Այսօր ԱՎԵՏԻՔ ԻՍԱՀԱԿՅԱՆԻ ծննդյան օրն է – ԱՄԲԻՈՆ NEWS

Written by

in

 18/30/ հոկտեմբեր, 1875 թ․

ԱՎԵՏԻՔ ՍԱՀԱԿԻ ԻՍԱՀԱԿՅԱՆ

 

(«Իմ հուշերից») , 1933թ.

«…Շատ տարիներ Կովկասից բացակայելուց հետո, երբ վերստին դարձա հայրենիք, իմ հին բարեկամ ԼԵՈՅԻՆ տեսա Երևանում:

 

Վաղաժամ ծերացած գտա նրան և առողջությունը՝ խաթարված, սակայն հոգեպես Ղարաբաղի լեռների նույն կաղնին էր:

 

Մինչև ուշ գիշեր, նստած գրասեղանի առաջ, զրույց էինք անում:

Նրա զարհուրելի հիշողությունը, որ բնավ թառամած չէր, ողողում էր կարծես ինձ:

 

Պատմում էր մանկությունից, Շուշուց, Ղարաբաղի հնից ու նորից, մելիքների, կաթողիկոսների, խաների կյանքից, պատերազմներից, գրողներից, հեղինակներից, գրքերից ու գրքերից, և հազար դեպքեր, դեմքեր, անցքեր, անձեր, անեկդոտներ…

 

…Մեծ պատերազմում հայ ժողովրդի կրած սարսափն ու աղետը դառնությամբ լցրել էին նրա հոգին:

 

Այդ անհնարին վշտի ծանրությունից փշրվել էր նա:

 

– Հայության վիշտը ես միայն գերեզմանի մեջ կմոռանամ:

Բայց ո՞վ է մեղավորը,-ասում էր նա ինձ, -մենք ենք մեղավորը, մենք՝ մտավորականներս, գործիչներս, դու, ես և բոլոր նրանք:

 

Մեր ժողովուրդը մեղավոր չէ:

Այլ մենք, որ այնպես հիմար եղանք, տգետ, որ հավատացինք շահամոլ, դրամատիրական-բուրժուական Եվ-ին, որի համար գաղութների ոչխարների կյանքը ավելի արժեք ունի, քան հայերը, քան փոքր ճնշված ազգերը:

 

Մենք, որ երեխաների պես հավատացինք լուսավոր մարդկության խղճմտանքին, մարդկայնությանը, վաճառվող միջազգային մամուլին, բորենի, շնական դիպլոմատներին…

 

Մենք, պոռոտախոսներս, մեծ խոսողներս, մենք, որ ստեղծեցինք և սնուցինք կուսակցություններ, որոնց մեջ մարմնացավ հայ մտավորականների պոռոտախոսությունը, պարծենկոտությունը և եղեռնական տգիտությունը:

 

ՀԵՏԱՔՐՔԻՐ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԻՍԱՀԱԿՅԱՆԻ ԿՅԱՆՔԻՑ

 

Իսահակյանը սովորել է Լայպցիգի (Գերմանիա), հետո Ցյուրիխի համալսարաններում (Շվեյցարիա), ուսումնասիրել է գրականություն, փիլիսոփայություն։

 

***

 

20-րդ դարասկզբին Վիգեն անունը տարածված չէր։

Չորս ընկերները՝ Ավ․ Իսահակյանը, Լևոն Շանթը, Դ․ Դեմիրճյանը և Արշակ Ջամալյանը դեռևս ամուսնանալուց առաջ որոշել էին իրենց որդիներից մեկին անվանել Վիգեն՝ ի հիշատակ Անիի 7-րդ դարի իշխաններից մեկի, և նոր կյանք տալ այդ անվանը։

Չորս ընկերներն էլ հետագայում իրագործում են իրենց որոշումը։

 

***

Իսահակյանը մասնակցել է «ՆԵՄԵՍԻՍ» գործողության աշխատանքներին և Թալեաթ փաշայի սպանության կազմակերպիչներից էր։

 

Նա Կոստանդնուպոլսում տեսել էր Թալեաթին, և որքան էլ այդ մարդասպանը տարբեր երկրներում տարբեր կերպարներով էր հանդես գալիս, աչքերից կարողանում է ճանաչել նրան։

 

1921 թ․մարտի 15-ին, երբ Սողոմոն Թեհլերյանը կրակելով սպանում է Թալեաթին, փողոցի մյուս կողմում կանգնած Իսահակյանը պատրաստ սպասում էր, որ եթե հանկարծ Թեհլերյանը վրիպի, ինքը անի դա։

Այս մասին են վկայում գտնված փաստաթղթերը, նամակները։ Այդ փաստը «Հայրս» գրքում հաստատում է նաև Վարպետի որդին՝ Վիգեն Իսահակյանը։

 

***

«Հայդուկի երգերը»

 

Իսահակյանը «Դրոշակ» ամսագրում տպագրում է իր «Հայդուկի երգերը»՝ Հայ գուսան գրական անունով։

 

Մի անգամ Վերնատան հավաքներից մեկի ժամանակ Ղազարոս Աղայանը ասում է․

«Վստահ եմ, որ հեղինակը մեզնից մեկն է, կովկասահայ է, բայց թե ով է, չեմ հասկանում»։

Իսահակյանի դեմքի շիկնանքից շուտով բոլորը հասկանում են, թե ով է հեղինակը։

Աղայանը համբուրում է ճակատն ու ասում․

«Կեցցես, Ավո՛, դու առաջինը եղար, որ երգեց ազգային- ազատագրական պայքարը»։

 

***

 

Հանդիպում Կոմիտասի հետ

 

Արտասահմանում ապրելիս Իսահակյանը Կոմիտասի աշակերտուհու՝ Մարգարիտ Բաբայանի հետ այցելում է հոգեբուժարանում գտնող Կոմիտասին։

 

Կոմիտասը նրանց ճանաչում և ասում է․

 

-Դո՞ւ ես, Ավետիք, ու՞ր էիր, ինչո՞ւ այդքան ուշացար․․․

 

Իսահակյանը կարմիր խնձորներ է տալիս Կոմիտասին, հիշեցնում էջմիածնում անցկացրած օրերը։

 

Կոմիտասը տխուր ժպտում է, վերցնում խնձորները և հանկարծ մտահոգ հարցնում․

 

-Ավետի՛ք, ո՞ւր են թղթերս, գրվածքներս, ո՞ւր են, այրվել են․․․ ամենուր կրակ, արյուն․․․

 

-Թղթերդ այնտեղ են, էջմիածնում՝ քո սենյակում, դաշնամուրդ էլ է այնտեղ լավ պահպանված։ Այնտեղ բոլորը քեզ են սպասում, անպայման կգաս․․

 

Կոմիտասը մի պահ լսում է, հետո մի ակնթարթում մռայլվում։ Բժիշկն ասում է, որ գնալու ժամանակն է․․․

 

***

 

1937-ին Իսահակյանի ընտանիքը տեղափոխվում է նոր բնակարան։

Այստեղ նրանք Չարենցի հարևաններն էին։

 

Վիգեն Իսահակյանը պատմում է, որ մի անգամ, մայրը մի մեծ կաթսա հարիսա է եփում և հարսի՝ Բելլայի հետ մի աման էլ Չարենցին ուղարկում։

Չարենցն ախորժակով ուտում է և խնդրում Բելլային սպասել․

 

-Կա՛ց, Ավոյին իր գալիք ծննդյան առթիվ ուզում եմ մի նվեր անել։

 

Բելլան հիշեցնում է, որ նրա տարեդարձը հոկտեմբերի 30-ին է, և դեռ շատ ժամանակ կա։

 

-Կա ժամանակ, բայց ես ունե՞մ արդյոք ժամանակ․ այնպես որ ուզում եմ՝ Ավետիքն ինձնից հիշատակ ունենա։

 

Եվ գեղեցիկ հուշանվերներ է ուղարկում։

 

Չարենցը ճիշտ էր։

Հուլիսի 26-ին նրան ձերբակալում են։

Նա մահանում է նոյեմբերի 27-ին՝ բանտի հիվանդանոցում անտանելի տանջանքներ կրելուց հետո:

 

Ավ․ Իսահակյանը Ցյուրիխում, 1918 թ․

Մարտիրոս Սարյան «Ավ․ Իսահակյանի դիմանկարը», 1940 թ․

Հենրիկ Սիրավյան «Ավ. Իսահակյանը Կոմիտասի հետ Ներսիսյան լճի ափին։ Էջմիածին» :

 

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *