Հայաստանի՝ դեպի ԵՄ «ձգտումը» դիվերսիֆիկացում ներկայացնելը՝ քարոզչական միֆ

Written by

in

«Փաստ» օրաթերթը գրում է.

 Հայաստանի եվրոպական ուղղության շուրջ ձևավորված քաղաքական բառապաշարում առանցքային տեղ է զբաղեցնում «արտաքին քաղաքականության դիվերսիֆիկացում» հասկացությունը, որը առաջին հայացքից հնչում է որպես ողջամիտ, հավասարակշռված և պետական շահից բխող մոտեցում։ Չէ՞ որ փոքր, անվտանգային առումով խոցելի, փակ սահմաններով, սահմանափակ շուկաներով ու կախվածությունների ծանր ժառանգությամբ երկիրը, տրամաբանորեն, պետք է ձգտի ընդլայնել իր արտաքին կապերը, չկենտրոնանալ մեկ ուժային կենտրոնի վրա, չդառնալ մեկ ռազմական, տնտեսական կամ էներգետիկ համակարգի պատանդը և փորձել տարբեր ուղղություններից ստանալ անվտանգային, տնտեսական, տեխնոլոգիական ու ինստիտուցիոնալ հավել յալ հնարավորություններ։

 Այս իմաստով Հայաստանի կողմից Եվրամիության հետ հարաբերությունների խորացումը, քաղաքական երկխոսության զարգացումը, բարեփոխումների օրակարգի առաջմղումը, ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդման փորձը, սահմանների կառավարման, արդարադատության, կրթության, էներգետիկ անվտանգության, ենթակառուցվածքների և տնտեսական դիմակայունության ոլորտներում եվրոպական աջակցության ներգրավումը ինքնին ոչ միայն խնդրահարույց չէ, այլև կարող է լինել (և այդպես էլ կա) անհրաժեշտ։

Սակայն հենց այստեղից էլ սկսվում է այն հիմնական հակասությունը, որը Հայաստանի իշխանական քարոզչությունը հաճախ փորձում է ծածկել «դիվերսիֆիկացում» բառի հարմարավետ, բայց չափազանց ընդհանուր և քաղաքականապես մեղմացված ձևակերպման տակ։ Հայաստանի՝ ԵՄ-ին անդամակցության ձգտումը, որքան էլ գեղեցիկ այն ներկայացվում է որպես իրական ռազմավարական այլընտրանք գործող ուժային, տնտեսական և ենթակառուցվածքային կենտրոններին, պետք է չափվի եվրոպական կոնկրետ ներկայությամբ, կոնկրետ կապիտալով, կոնկրետ ենթակառուցվածքներով, կոնկրետ պարտավորություններով, կոնկրետ շուկաներով, կոնկրետ անվտանգային մեխանիզմներով և կոնկրետ երկարաժամկետ ներգրավվածությամբ։ Իսկ այս չափանիշներով դիտարկելիս պարզ է դառնում, որ Հայաստանի՝ դեպի ԵՄ ձգտումը որպես լիարժեք դիվերսիֆիկացում ներկայացնելը մեծապես քարոզչական միֆ է, որովհետև դիվերսիֆիկացումը արտաքին քաղաքականության մեջ ենթադրում է իրական կախվածությունների կառուցվածքը փոխել, ռիսկերը վերաբաշխել, տնտեսական և անվտանգային ծանրության կենտրոնները բազմապատկել և այնպիսի նոր կապեր ստեղծել, որոնք կարող են դիմանալ ճգնաժամերին, իշխանափոխություններին, տարածաշրջանային ցնցումներին ու աշխարհաքաղաքական հակամարտություններին։

 

 

Հայաստանի պարագայում ԵՄ-ի հետ հարաբերությունների խորացման մասին խոսելիս պետք է նախ հստակ տարանջատել երեք տարբեր մակարդակ, որոնք իշխանական հռետորաբանության մեջ հաճախ խառնվում են իրար (հիմնականում՝ դիտավորյալ)։

Առաջինը Եվրոպական միության հետ գործընկերությունն է, երկրորդը՝ Եվրոպայի հետ արժեքային և ինստիտուցիոնալ մոտեցումը, երրորդը՝ Եվրամիությանը անդամակցության իրական քաղաքական և տնտեսական հեռանկարը։

Առաջինը գոյություն ունի և կարող է շարունակվել՝ անկախ անդամակցության հարցից. Հայաստանը կարող է ստանալ դրամաշնորհներ, վարկեր, տեխնիկական աջակցություն, փորձագիտական օգնություն, դիտորդական առաքելություն, ինստիտուցիոնալ բարեփոխումների աջակցություն, կրթական ծրագրեր, քաղաքացիական հասարակության ֆինանսավորում և որոշակի շուկայական արտոնություններ։

Երկրորդը ևս կարող է լինել նպատակային, եթե Հայաստանը իսկապես ցանկանում է ունենալ ավելի արդյունավետ պետական կառավարում, անկախ դատական համակարգ, ավելի հաշվետու ինստիտուտներ, մրցակցային տնտեսություն, կոռուպցիայի նվազեցում, հանրային վերահսկողություն և մարդու իրավունքների պաշտպանության ավելի բարձր չափանիշներ։

Բայց երրորդը՝ ԵՄ անդամակցությունը, որակապես այլ իրականություն է։ Դա ոչ միայն քաղաքական ցանկություն է, այլ երկար տարիների, երբեմն տասնամյակների ինստիտուցիոնալ, իրավական, տնտեսական, անվտանգային և աշխարհաքաղաքական գործընթաց, որի վերջնական արդյունքը կախված է ոչ միայն Հայաստանի ցանկությունից, այլև ԵՄ բոլոր անդամների միաձայն որոշումներից, ԵՄ ընդլայնման քաղաքական տրամադրություններից, տարածաշրջանային անվտանգային իրադրությունից, Թուրքիայի, Ռուսաստանի, Իրանի, Ադրբեջանի, Վրաստանի և ավելի լայն աշխարհաքաղաքական համակարգի արձագանքներից, ինչպես նաև Հայաստանի սեփական կարողություններից։

Եթե իշխանությունը այս երեք մակարդակները միավորում է մեկ հուզական կարգախոսի մեջ՝ «Հայաստանը գնում է դեպի ԵՄ», ապա հանրության համար ստեղծվում է այն տպավորությունը, թե դիվերսիֆիկացիան արդեն տեղի է ունենում, մինչդեռ իրականում կարող է տեղի ունենալ միայն հռետորական տեղաշարժ՝ առանց նյութական հիմքի։

 Դիվերսիֆիկացումը չափվում է ոչ թե նրանով, թե որ մայրաքաղաքներում են ընդունում հայկական պատվիրակություններին, կամ ինչ դրական հայտարարություններ են արվում Հայաստանի «ժողովրդավարական փայլուն ուղու» մասին, այլ նրանով, թե արտաքին կենտրոններից յուրաքանչյուրը ինչպիսի երկարաժամկետ շահ ունի Հայաստանում և որքանով է պատրաստ այդ շահը պաշտպանել ռեսուրսով։

Ռուսական ներկայությունը Հայաստանում, անկախ դրա հետ կապված քաղաքական գնահատականներից, ունեցել և շարունակում է ունենալ կոնկրետ նյութական ձևեր՝ էներգետիկ համակարգում խորքային ներգրավվածություն, գազային ենթակառուցվածքներ, ռազմավարական օբյեկտներ, կապիտալի ներկայություն, շուկայի հասանելիություն, աշխատանքային միգրացիայի համակարգ, տրանսպորտային ու լոգիստիկ կապեր, անվտանգության ոլորտում երկարատև ինստիտուցիոնալ ժառանգություն։

Ամերիկյան ուղղությամբ ևս վերջին շրջանում ձևավորվում են ավելի կոնկրետ նախաձեռնություններ, հատկապես տարածաշրջանային հաղորդակցությունների և TRIPP երթուղու տրամաբանության շրջանակում, որտեղ խոսքը ոչ միայն քաղաքական հայտարարությունների, այլև աշխարհաքաղաքական, տրանսպորտային և առևտրային նոր ճարտարապետության մասին է, որի մեջ ԱՄՆ-ը փորձում է ունենալ որոշակի դերակատարում։ Ամերիկյան կողմի հետ երկարաժամկետ համագործակցության հիմք է ստեղծում նաև Հայաստանի նման փոքր երկրի տարածքում խոշորածավալ տվյալների կենտրոնի ստեղծումը։

Այս երկու օրինակները ցույց են տալիս, որ մեծ կենտրոնների իրական ներկայությունը սովորաբար արտահայտվում է ոչ թե բարեփոխումների մասին ընդհանուր աջակցությամբ, այլ ենթակառուցվածքներով, էներգետիկ կապերով, երկարաժամկետ ներդրումներով, շուկաներով, անվտանգության կամ հաղորդակցության համակարգերով և տեխնոլոգիական համագործակցությամբ։ Եվ հենց այս համեմատության մեջ է ակնհայտ դառնում եվրոպական ուղղության հիմնական թուլությունը։ ԵՄ-ն Հայաստանի համար կարևոր դոնոր է, քաղաքական գործընկեր է, բարեփոխումների աջակից է, դիտորդական ներկայություն ապահովող դերակատար է, բայց առայժմ դժվար է ասել, որ այն դարձել է այնպիսի ռազմավարական տնտեսական և ենթակառուցվածքային կենտրոն, որի ներկայությունը կարող է փոխարինել կամ հավասարակշռել Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Իրանի կամ նույնիսկ տարածաշրջանային այլ խաղացողների խորքային ազդեցությունը։

Եվրոպական միությունը Հայաստանի համար հաճախ հանդես է գալիս որպես «նորմատիվ ուժ»՝ մի կենտրոն, որը ֆինանսավորում է բարեփոխումներ, խոսում է ժողովրդավարությունից, օրենքի գերակայությունից, մարդու իրավունքներից, պետական կառավարման որակից, տնտեսական դիմակայունությունից, էներգետիկ արդյունավետությունից և քաղաքացիական հասարակության ամրապնդումից։ Սրանք բոլորն անհրաժեշտ ուղղություններ են, և դրանք չպետք է թերագնահատել։ Սակայն նորմատիվ աջակցությունը դեռ չի նշանակում ռազմավարական այլընտրանք։ Եթե երկիրն ունի էներգետիկ կախվածություն մեկ մատակարարից, ապա կոռուպցիայի դեմ սեմինարը չի փոխարինում նոր գազատարին, էլեկտրաէներգետիկ փոխկապակցման նախագծին կամ խոշոր վերականգնվող էներգետիկ ներդրմանը։ Եթե երկիրն ունի սահմանային անվտանգային սպառնալիքներ, ապա ինստիտուցիոնալ կարողությունների զարգացման ծրագիրը չի փոխարինում անվտանգության երաշխիքներին, սպառազինության մատակարարմանը, հետախուզական համագործակցությանը կամ պաշտպանական արդյունաբերության զարգացմանը։ Եթե երկիրը կորցնում է արտահանման շուկաներ, ապա տեխնիկական աջակցությունը չի փոխարինում այնպիսի առևտրային պայմանագրերին, որոնք իրականում կբացեն նոր շուկաներ հայկական արտադրողի համար։ Եթե երկիրը տրանսպորտային կախվածություն ունի սահմանափակ միջանցքներից, ապա ժողովրդավարական բարեփոխումների ֆինանսավորումը չի փոխարինում խոշոր ճանապարհային, երկաթուղային, նավահանգստային կամ լոգիստիկ ներդրումներին։ Նման օրինակների շարքը կարելի է երկար շարունակել։ Հենց այս պատճառով է, որ Հայաստանի՝ դեպի ԵՄ ձգտումը դիվերսիֆիկացում ներկայացնելը դառնում է միֆական, երբ այն չի ուղեկցվում այնպիսի նյութական հիմքով, որը կարող է փոխել երկրի իրական կախվածությունների քարտեզը։

 ԵՄ աջակցությունը Հայաստանի համար, անշուշտ, ունի արժեք։ Այն կարող է նպաստել կառավարման բարելավմանը, պետական ինստիտուտների արդիականացմանը, սահմանային կառավարման կարողությունների բարձրացմանը, փոքր և միջին բիզնեսի զարգացմանը, էներգետիկ արդյունավետությանը, կրթական և գիտական կապերին, մարզային ենթակառուցվածքներին, իրավական բարեփոխումներին։ Սակայն խնդիրն այն է, որ այդ ծրագրերը հիմնականում նախագծային են, հատվածային, ժամանակային առումով սահմանափակ և քաղաքական կամ ֆինանսական առաջնահերթությունների փոփոխության դեպքում կարող են դադարեցվել, կրճատվել կամ վերաձևակերպվել։ Դրանք հաճախ չեն ստեղծում այնպիսի փոխադարձ կախվածություն, որը ԵՄ-ին կդարձնի Հայաստանի ներսում երկարաժամկետ շահառու և պատասխանատու դերակատար։ Դոնորական ներկայությունը և ռազմավարական ներկայությունը տարբեր բաներ են։ Դոնորը կարող է ֆինանսավորել ծրագիր, ավարտել այն և հեռանալ։ Ռազմավարական ներդրողը կառուցում է ենթակառուցվածք, կապում է իր կապիտալը երկրի ապագայի հետ, ստեղծում է աշխատատեղեր, շահագրգռվում է կայունությամբ, ազդում է տարածաշրջանային հաշվարկների վրա և երկարաժամկետ շահ է ձևավորում։

Եթե Հայաստանն իսկապես ցանկանում է եվրոպական ուղղությունը դարձնել դիվերսիֆիկացիայի իրական բաղադրիչ, պետք է ձգտի ԵՄ-ից ստանալ աջակցություն դրամաշնորհների և այլ աջակցության տարբերակների տեսքով, այլ կապիտալի ներդրման և ենթակառուցվածքային ներկայության տեսքով։ Մյուս կողմից էլ՝ եթե եվրոպական ֆինանսական հոսքերը հիմնականում ուղղվում են ռուսական ազդեցության նորմատիվ կամ քաղաքական սահմանափակմանը, բայց չեն ստեղծում փոխարինող արտադրական, էներգետիկ, տրանսպորտային և անվտանգային հենասյուներ, ապա երկիրը կարող է հայտնվել ավելի վտանգավոր վիճակում. հինը թուլանում է, նորը չի ձևավորվում։

Իսկ փոքր պետության համար ամենավտանգավոր վիճակը ոչ թե միայն կախվածությունն է, այլ կախվածության և անորոշության համադրությունը, երբ նախկին համակարգն այլևս լիարժեք չի գործում, նոր համակարգը դեռ չի ձևավորվել, իսկ անցումային շրջանի արժեքը մնում է հասարակության ուսերին։

Հայաստանի եվրոպական ձգտումների շուրջ ձևավորված միֆականացումը կապված է նաև այն բանի հետ, որ ԵՄ-ն հաճախ ներկայացվում է որպես գրեթե ինքնաբերաբար բարեկեցություն ապահովող տարածք։ Հանրային խոսքում եվրոպական ուղղությունը երբեմն նույնացվում է բարձր կենսամակարդակի, օրենքի գերակայության, ազատ տեղաշարժի, ներդրումների, անվտանգության և արդիականացման հետ։ Բայց այդ ամենը ԵՄ անդամ երկրներում ձևավորվել է երկար պատմական գործընթացների, ինստիտուցիոնալ զարգացման, տնտեսական ինտեգրման, հսկայական ֆինանսական վերափոխումների, շուկաների չափերի, կրթության, արտադրողականության և քաղաքական կայունության արդյունքում։

ԵՄ-ի հետ հարաբերությունների խորացումը ինքնաբերաբար չի դարձնում Հայաստանը եվրոպական բարեկեցության մաս։ Հայաստանը պետք է ունենա արտադրողական տնտեսություն, մրցունակ ապրանքներ, արդիականացված ենթակառուցվածքներ, արդյունավետ դատարաններ, կանխատեսելի հարկային դաշտ, որակյալ կրթություն, էներգետիկ անվտանգություն, սահմանային կայունություն և ներքին ինստիտուցիոնալ կարողություն։ Ավելին, եթե Հայաստանը փորձի արագորեն կարգավորիչ առումով մոտենալ ԵՄ-ին՝ առանց արտադրողների, գյուղատնտեսության, փոքր բիզնեսի և արդյունաբերության նախապատրաստման, ապա կարող է առաջանալ հակառակ էֆեկտ. ավելի խիստ ստանդարտները, սերտիֆիկացիոն պահանջները և շուկայական մրցակցությունը կարող են ճնշել այն ոլորտները, որոնք դեռ պատրաստ չեն աշխատել այդ մակարդակով։

Իրականում դիվերսիֆիկացիայի իրական քաղաքականությունը պետք է սկսվեր ոչ թե բարձրաձայն հայտարարություններից, այլ լուռ, հետևողական և չափելի աշխատանքից։ Եթե Հայաստանի իշխանությունները ցանկանում են, որ ԵՄ-ն դառնա լուրջ այլընտրանք, ապա պետք է նախ ձևակերպեն այնպիսի օրակարգ, որը եվրոպական կողմին կկապի Հայաստանի հետ ոչ թե միայն արժեքային համակրանքով, այլև շահերով։

Բացի դրանից, անընդհատ աջակցության կարիք ունենալը ենթադրում է անհամաչափ հարաբերություն. մեկը տալիս է, մյուսը՝ ստանում։ Իսկ, ահա, նախաձեռնությունը ենթադրում է փոխադարձ շահ, մեկը ներդրում է անում, մյուսը ստեղծում է միջավայր, երկուսն էլ ստանում են արդյունք։ Այլ կերպ ասած՝ Հայաստանը պետք է ԵՄ-ին համոզի ոչ թե խղճալ իրեն կամ աջակցել ժողովրդավարությանը վերացական իմաստով, այլ ներդրում անել իր ապագայի մեջ, որովհետև այդ ապագան կարող է օգտակար լինել նաև Եվրոպային։

Հայաստանը այսօր կանգնած է ոչ թե պարզ ընտրության առջև՝ Եվրոպա կամ ոչ Եվրոպա, այլ շատ ավելի բարդ հարցի առաջ. ինչպե՞ս կառուցել բազմաշերտ արտաքին քաղաքականություն, որտեղ ԵՄ-ի հետ հարաբերությունները կլինեն ոչ թե պատրանքային փրկություն, այլ իրական զարգացման գործիք։

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *