«Երեկ Ալիևի կամակատար Փաշինյանը իր ճեպազրույցի ժամանակ հերթական ներքաղաքական «մուտիտը» նետեց դաշտ հայտարարելով, որ եթե ընդդիմադիրներին չկարողանան համոզել օգնել իրենց իրականացնել Ալիևի հանրաքվե ՀՀ-ում, ապա կարող են գնալ արտահերթ ընտրությունների։ Նա նաև հավելեց․ «Ակնկալում եմ, որ հայ ժողովուրդը կսատարի այս առաքելությանը: Եթե պարզվի, որ չի սատարում այս քաղաքական առաքելությանը, ես իմ քաղաքական միսիան կհամարեմ սպառված»:
Փորձենք հասկանալ այս ուշագրավ հայտարարության ենթատեքստը, ոչ թե հերթական անգամ հայտնվել Փաշինյանի հյուսած քարոզչական սարդոստայնի ցանցի մեջ։
Այսպես, Փաշինյանը ընդունում է, որ եթե ինքը չի կարող իրականացնել ՀՀ-ի դեմ ուղղված Ադրբեջանի ծրագրերը, ապա իր քաղաքական առաքելությունը ավարտվում է։ Սա շատ անկեղծ ու ճիշտ խոստովանություն է։ Այո, Փաշինյանը իր իշխանության բանալին դրել է Ալիևի ձեռքի մեջ։ Հիմա, եթե ինքը չի կարող այլևս սպասարկել պրոադրբեջանական օրակարգեր, ապա իր իշխանության մնալը հարցականի տակ է դրվում։ Պատահական չէ, որ իր վերջին երկու ելույթներում Ալիևը անթաքույց սկսել է սպառնալ Փաշինյանին։
Միևնույն ժամանական Ալիև-Փաշինյան հակահայկական օրակարգը մտնում է նոր փուլ։ Դա սահմանադրության թեման է։ Երկու կողմերից եկող ուղերձները հստակ են․ եթե չփոխեք սահմանադրությունը, ապա մեզանից չնեղանաք։ Ի՞նչ է սա նշանակում, որ նույն Փաշինյանը հոյակապ տեսնում է Բաքվի հռետորաբանության կոշտացումը, հասկանում, որ իր պրոադրբեջանական օրակարգերը լուրջ հանրային դիմադրության հետ են բախվում, զգում, որ իր քաղաքական կապիտալը սպառվում է, միևնույն ժամանակ իրենից դժգոհ մնացած թիմակիցները սկսում են անկյուններում դավեր նյութել, այս իրավիճակում նա փորձում է իր ձախողված քաղաքականության հետևանքով առաջացող էսկալացիայի հնարավոր ռիսկը նետել ընդդիմության և հայ հանրության «գրպանը»։ Դրա համար էլ դաշտ է բերում արտահերթ ընտրությունների թեման, որ բոլորս հերթական անգամ զբաղվենք անիմաստ քննարկումներով։ Այս թեման կարելի է փակել տրամաբանական մի հարցով ընդամենը․ իսկ դու չգիտեի՞ր, որ չունես խորհրդարանական մեծամասնություն 2026 թվականի հունիսի 7-ի երեկոյան երբ դեռ քվեարկությունը չավարտված հաղթանակ էիր ազդարարում։ Իհարկե, գիտեիր, անգամ ԲՀԿ-ից խլված մանդատները չօգնեցին։ Ուստի եթե քո առաքելությունը սահմանադրություն փոխելն է, ՀՀ-ն ինքինշխանության հետագա քայքայումն է, ապա դու հենց այդ գիշեր պետք է ասեիր, որ չես ընդունում այդ արդյունքները, չես դառնա վարչապետ, որովհետև քո առաքելությունը համարում ես անիրագործելի։
Ես համոզված եմ՝ ՔՊ-ն չի գնալու արտահերթ ընտրությունների։ Սա հոգեբանական ու տեղեկատվական պատերազմի ձև է, որի նպատակն է հայ հանրության մեջ հերթական անգամ սերմանել վախ, տագնապ, շանտաժի միջոցով համոզել, որ չկա ավելի լավ տարբերակ, քան Ալիևի պահանջների կատարումն է։ Սա հիբրիդային պատերազմի հերթական փուլն է, որին պետք է մոտենալ խելամիտ ու շատ հստակ փաստարկներով։
Ի հավելում ասեմ՝ 2025 թվականի օգոստոսի 8-ից անցել է 441 օր։ Այդ ընթացքում իշխող ուժի պայքարի գլխավոր թիրախը եղել է Հայ առաքելական եկեղեցին։ Դա չի եղել ադրբեջանական սպառնալիքը կամ ռիսկերի նվազեցումը, չեն պայքարել Ադրբեջանի զավթողական ծրագրերի կամ ատելության խոսքի դեմ։ Ոչ, զբաղվել են բացառապես ադրբեջանական օրակարգերի սպասարկմամբ։ Իսկ հիմա, երբ հստակ հանրային դիմադրություն են տեսնում, արդեն սկսում են նոր հեքիաթներ հյուսել՝ աստեղերը հուշում են, բայց չեն պարտադրում ժանրի մեջ։
Հայ հանրությունը պետք է լինի զգոն, խելամիտ ու կամային, որպեսզի չդառնա Փաշինյան-Ալիևի սպառնալիքների շանտաժի հերթական սերիայի «գլխավոր հերոսը»,-գրել է նա:
Leave a Reply