«Whatever you do, wherever you go, if you want to pee, you have to pee!»

Written by

in

Այս հատվածը իմ «Երկու ռոք-աստղ, երկու աղջիկ՝ չհաշված Արարատը» գրքից է, որը պատմում է 2009 թվականի «Հայաստանը շնորհակալ է ռոքին» նախագծի եզրափակիչ ընթրիքի մասին. 
«Երեկոյի վերջում արդեն գինովցած Իեն Գիլանը զուգարան ուզեց, որը վերևի հարկում էր: Որոշեցի ուղեկցել: Բարձրանում ենք աստիճաններով, մեկ էլ հանկարծ կտրուկ կանգ առավ, շրջվեց դեպի ինձ, նայեց չարաճճի, բայց միևնույն ժամանակ խիստ դեմքի արտահայտությամբ ու հստակ ասաց. «Whatever you do, wherever you go, if you want to pee, you have to pee!» («Ինչ էլ անես, ուր էլ գնաս՝ եթե ուզում ես միզել, պետք է միզես»)։ Այնուհետև հանգիստ շրջվեց և մտավ զուգարան»:
Starmus փառատոնը 15 տարի առաջ հիմնադրել են մեր հայրենակից, աստղաֆիզիկոս Գարիկ Իսրայելյանը եւ Queen-ի կիթառահար Բրայան Մեյը: 
Բրայան Մեյին հանդիպել էի մեկ անգամ՝ 2010 թվականի հոկտեմբերին Լոնդոնում՝ մեկնել էի Անգլիա Իեն Գիլանի եւ Թոնի Այոմիի հիմնած WhoCares սուպեռ-խմբի ձայնագրությանը ներկա լինելու համար: 
Քանի որ Բրայան Մեյը Իեն Գիլանի եւ Թոնի Այոմիի հետ չէր կարողացել 2009-ին Հայաստան գալ, որոշվեց, որ ինձ հետ կտանեմ նրա Պատվո շքանշանը եւ Լոնդոնում Հայաստանի դեսպանությունում պարգեւատրման արարողություն կլինի: Այս դրվագը եւս նկարագրված է «Երկու ռոք-աստղ, երկու աղջիկ՝ չհաշված Արարատը» գրքում:

Դրանից հետո Բրայան Մեյին չէի տեսել: 2022 թվականին, երբ Starmus-ը անցկացվեց Երեւանում, Գարիկին չխնդրեցի, որ հանդիպում կազմակերպի (չնայած՝ ուզում էի): Մտածում էի, որ ցանկացողներն այնքան շատ են լինելու, որ հանդիպումը որեւէ իրական բովանդակություն չէր ունենալու:
2010 թվականից հետո բավականաչափ էլ. նամակներ էինք փոխանակել Բրայան Մեյի հետ, ուստի նա, կարծում եմ, որոշակի պատկերացում ուներ իմ գոյության մասին:
Տեներիֆեում այս համերգի մեկնարկից առաջ մեդիա գոտում էի: Զուգարան ուզեցի եւ որոշեցի հետեւել Իեն Գիլանի խորհրդին: Մտա, ընդհանուր գոտում կանգնած իմ գործն եմ անում (կներեք մանրամասնությունների համար՝ դրանք կարեւոր են իրավիճակը նկարագրելու համար) ու ինքնս ինձ մտածում եմ. 
«Պատկերացնո՞ւմ ես, այս խցիկներից մեկի դուռը բացվեր ու դրանից Բրայան Մեյը դուրս գար»: Անցնում է 10-15 վայրկյան, կողքի խցիկի դուռը բացվում է, Բրայան Մեյը դուրս է գալիս ու գնում է լվացվելու:
Ի՞նչ կլինես: Նետվում եմ դեպի լվացարան, ձեռքերս միաժամանակ լվանում ու սրբում եմ անձեռոցիկներով, իսկ Բրայան Մեյը շատ բարեհամբույր ու մի փոքր զարմացած ինձ է նայում:
«Բարեւ Ձե՛զ: Ես Արան եմ՝ Հայաստանից: Դու՛ք ինձ, իհարկե, չեք հիշում, բայց մենք հանդիպել ենք Լոնդոնում Հայաստանի դեսպանությունում, ես Ձեր շքանշանն էի բերել»:

Լայն ժպտում է, կարծում եմ, որ դեմքս չի հիշում, բայց հանդիպման փաստը հաստատ մտաբերում է: Այդպես լվացարանի մոտ կանգնած մի քանի բառ փոխանակեցինք, հետո միասին զուգարանից դուրս եկանք:
Այնպես որ, իսկապես. «Whatever you do, wherever you go, if you want to pee, you have to pee!»:
Արա Թադեւոսյանը Մեդիամաքսի տնօրենն է։

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *