2026 թվականի հոկտեմբերի 25-ին Հայաստանի 21 համայնքում անցկացվելիք տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) ընտրություններին ընդառաջ ընտրացուցակներից դուրս են մնացել ավելի քան 112 հազար քաղաքացու տվյալներ։ Պատճառը ընտրական օրենսդրությամբ սահմանված՝ վերջին երկու տարվա ընթացքում Հայաստանում փաստացի գտնվելու նվազագույն ժամկետի պահանջը չբավարարելն է։
Ներքին գործերի նախարարության (ՆԳՆ) տվյալներով՝ հոկտեմբերի 25-ի ընտրություններին ընդառաջ հայտնաբերվել է 112 485 անձ, որոնք քվեարկության օրվան նախորդող սահմանված ժամանակահատվածում Հայաստանում չեն գտնվել առնվազն 366 օր։
«Փաստերի ստուգման հարթակը» գրավոր հարցմամբ դիմել է ՆԳՆ՝ պարզելու, թե Ընտրական օրենսգրքում կատարված փոփոխություններից հետո որքան քաղաքացու տվյալ չի ընդգրկվել ընտրացուցակներում, ինչպես է իրականացվում ընտրողների՝ Հայաստանում փաստացի գտնվելու օրերի հաշվարկը, և ինչ հնարավորություններ ունեն այն քաղաքացիները, որոնք կարծում են, որ անհիմն դուրս են մնացել ընտրացուցակներից։
Ի՞նչ է նախատեսում օրենքը
Հայաստանի ընտրական օրենսգրքի 2-րդ հոդվածը տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին մասնակցելու համար նախատեսում է մի շարք պայմաններ։
Դրանցից մեկը վերաբերում է Հայաստանի Հանրապետությունում փաստացի գտնվելու տևողությանը։
Հիշեցնենք՝ խորհրդարանական ընտրություններից հետո կառավարությունը հանդես եկավ ընտրական օրենսդության մեջ փոփոխություններով, որի համաձայն՝ քաղաքացին նախորդ 730 օրվա ընթացքում պետք է Հայաստանում գտնված լինի առնվազն 366 օր։ Ազգային ժողովի կողմից ընդունված նոր փոփոխությունը նախատեսում է նաև որոշ բացառություններ և ընտրողների՝ ցուցակներում ընդգրկվելու հատուկ ընթացակարգեր։
Ընդգծենք՝ Հայաստանում հաշվառված լինելը դեռ չի նշանակում, որ քաղաքացին ինքնաբերաբար ընդգրկվում է տվյալ համայնքի ՏԻՄ ընտրությունների ընտրողների ցուցակում։ Ընտրական օրենսգրքի համաձայն՝ ՀՀ քաղաքացին, որպես ընդհանուր կանոն, պետք է լինի առնվազն 18 տարեկան, ընտրությունն անցկացվող համայնքում ունենա առնվազն վեց ամսվա հաշվառում և բավարարի Հայաստանում փաստացի գտնվելու պահանջը։
ՆԳՆ-ից մանրամասնում են, որ ընտրություններից առաջ ստուգվում է, թե քվեարկության օրվան նախորդող 48-րդ օրվա դրությամբ անձը դրան նախորդող 730 օրվա ընթացքում արդյո՞ք առնվազն 366 օր գտնվել է Հայաստանում։
Պարզ ասած՝ հաշվարկվում է ընտրություններից մոտավորապես երկու տարի առաջ ընկած ժամանակահատվածում քաղաքացու՝ Հայաստանում գտնվելու օրերի ընդհանուր թիվը։
Եթե անձը չի բավարարում այդ պահանջը, ապա նրա տվյալները չեն ընդգրկվում տվյալ ընտրությունների ընտրացուցակում։
112 հազարից ավելի անձ՝ ընտրացուցակներից դուրս
ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը «Փաստերի ստուգման հարթակի» հոկտեմբերի 12-ի հարցմանն ի պատասխան տրամադրել է երկու ընտրությունների վերաբերյալ տվյալներ։
| Ընտրությունների օրը | Հայաստանում գտնվելու օրերի պահանջը չբավարարող անձինք |
| 2026 թ․ սեպտեմբերի 27 | 1 652 |
| 2026 թ․ հոկտեմբերի 25 | 112 485 |
Պետք է նշել, որ 112 485 թիվը չի նշանակում, որ նույնքան քաղաքացի նոր է արտագաղթել Հայաստանից։ Այն վերաբերում է ընտրական օրենսդրությամբ սահմանված ժամանակահատվածում Հայաստանում գտնվելու անհրաժեշտ քանակի օրերի պահանջը չբավարարող անձանց։
Ինչպե՞ս են քաղաքացիների տվյալները դուրս մնում ընտրացուցակներից
ՆԳՆ-ից պարզաբանել են, որ ընտրողների ցուցակների ստուգումն իրականացվում է յուրաքանչյուր ընտրությունից առաջ։
Քվեարկության օրվան նախորդող 48-րդ օրվա դրությամբ ստացված ընտրացուցակները համադրվում են սահմանային էլեկտրոնային կառավարման տեղեկատվական (ՍԷԿՏ) համակարգում առկա տվյալների հետ։
Դրանց հիման վրա հաշվարկվում է, թե ընտրելու իրավունք ունեցող անձանցից ովքեր են բավարարում Հայաստանում փաստացի գտնվելու օրերի պահանջը։
Նախարարությունից հայտնել են․
«ՀՀ-ում փաստացի 366 և ավելի օր չգտնվող անձանց տվյալները տեղադրվում են ֆիլտր համակարգ և հանվում ընտրողների ռեգիստրից»։
Միաժամանակ գերատեսչությունը պարզաբանել է, որ տվյալների բացառումը կատարվում է համապատասխան ընտրությունների համար՝ ֆիլտրման եղանակով։
Այսինքն՝ խոսքը կոնկրետ ընտրությունների ընտրացուցակում ընտրողի տվյալները չներառելու մասին է։
Հաջորդ ընտրություններից առաջ կատարվում է նոր հաշվարկ՝ արդեն տվյալ ընտրության համար սահմանված ժամանակահատվածի հիման վրա։
Ո՞ր համայնքներում են ամենաշատ քաղաքացիները դուրս մնացել ընտրացուցակներից
«Փաստերի ստուգման հարթակը» ՆԳՆ-ից հետաքրքրվել էր նաև, թե ընտրացուցակներում չընդգրկված անձինք ինչպես են բաշխվում ըստ համայնքների։
Սակայն նախարարությունը համայնքային տվյալներ չի տրամադրել՝ նշելով, որ նման վիճակագրություն չի վարվում։
«ՀՀ-ում գտնվելու օրերը չբավարարող անձանց թվաքանակի վերաբերյալ վիճակագրություն ըստ համայնքների չի վարվում», — հայտնել են ՆԳՆ-ից։
Այսպիսով, թեև գերատեսչությունը ներկայացնում է 112 485 անձի ընդհանուր ցուցանիշ, հայտնի չէ, թե նրանցից քանիսն են հաշվառված Գորիսում, Մեղրիում, Հրազդանում, Արտաշատում կամ ընտրություններին մասնակցող մյուս համայնքներում։
Համայնքային տվյալների բացակայությունը սահմանափակում է նաև ընտրացուցակների փոփոխությունների ազդեցությունը գնահատելու հնարավորությունը։
Օրինակ՝ հնարավոր չէ պարզել, թե տվյալ համայնքի ընտրողների քանի տոկոսը չի ընդգրկվել ընտրացուցակում Հայաստանում փաստացի գտնվելու օրերի պահանջը չբավարարելու պատճառով։
Սա հատկապես կարևոր է փոքր համայնքների դեպքում, որտեղ նույնիսկ մի քանի տասնյակ ընտրողի տարբերությունը կարող է էական լինել ընտրողների ընդհանուր թվի համեմատ։
Ընտրողների ռեգիստրը մշտապես գործող է, բայց ցուցակները փոխվում են
ՆԳՆ-ն նաև պարզաբանել է, որ Հայաստանում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների համար առանձին ընտրողների ռեգիստր չի վարվում։
Ընտրական օրենսգրքի 9-րդ հոդվածի համաձայն՝ Հայաստանի ընտրողների ռեգիստրը մշտապես վարվող փաստաթուղթ է, որը կազմվում է ըստ մարզերի և համայնքների։
Դրանում ընդգրկվում են բնակչության պետական ռեգիստրում ներառված, Հայաստանի որևէ համայնքում հաշվառված և ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիները։
Սակայն յուրաքանչյուր ընտրությունից առաջ այդ տվյալները ստուգվում են տվյալ ընտրությունների համար նախատեսված պահանջներով։
«Յուրաքանչյուր ընտրությունից առաջ քվեարկության օրվան նախորդող 48-րդ օրվա դրությամբ կատարվում է ՀՀ-ում գտնվելու օրերի հաշվարկ՝ տվյալ ընտրություններին ընտրելու իրավունք ունեցող բոլոր անձանց վերաբերյալ», — հայտնել են ՆԳՆ-ից։
Այսպիսով, ընտրողների ռեգիստրում հաշվառված անձանց և կոնկրետ ընտրությունների ընտրացուցակում ընդգրկված անձանց թվերը կարող են տարբերվել։
Ի՞նչ են ցույց տալիս տվյալները
ՆԳՆ-ի տրամադրած տեղեկությունները ցույց են տալիս, որ 2026 թվականի հոկտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրություններին ընդառաջ 112 485 անձի տվյալ չի ընդգրկվել համապատասխան ընտրացուցակներում՝ Հայաստանում փաստացի գտնվելու օրերի պահանջը չբավարարելու հիմքով։
Միաժամանակ, այս թիվը չի կարելի նույնացնել արտագաղթած քաղաքացիների թվի հետ կամ դիտարկել որպես ընտրական իրավունքի մշտական կորուստ։
Ուշագրավ է, որ ՆԳՆ-ն չի վարում համայնքային վիճակագրություն, ինչի հետևանքով հնարավոր չէ գնահատել, թե նշված 112 հազարից ավելի անձանց տվյալների բացառումն ինչ չափով է փոխել յուրաքանչյուր համայնքի ընտրողների թիվը։
Այսպիսով, թեև ընտրացուցակների ճշգրտման գործընթացը նախատեսված է օրենսդրությամբ, դրա արդյունքների համայնքային բաշխման բացակայությունը թույլ չի տալիս ամբողջությամբ գնահատել փոփոխությունների մասշտաբը և դրանց հնարավոր ազդեցությունը տեղական ընտրությունների ընտրազանգվածի վրա։
Արեն Նահապետյան
Այս հոդվածը պատրաստվել է Ժողովրդավարության զարգացման հիմնադրամի (ԺԶՀ ) աջակցությամբ՝ «Գործընկերություն հանուն ժողովրդավարության» ծրագրի շրջանակում: Այս հոդվածի բովանդակության համար պատասխանատվությունը կրում է «Փաստերի ստուգման հարթակը», եւ այն ոչ մի դեպքում չի կարող համարվել ԺԶՀ դիրքորոշումը։
Leave a Reply