Հայաստանի Պրեմիեր լիգայի 11-րդ տուրի կենտրոնական՝ «Արարատ-Արմենիա» – «Նոա» հանդիպումից հետո կրքերը չեն հանդարտվում։ Այսօր՝ հոկտեմբերի 27-ին, «Նոա» ֆուտբոլային ակումբի մամուլի ծառայությունը հանդես է եկել կոշտ հայտարարությամբ՝ խիստ քննադատության ենթարկելով հանդիպումը սպասարկած մրցավար Հենրիկ Նալբանդյանի աշխատանքը։
Ակումբը հրապարակել է խաղային դրվագներից մեկը՝ այն վերնագրելով «Հենրիկ Նալբանդյանի խայտառակ մրցավարությունը», և կից ներկայացրել հետևյալ գրառումը.
«Գուցե մտածեք, որ այս խախտման համար սպիտակ խաղաշապիկով ֆուտբոլիստը կարմիր քարտ կստանա, բայց հայկական մրցավարության պայմաններում դեմքին արմունկով հարված ստացած Արամ Խամոյանն է դեղին քարտ ստանում։ Սա է հայկական մրցավարության և նշված մրցավարի իրական դեմքը, որի մասին բազմիցս խոսել ենք»։
Հիշեցնենք, որ 11-րդ տուրի շրջանակում կայացած սկզբունքային դիմակայությունում գործող չեմպիոն «Արարատ-Արմենիան» սեփական հարկի տակ 2:1 հաշվով առավելության էր հասել փոխչեմպիոն «Նոայի» նկատմամբ։
Պորտուգալացի մասնագետ Մանուել Տուլիպայի գլխավորած թիմին հաջողվել էր արագ գոլ խփել. արդեն 9-րդ րոպեին հաշիվը բացել էր բրազիլացի հարձակվող Սանդրո Լիման։ 22-րդ րոպեին դաշտի տերերը կրկնապատկել էին առավելությունը. Ժիրայր Շաղոյանի հարվածից հետո գնդակը հայտնվել էր ցանցում՝ որպես ինքնագոլ գրանցվելով «Նոայի» կիսապաշտպան Արամ Խամոյանի անվան դիմաց։
Հանդիպման 81-րդ րոպեին «Նոայի» սերբ հարձակվող Մարկո Լազետիչին հաջողվել էր կրճատել հաշվի տարբերությունը և վերականգնել խաղի ինտրիգը, սակայն հիմնական ժամանակի վերջին՝ 90-րդ րոպեին, հյուրերը մնացել էին թվային պակասությամբ. վերջին հույսի խախտման համար ուղիղ կարմիր քարտով խաղադաշտից հեռացվել էր գվադելուպցի պաշտպան Նաթանիել Սաինտինին։
Չնայած կրած պարտությանը՝ «Նոան» 28 միավորով շարունակում է միանձնյա գլխավորել ՀՊԼ-ի մրցաշարային աղյուսակը, իսկ «Արարատ-Արմենիան» այս հաղթանակից հետո վաստակեց 26 միավոր և ընդհուպ մոտեցավ առաջատարին՝ զբաղեցնելով երկրորդ հորիզոնականը։
Armsport
Հետևեք մեզ՝ այստեղ
Leave a Reply