Գործ կա՞, թե՞ չկա

Written by

in

Ես մի քանի ուղղություններով կրթություն եմ ստացել, բայց մինչև այսօր դժվարանում եմ պատասխանել ամենասովորական հարցերից մեկին՝ ի՞նչ մասնագետ ես։ Արևելագիտություն, միջազգային հարաբերություններ, հետո՝ գործադիր MBA մարքեթինգի ոլորտում, առաջնորդության ծրագիր Սթենֆորդի համալսարանում․ այս ամենն իմ կրթության մասին է, բայց ամբողջությամբ չի բացատրում այն աշխատանքը, որով զբաղվում եմ։ Իրականում արածիս մեջ ամենաշատը երևի մարդաբանություն կա՝ մարդուն, նրա հույզերն ու սպասելիքները, որոշումներն ու ստեղծած համակարգերը հասկանալու իմաստով։ 
Մասնագիտություն ընտրելիս, իհարկե, այս ամենի մասին չէի մտածում։ Պատմություն շատ էի սիրում, նայել էի՝ որտեղ պատմության ընդունելության քննություն կա, և այդպես էլ որոշել էի՝ ուր ընդունվել։ Այսօր էլ երեխաները հաճախ մասնագիտական ընտրությունն անում են ըստ այն առարկաների, որոնք լավ գիտեն, այն մասնագիտությունների, որոնք հասակակիցների շրջանում հեղինակավոր են, կամ պարզապես այն չափանիշով, թե որտեղ կարող են ընդունվել։ 
Հետո այդ նույն երիտասարդն ասում է՝ «գործ չկա», իսկ գործատուն՝ «աշխատող չենք գտնում», և երկուսն էլ իրավացի են լինում։ 
«Գործ չկա»-ի տարբեր պատճառները
Մարդը կարող է աշխատանք չունենալ, որովհետև իր բնակավայրում իր մասնագիտության պահանջարկը չկա, կամ առաջարկվող վարձատրությունն ու աշխատանքի մակարդակը չեն համապատասխանում իր որակավորմանը, կամ աշխատաժամերը չեն համատեղվում երեխայի խնամքի հետ։ Առաջարկվող աշխատանքներից ավելի բարձր որակավորում ունեցող մասնագետի համար էլ գործ գտնելը կարող է նույնքան դժվար լինել, որքան սկսնակի համար։
Հետևաբար, զբաղվածության աջակցությունը պիտի սկսվի կոնկրետ խոչընդոտը հասկանալուց։ Բոլորին նույն բանաձևն առաջարկելով՝ կարող ենք շատ մարդկանց լրացուցիչ մի բան սովորեցնել՝ այդպես էլ չլուծելով նրանց աշխատանքի խնդիրը։
Մարդը՝ հաստիքից առաջ
Ինձ թվում է՝ կառավարման խնդիրները սկսվում են նրանից, երբ մենք ավելի հեշտ ենք նկարագրում մասնագիտություններն ու հաստիքները, քան ճանաչում այն մարդկանց, որոնք պիտի զբաղվեն այդ գործով։ Մարդկային ռեսուրսների կառավարման ավանդական պատկերացմանը փոխարինելու է եկել տաղանդների կառավարման մոտեցումը, և սա ուղղակի «կադրերի բաժնի» հերթական նորաձև անվանափոխությունը չէ։ 
Եթե մի թիմում երկու ուժեղ տակտիկական մտածողություն ունեցող մասնագետ ես հավաքել, հետո դժվար է նրանցից պահանջել այն տեսլականը, որի համար ռազմավարական մտածողություն է պետք։ Եթե երեք ստեղծարար մարդու ես միավորել, բայց թիմում չունես մեկը, որը կարողանում է կազմակերպել աշխատանքը, բաշխել ժամանակն ու գործն ավարտին հասցնել, զարմանալի չէ, որ գեղեցիկ գաղափարները մնում են թղթի վրա։ 
Այդ ճանաչումը պիտի սկսվի կրթության մեջ՝ վաղ տարիքից, երբ երեխան կարող է իրեն տարբեր ուղղություններում փորձել։ Սա նաև մանկավարժական կրթությունը վերաիմաստավորելու առիթ է, որպեսզի ապագա ուսուցիչը պատրաստ լինի ուղղորդելու տարբեր կարողություններ ու սպասելիքներ ունեցող սովորողների: Առհասարակ, կարծում եմ, որ ուսուցչի մասնագիտությունը չի կարող կտրված լինել աշխատաշուկայի թելադրած կանոններից, և Մանկավարժական համալսարանում ուժեղ դիմորդներ ներգրավվելու ու ուսուցչի մասնագիտությունն ավելի գրավիչ դարձնելու ուղղությամբ քայլեր են պետք։ 
Նույն սեղանի շուրջ՝ տարբեր լեզուներով
Գործատուներն ու կրթական ծրագրեր մշակողները կարող են նստած լինել նույն սեղանի շուրջ, հաղորդակցվել հայերենով, բայց իրականում տարբեր լեզուներով խոսել։ Այդ պատճառով համագործակցության նույնիսկ ֆորմալ առումով ճիշտ կազմակերպված հարթակները միշտ չէ, որ արդյունք են տալիս։
«Լավ մարքեթոլոգ» ասելով՝ գործատուն կարող է պատկերացնել մարդ, որը վաղվանից կվարի իր սոցիալական ցանցերի էջերը՝ տեսանյութ կնկարի, մեկնաբանություններին կպատասխանի ու գովազդ կմիացնի։ Մինչդեռ բուհը պատրաստում է մասնագետի, որը պիտի կարողանա ուսումնասիրել շուկան և մշակել մարքեթինգային ռազմավարություն՝ առանց տեսանյութ նկարելու հմտություն տալու։ 
Համալսարանի հիմնարար կրթությունը արժեք ունի հենց այն պատճառով, որ չի սպառվում առաջին աշխատատեղով, բայց մինչև այդ առաջին աշխատանքը հասնելու ճանապարհը նույնպես պետք է կառուցված լինի։ Գործնական քայլ կարող է լինել բուհերի և գործատուների համատեղ մշակած մոդուլների առաջարկը: Նույն մոդուլները կարելի է հասանելի դարձնել նաև արդեն աշխատող մարդկանց, որոնք իրենց մասնագիտության ներսում նոր հմտություններ ձեռք բերելու կարիք ունեն։
Փոխվում են և՛ աշխատանքը, և՛ սպասելիքները
Արհեստական բանականությունը փոխում է աշխատանքի բովանդակությունը, և «AI սովորեք» խորհուրդն ինքնին լուծում չէ։ Պետք է հասկանալ՝ տվյալ մասնագիտության մեջ որ առաջադրանքներն են ավտոմատացվում, ինչ նոր կարողություններ են պահանջվում և ինչպես է սկսնակը փորձ ձեռք բերելու, եթե իրեն նախկինում վստահվող պարզ աշխատանքներն այժմ կատարում է գործիքը։ 
Միաժամանակ, պետք է հաշվի առնել միլենիալների ու արդեն աշխատաշուկա մտած Z սերնդի սպասելիքները։ Աշխատավարձի կողքին նրանց ընտրության վրա կարող են ազդել ընդհանուր տեսլականի զգացողությունը, ինքնուրույնությունը, աճելու հնարավորությունը, ղեկավարի վերաբերմունքը, աշխատանքի իմաստն ու անձնական կյանքի համար ժամանակ ունենալը։ Այս սպասելիքները բոլորի մոտ նույնը չեն, բայց դրանք անտեսելով՝ հեշտ է աշխատանքի առաջարկը մերժելը պարզապես «աշխատելու ցանկության բացակայություն» համարել։
Գուցե «գործ կա՞» հարցին պատասխանելու համար նախ պիտի հասկանանք՝ ինչու մարդն ու իրեն համապատասխան աշխատանքը չեն գտնում իրար։ Այդ որոնումը սկսվում է դեռ վաղ տարիքից, երբ օգնում ենք երեխային իր սիրած «պատմություն» առարկայի մեջ տեսնել նաև այն գործը, որով մի օր կուզենա զբաղվել։
Անժելա Կժդրյանը ԵՊՀ դասախոս է, ռազմավարական հաղորդակցության մասնագետ:
Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել Մեդիամաքսի տեսակետներին:

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *