«Սեւ խոռոչների արձագանքները»՝ լեգենդար Ռիք Ուեյքմանի վերադարձը Starmus VIII-ում

Written by

in

Starmus գիտության եւ արվեստի փառատոնը հազվադեպ է անցնում առանց վառ երաժշտական պրեմիերաների։ Բացառություն չէր նաեւ 2026 թվականի հոկտեմբերի 17–ից 22-ը Տեներիֆեում եւ Լա Պալմայում կայացած Starmus VIII (The Search for Truth) փառատոնը: 
Հոկտեմբերի 18-ին Պլայա դե լաս Ամերիկասի Pirámide de Arona համերգասրահում կայացավ լեգենդաև ստեղնահար, պրոգրեսիվ ռոքի առանցքային դեմքերից մեկը՝ Ռիք Ուեյքմանի, դաշնամուրի եւ կամերային նվագախմբի համար գրված «Սեւ խոռոչների արձագանքները» (Echoes from Black Holes) ստեղծագործության պրեմիերան։
1960-ականների վերջին եւ 1970-ականների սկզբին Ռիք Ուեյքմանը Լոնդոնի ամենապահանջված երաժիշտներից էր։ Նա, մասնավորապես, նվագակցել է Դեյվիդ Բոուիին՝ «Space Oddity» եւ «Life on Mars?» հիթերում:
Ուեյքմանը լայն ճանաչում ձեռք բերեց որպես Yes խմբի անդամ։ 1971-ից 2004 թվականներին նա հինգ անգամ խմբի անգամ է եղել եւ նվագել է Yes-ի դասական ալբոմներում՝ «Fragile» եւ «Close to the Edge»։ 2017 թվականին Ռիք Ուեյքմանը Yes-ի կազմում ընդգրկվեց Ռոք-ն-ռոլի Փառքի սրահում։
2012 թվականին նա դարձավ Երաժշտության թագավորական քոլեջի պատվավոր անդամ, իսկ 2021 թվականին Եղիսաբեթ II թագուհին Ռիք Ուեյքմանին շնորհեց Բրիտանական կայսրության շքանշանի կոմանդորի (CBE) կոչում։
Ելույթից առաջ Ռիք Ուեյքմանը պատմեց, որ «Սեւ խոռոչների արձագանքները» ստեղծելու գաղափարը պատկանում է Starmus-ի համահիմնադիր եւ տնօրեն Գարիկ Իսրայելյանին։ Վերջինս առաջարկել էր հատվածներ առանձնացնել սեւ խոռոչների մասին Սթիվեն Հոքինգի դասախոսություններից մեկից, որպես Ուեյքմանը դրանց հիման վրա երաժշտություն գրի, որի կատարումը կուղեկցվի հատուկ տեսաշարով։
Բոլոր նրանք, ովքեր այդ օրը Pirámide de Arona-ում էին, կարող են վկայել, որ Ռիք Ուեյքմանը հրաշալի երաժշտություն է գրել։ Առաջինը ոտքի կանգնեց եւ սկսեց ծափահարել Queen խմբի կիթառահար եւ Starmus-ի համահիմնադիր Բրայան Մեյը։ Մեյն ու Ուեյքմանը ընկերներ են ավելի քան 50 տարի, եւ հենց Մեյի շնորհիվ էր, որ Ուեյքմանը փառատոնի «երաժշտական դեսպաններից» մեկն է դարձել։
Հանդիսատեսները չէին ուզում հեռանալ դահլիճից եւ շարունակում էին ծափահարել։ Ռիք Ուեյքմանը վերադարձավ բեմ եւ շփոթված խոստովանեց, որ ոչինչ չի պատրաստել, քանի որ չէր սպասում, թե իրեն նորից բեմ կանչեն։ Բայց հանդիսատեսները համառում էին եւ երաժիշտը նոր հաճույք պարգեւեց նրան՝ դասական կոմպոզիտորների ոճով ներկայացնելով The Beatles-ի երկու հիթ։ «Help!»-ը հնչեց որպես ռոմանտիկ պիես՝ Սեն-Սանսի ոգով, իսկ «Eleanor Rigby»-ն գործիքավորել էր Սերգեյ Պրոկոֆեւի ոճով։
«Սեւ խոռոչների արձագանքներին» լրացուցիչ արժեք է հաղորդում այն փաստը, որ վերջին շրջանում Ռիք Ուեյքմանը լուրջ առողջական խնդիրներ է ունեցել։
77-ամյա երաժիշտը Music-News.com-ին տված հարցազրույցում պատմել է, որ նախորդ տարվա մեծ մասը չէր կարողանում քայլել նորմոթենզիվ հիդրոցեֆալիայի պատճառով եւ ստիպված էր ուղեղի վիրահատության ենթարկվել։ 
Վիրահատությունից հետո նա մի քանի ամիս աշխատել էր «Սեւ խոռոչների արձագանքների» վրա, եւ Տեներիֆեում կայացած պրեմիերան նրա համար իսկական «վերադարձ» դարձավ: 
2014 թվականից ի վեր Ռիք Ուեյքմանը ելույթ է ունեցել Starmus-ի գրեթե բոլոր փառատոններում։
2016 թվականին Տեներիֆեում կայացած համերգի ժամանակ նա նվագակցեց տիեզերագնաց Քրիս Հեդֆիլդին, որը կատարեց Դեյվիդ Բոուիի «Space Oddity» եւ «Starman» երգերը։
2019 թվականին Ցյուրիխում կայացած Starmus V փառատոնում Ուեյքմանը Հանս Ցիմերի, Բրայան Մեյի եւ Սթիվ Վայի հետ ելույթ ունեցավ «Once Upon a Time on the Moon» բացման համերգին։ 2022 թվականին Ռիք Ուեյքմանը Երեւանում կայացած Starmus VI փառատոնի ամենակարեւոր մասնակիցներից էր։
Կարդացեք նաեւ.
«B մոլորակ» չկա կամ Նոբելյան դափնեկիրների բանավեճը Քամ Ղաֆարիանի հետ
«Աստղերի սիմֆոնիան» եւ «ճշմարտության որոնումը» Տեներիֆեում
Արա Թադեւոսյան (Տեներիֆե-Երեւան)
Mediamax.am կայքում Starmus VIII փառատոնի լուսաբանման բացառիկ գործընկերը Dexatel ընկերությունն է: 

Dexatel-ը բիզնեսներին հնարավորություն է տալիս տարբեր հաղորդակցման ալիքները կառավարել մեկ միասնական հարթակից։ 
Ընկերության գործունեության եւ առաջիկա ծրագրերի մասին կարող եք տեղեկանալ՝ ընթերցելով Dexatel-ի համահիմնադիր եւ գործադիր տնօրեն Լիլիա Եղիազարյանի հարցազրույցը. https://banks.am/am/news/interviews/31370: 

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *