ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից հայտնում են, որ Միացյալ Նահանգները շուրջ 1,4 միլիոն ԱՄՆ դոլար արժողությամբ տրանսպորտային միջոցներ և մասնագիտացված սարքավորումներ է նվիրաբերել ՀՀ Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) Սահմանապահ զորքերին։
Արարողությանը մասնակցել են անվտանգության աջակցության ծրագրերի գծով ԱՄՆ փոխպետքարտուղարի տեղակալ Շոնա Ուիլսոնը, ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Դեյվիդ Ալենը և ՀՀ ԱԱԾ Սահմանապահ զորքերի շտաբի պետ, գնդապետ Ռոման Սահակյանը։
Նշվում է, որ նվիրատվությունը կատարել է ԱՄՆ պետքարտուղարության արտահանման վերահսկման և սահմանային անվտանգության (EXBS) ծրագիրը։ Այն ներառում է տրանսպորտային միջոցներ, շտապօգնության մեքենաներ, պաշտպանիչ սարքավորումներ, տեխնիկական սպասարկման գործիքներ, ինչպես նաև ժամանակակից ՏՏ սարքավորումներ Այրումի սահմանային անցակետի համար։ Սարքավորումները թույլ կտան մեծացնել անցակետի թողունակությունը, կամրապնդեն սահմանների կառավարման կարողությունները և կնպաստեն ՀՀ սահմանապահ զորքերի արդիականացման ընթացիկ գործընթացին։
«Նվիրատվությունն արտացոլում է սահմանային անվտանգության ոլորտում հայ-ամերիկյան ամուր գործընկերությունը։ ԱՄՆ աջակցությունը կօգնի ամրապնդել ՀՀ ԱԱԾ Սահմանապահ զորքերի կարողությունները՝ պաշտպանելու Հայաստանի ինքնիշխանությունը և ապահովելու մարդկանց ու ապրանքների անվտանգ տեղաշարժը երկրի սահմանների պահպանության առավել մեծ պատասխանատվության ստանձնմանը զուգընթաց։
Սա ներառում է պահպանությունը տարածաշրջանային փոխկապակցվածության համար կարևոր երթուղիների երկայնքով և «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (TRIPP) նախագծի շրջանակում։
Միացյալ Նահանգները շարունակում է հավատարիմ մնալ իր հանձնառությանը՝ աջակցելու պատշաճ հագեցվածությամբ, ժամանակակից և արհեստավարժ սահմանապահ զորքերի կայացմանը Հայաստանում և նպաստելու ավելի անվտանգ և բարեկեցիկ ապագայի կերտմանը Հայաստանի, տարածաշրջանի և Միացյալ Նահանգների համար»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Leave a Reply