկնիկներ ձեռք բերել»,- հիշում է Անին:
Այսօր «Հեքիաթերեն»-ի տիկնիկները ստեղծվում են պրոֆեսիոնալ տիկնիկագործների աշխատանքի շնորհիվ:
«Մեզ հետ համագործակցող տիկնիկագործները բարձր գեղագիտական արժեքով աշխատանքներ են ստեղծում, ինչի համար անչափ շնորհակալ ենք: «Հեքիաթերեն»-ի մեր ընտանիքի շատ կարեւոր անդամ է տիկին Մարիամը: Նա մեր հեքիաթի հիմնական ստեղծողն է: «Գազարագույն զատիկի կորած կետիկները» ներկայացման բեմադրության ժամանակ համագործակցել ենք բեմանկարիչ Անի Հովակի հետ: Ներկայումս էլ աշխատում ենք Լիլիթ Ալթունյանի «Խավարի թագավորը» պատմության բեմադրության ուղղությամբ, որի համար Ալինա Ալեքսանյանը հրաշալի տիկնիկներ ու դեկորացիաներ է պատրաստում»,- ասում է Անին:
Մեկը մյուսին չկրկնող ներկայացումներ
Ներկայացման ինտերակտիվությունը կամ այն, թե որքանով ներկայացումը կդառնա համատեղ ստեղծագործական գործընթաց դերասանների, տիկնիկների ու հանդիսատեսի միջեւ, կախված է հենց վերջինից՝ համարձակ ու անկաշկանդ փոքրիկներից, որոնք ակտիվորեն կներգրավվեն եւ կօգնեն հեքիաթի հերոսներին կողմնորոշվել բարդ իրավիճակներում, հաղթահարել դժվարությունները, մեկ-մեկ էլ նրանց հետ չարաճճիություններ կանեն:
«Ներկայացումներից ոչ մեկը չի կրկնում մյուսին, որովհետեւ նույն հեքիաթը՝ կախված լսարանից, ամեն անգամ տարբեր է ստացվում: Մեր մշտական հանդիսականներն էլ են դա փաստում, երբ նույն հեքիաթը դիտելու են գալիս երկրորդ, երրորդ անգամ»,- ասում է Հակոբը:
Իսկ ինչպե՞ս են ընտրում, թե այս անգամ որ հեքիաթն է կախարդական ճամպրուկից դուրս գալու: Անին ու Հակոբն ասում են, որ սովորաբար հեքիաթներն են իրենց գտնում:
«Հաճախ, մեր հանդիսականների խնդրանքով ենք անում այս կամ այն բեմադրությունը, բայց ներկայումս առաջնահերթությունը տալիս ենք հայ ժամանակակից մանկագիրների ստեղծագործություններին, որովհետեւ իսկապես մեր կողքին կան շատ հետաքրքիր հեղինակներ, որոնք արժեքավոր պատմություններ են ստեղծում՝ այսօրվա երեխային մտահոգող հարցերի շուրջ»,- ասում է Անին ու հավելում, որ հույս ունեն իրենց գործունեությունը կնպաստի նաեւ ժամանակակից մանկագիրների աշխատանքների հանրահռչակմանը:
Հեքիաթերենով խոսում են նաեւ Հայաստանից դուրս
«Հեքիաթերենը» շարունակում է կատարելագործվել ամեն ներկայացման հետ։ Անիի խոսքով՝ ոչ մի օր չեն դադարում աշխատել՝ շարունակաբար զարգացնելով դեկորացիաները, երաժշտական ու տեխնիկական հնարավորությունները:
«Այս տարիների ընթացքում մեր ամենաթանկ ձեռքբերումը մեր հանդիսականներն են: Մեր լսարանը գնալով մեծանում է, ավելի ու ավելի շատ փոքրիկներ են ներգրավվում, ու շատ մեծ ուրախությամբ կարող ենք արձանագրել, որ ընդլայնվում ենք նաեւ Հայաստանի սահմաններից դուրս»,- ասում է Անի Ամսեյանը:
Եվ իսկապես, Հեքիաթերենի հյուրախաղերը հտարբեր երկրներում ավելի հաճախակի են դառնում. ելույթներով հանդես են եկել Հունաստանում, Մեծ Բրիտանիայում, եվրոպական մի շարք քաղաքներում:
«Նոր ենք վերադարձել հյուրախաղերից. ելույթներ ունեցանք բելգիական երեք քաղաքներում, այնուհետեւ Լյուքսեմբուրգում: Հանդես ենք եկել թումանյանական հեքիաթներով, ներկայացրել ենք նաեւ ժամանակակից մանկագիր Լուսինե Շահնազարյանի «Թարս թզուկը», որը մեծ հավանության արժանացավ Սփյուռքի հայ երեխաների շրջանում»,-ասում է Հակոբը: 
Անին էլ հավելում է, որ ներկայացմանը մասնակցելու համար տարբեր եվրոպական քաղաքներից հանդիսատեսը երկար ճանապարհ էր անցել ու եկել Բելգիա։ Հյուրախաղերի ժամանակ նաեւ այլ քաղաքներում ելույթների հրավերներ են ստացել: 
«Ծնողները շատ ուրախ էին, որ իրենց երեխաները կարող են հայերենով ներկայացում դիտել՝ հայկական բովանդակությամբ ու հայկական երաժշտությամբ: Անգամ այն երեխաները, որոնք հայերենին լավ չէին տիրապետում, ակտիվ մասնակցում էին ներկայացմանը: Ընդունելությունն այնքան ջերմ էր, որ բոլոր հանդիպումները տոնի էին վերածվում, ներկայացման ավարտից հետո էլ մարդիկ երկար ժամանակ չէին ցանկանում հեռանալ»,- հիշում է Անին։
Ինչու՞ եւ ինչպե՞ս գտնել հեքիաթը
Այս պահին «Հեքիաթերեն»-ը երկարատեւ համագործակցություն ունի Խնկո Ապոր անվան մանկական գրադարանի հետ, որտեղ ամեն կիրակի, երբեմն նաեւ շաբաթ օրերին ներկայացում են ունենում: Բացի դրանից, պարբերաբար այցելում են նաեւ մանկապարտեզներ, դպրոցներ, այլ կրթական կենտրոններ ու ժամանցի վայրեր. «Ուր ասես որ չենք խաղացել մեր ներկայացումները»,-ասում է Հակոբը։
Անի Ամսեյանի խոսքով՝ տեխնոլոգիաների այս դարում մարդկային կենդանի շփումն ամենահրաշալի բանն է ու բոլորը կարոտ են դրան:
«Կարծում եմ՝ մեր հանդիսականն էլ ամենաշատը գալիս է հենց այդ անակնկալներով լի կենդանի շփման ետեւից ու հենց դա է գնահատում մեր ներկայացումներում»,-ասում է Անին:
Անիի ու Հակոբի որդու ծնունդից հետո «Հեքիաթերեն»-ի մշտական լսարանը համալրվել է մի անչափ ակտիվ մասնակցով: Փոքրիկ Վանը միշտ ներկա է ծնողների ներկայացումներին ու մեծ ուրախությամբ մասնակցում է՝ գծելով ինտերակտիվության սեփական սահմանը, օրինակ՝ կանգնելով հեքիաթներով լի ճամպրուկի վրա, ասես դա այդպես էլ պետք է լիներ։
«Վանի ծնվելուց հետո «Հեքիաթերենը» մեզ համար վերարժեւորվեց: Երկուսս էլ սկսեցինք նորովի նայել մեր կատարած աշխատանքին: Մեզ համար ամենաերջանիկ պահերից մեկը դարձավ այն, երբ Վանն արդեն հասավ գիտակից տարիքի ու որպես հանդիսական առաջին անգամ մասնակցեց մեր ներկայացմանը. նրա՝ մեզ նայող փայլող աչքերը լավագույն գնահատական էին: Հիմա Վանը լիարժեք ներգրավված է ստեղծագործական գործընթացում, մենք էլ շատ ուրախ ենք, որ մեր երեխայի կյանքում կա «Հեքիաթերենը»»,- ասում է Անին:
Տեքստը եւ լուսանկարները՝ Գայանե Ենոքյանի

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *