Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը (դատավորներ՝ Սիմա Աբովյան և Հովհաննես Մելքոնյան) որոշել է, որ Ստեփան Ասատրյանին (Տ. Արամ քահանա Ասատրյան) և Արամայիս Թախմազյանին (Տ. Թադե քահանա Թախմազյան) կարգալույծ հռչակելու՝ Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությունն անվավեր ճանաչելու հայցը քաղաքացիական դատավարության կարգով քննության ենթակա չէ։ Դատարանը կարճել է գործերի վարույթները և վերացրել Ասատրյանի՝ Սուրբ Հովհաննավանքի և Թախմազյանին՝ Թալինի եկեղեցու հոգևոր հովվի պաշտոնավարումն ապահովելու համար ավելի վաղ կիրառված հայցի ապահովման միջոցները։
Երկու գործերով էլ դատարանի որոշումները հրապարակվել են մոտ 2 ամիս ուշ։ Դրանք նախատեսված էին հրապարակել 2026թ.-ի օգոստոսին։
Ստեփան Ասատրյանի վերաբերյալ
Ստեփան Ասատրյանը դատարանից պահանջել էր անվավեր ճանաչել Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի՝ 2025թ. հոկտեմբերի 21-ի հայրապետական տնօրինությունը և իրեն վերականգնել Սուրբ Հովհաննավանքի հոգևոր հովվի պաշտոնում։ Դատարանը, սակայն, գործի քննության ընթացքում հանգել է այն եզրակացության, որ վեճը վերաբերում է Հայ Առաքելական եկեղեցու ներքին կյանքին և չի կարող լուծվել քաղաքացիական դատավարության կարգով։
Ասատրյանը հայտնել էր, որ 2019թ.-ից հոգևոր ծառայություն է իրականացրել, և նույն տարվա սեպտեմբերից ծառայել է Սուրբ Հովհաննավանքում՝ որպես հոգևոր հովիվ։ Նրա պնդմամբ՝ ծառայության ընթացքում իր պարտականությունները կատարել է պատշաճ, և որևէ հիմք չի եղել իրեն կարգալույծ հռչակելու համար։
Հայցվորը նշել է, որ 2025թ.-ի հոկտեմբերի 21-ին առանց նախազգուշացման, բավարար հիմնավորման և պատշաճ ընթացակարգերի պահպանման՝ իրեն կարգալույծ են հռչակել։ Նրա գնահատմամբ՝ հոգևոր հովվի պաշտոնից ազատելու որոշումը չէր կարող կամայական լինել, իսկ իրեն վերագրված արարքները պետք է հաստատվեին կոնկրետ փաստերով։
Եկեղեցու որոշման հիմքում դրվել են հետևյալ փաստերը՝ եկեղեցուն, թեմակալ առաջնորդին և ծառայակից հոգևորականներին հրապարակային հայտարարություններով վարկաբեկելը, թեմակալ առաջնորդի հորդորներն ու հրահանգներն անտեսելը, պատարագների ընթացքում Ամենայն հայոց կաթողիկոսի և թեմակալ առաջնորդի անունների հիշատակությունը կամայականորեն բաց թողնելը, ինչպես նաև կարգապահական հանձնախմբի նիստերին ներկայանալուց հրաժարվելը։
Ասատրյանը հերքել է իրեն վերագրված արարքները և պնդել, որ տնօրինությունը հիմնավորված չէ։ Նա նաև փաստարկել է, որ խախտվել են կրոնի ազատության և դատական պաշտպանության իր իրավունքները։ Նրա դիրքորոշմամբ՝ հոգևոր ծառայության նկատմամբ վերադասների վերահսկողությունը, նկատողություններն ու կարգապահական միջոցները վկայում են, որ իր և եկեղեցու միջև աշխատանքային հարաբերություններ են եղել։
«Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցի» կրոնական կազմակերպությունը պահանջել էր կարճել գործի վարույթը՝ պնդելով, որ դատարանն իրավասու չէ քննելու հոգևորականին կարգալույծ հռչակելու վերաբերյալ վեճը։
Եկեղեցու ներկայացուցիչների դիրքորոշմամբ՝ հոգևորականին ձեռնադրելը, կարգալույծ հռչակելը, հոգևոր պաշտոնների նշանակելն ու ազատելը եկեղեցու ներքին գործերն են, և պետությունը չի կարող միջամտել դրանց։ Նրանք վկայակոչել էին Սահմանադրությունը, եկեղեցու և պետության հարաբերությունները կարգավորող օրենքները, ինչպես նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպերը։
Եկեղեցին նաև պնդել էր, որ իր կանոնադրությամբ հոգևորականին կարգազրկելու իրավասությունը պատկանում է Ամենայն հայոց կաթողիկոսին, իսկ կարգապահական հարցերի հանձնախումբը խորհրդակցական մարմին է։ Ըստ պատասխանողի՝ Ստեփան Ասատրյանը հնարավորություն է ունեցել ներկայանալու հանձնախմբի նիստերին և պարզաբանումներ ներկայացնելու։
Եկեղեցին վիճարկել է նաև Ասատրյանի և իր միջև աշխատանքային հարաբերությունների առկայությունը։ Պատասխանողի պնդմամբ՝ նրանց միջև աշխատանքային պայմանագիր չի կնքվել, և աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտ չի ընդունվել։ Հետևաբար, ըստ եկեղեցու, հայրապետական տնօրինությունը չէր կարող դիտարկվել որպես աշխատանքից ազատման հրաման։
Դատարանի դիրքորոշումը
Դատարանը նախ անդրադարձել է դատական պաշտպանության իրավունքին՝ նշելով, որ դատարան դիմելու իրավունքը երաշխավորված է, սակայն դա չի նշանակում, որ յուրաքանչյուր վեճ կարող է լուծվել քաղաքացիական դատավարության կարգով։ Գործի վարույթը կարող է կարճվել, եթե պարզվի, որ վեճը քաղաքացիական դատավարության կարգով քննության ենթակա չէ։
Դատարանը նշել է, որ Ասատրյանը չի ներկայացրել իր և եկեղեցու միջև աշխատանքային իրավահարաբերությունների առկայությունը հաստատող թույլատրելի ապացույցներ։ Մասնավորապես՝ գործում չեն եղել աշխատանքային պայմանագիր կամ աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտ։ Այս հանգամանքը դատարանը դիտարկել է աշխատանքային հարաբերությունների առկայության հարցը գնահատելիս։
Միաժամանակ դատարանը վերլուծել է Սահմանադրության, եկեղեցու և պետության հարաբերությունների մասին օրենքի, «Խղճի ազատության և կրոնական կազմակերպությունների մասին» օրենքի և Հայ Առաքելական եկեղեցու կանոնադրության դրույթները։ Դատարանն արձանագրել է, որ կրոնական կազմակերպություններն անջատ են պետությունից, իսկ Հայ առաքելական եկեղեցին ինքնակառավարվում է իր նվիրապետության սահմաններում։
Որոշման մեջ դատարանն անդրադարձել է նաև Եկեղեցու կանոնադրության 39-րդ և 40-րդ հոդվածներին։ Դրանց համաձայն՝ հոգևորականների նկատմամբ կարգապահական միջոցներ կարող են կիրառվել աստիճանաբար, իսկ կարգազրկման որոշումը կայացվում է միայն Ամենայն հայոց կաթողիկոսի միջոցով։ Դատարանն ընդգծել է, որ հոգևոր հովվին կարգալույծ հռչակելու որոշմանը նախորդող գործողությունները պետք է համապատասխանեն կանոնադրությամբ սահմանված ընթացակարգին, և հոգևորականը պետք է իրական հնարավորություն ունենա պաշտպանելու իր իրավունքները ներեկեղեցական ընթացակարգերով։
Այդուհանդերձ, դատարանը եզրահանգել է, որ Ասատրյանի և եկեղեցու միջև հարաբերությունները վերաբերում են Եկեղեցու ներքին կյանքին և կարգավորվում են կանոնական իրավունքով։ Դատարանի գնահատմամբ՝ ներկայացված հայցով ընտրված իրավական պաշտպանության եղանակը բացակայում է, և Ս. Ասատրյանի պահանջը չի բխում օրենքով պաշտպանվող այնպիսի իրավահարաբերությունից, որը կարող է լուծվել քաղաքացիական դատավարության կարգով։
Այս հիմքով դատարանը կարճել է գործի վարույթը՝ առանց հայցը ըստ էության քննելու և առանց կարգալույծ հռչակելու որոշման իրավաչափության վերաբերյալ վերջնական գնահատական տալու։
Դատարանը վերացրել է նաև 2026թ. փետրվարի 13-ի որոշմամբ կիրառված հայցի ապահովման միջոցը, որով եկեղեցին և այլ անձինք պարտավորվել էին մինչև գործով վերջնական դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելը չխոչընդոտել Ասատրյանի պաշտոնավարմանը Սուրբ Հովհաննավանքի հոգևոր հովվի պաշտոնում։
Արամայիս Թախմազյանի վերաբերյալ
Արամայիս Թախմազյանը, դատարանից պահանջել էր անվավեր ճանաչել Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի՝ 2025թ. դեկտեմբերի 2-ի հայրապետական տնօրինությունը և իրեն վերականգնել Թալինի տարածաշրջանի հոգևոր հովվի պաշտոնում։
Հայցվորի պնդմամբ՝ 2015թ.-ին ամուսնացյալ քահանա ձեռնադրվելուց հետո նա պատշաճ կերպով է կատարել հոգևոր ծառայության իր պարտականությունները, և իր ծառայության ընթացքում չի եղել որևէ հանգամանք, որը կարող էր հիմք դառնալ կարգապահական պատասխանատվության համար։
Թախմազյանը նշել էր, որ իրեն կարգալույծ են հռչակել առանց նախազգուշացման, բավարար հիմնավորման և պատշաճ ընթացակարգերի պահպանման։ Նրա խոսքով՝ համապատասխան տնօրինությունը չի ստացել և դրա մասին տեղեկացել է լրատվամիջոցներից։
Թախմազյանի դիրքորոշմամբ՝ եկեղեցու ինքնակառավարման իրավունքը չի նշանակում, որ այն կարող է անտեսել հոգևորականների իրավունքներն ու օրինական շահերը։ Նա պնդել է, որ խախտվել են նաև իր կրոնի ազատության և դատական պաշտպանության իրավունքները, քանի որ կարգալույծ հռչակվելու հետևանքով զրկվել է հոգևոր հովվի պաշտոնում ծառայությունը շարունակելու հնարավորությունից։
Հայցվորը խնդրել էր անվավեր ճանաչել Կաթողիկոսի տնօրինությունը և իրեն վերականգնել Թալինի տարածաշրջանի հոգևոր հովվի պաշտոնում։
Եկեղեցու ներկայացրած փաստաթղթերի համաձայն՝ Թախմազյանը 2025թ.-ի սեպտեմբերի 28-ին ֆեյսբուքյան գրառմամբ աջակցություն էր հայտնել Տեր Արամ քահանա Ասատրյանին և քննադատել վերջինիս հասցեին հնչած արտահայտությունները։
Եկեղեցու Պարգևների շնորհման և կարգապահական հարցերի հանձնախումբը Թախմազյանին հրավիրել է հանդիպման՝ եկեղեցական իշխանության նկատմամբ անհնազանդության և կրոնական խախտումների վերաբերյալ հարցերը քննարկելու համար։ Մասնավորապես՝ նրան վերագրվել էին պատարագների ընթացքում Ամենայն հայոց Կաթողիկոսի և թեմակալ առաջնորդի անունների հիշատակությունը բաց թողնելը և կարգալույծ հռչակված քահանայի հետ աղոթակից լինելը։
Հանձնախմբի նիստում Թախմազյանը հայտնել է, որ աջակցել է Տեր Արամին, քանի որ, իր պնդմամբ, Արագածոտնի թեմի քահանաները ժողովի ընթացքում հայհոյանքներ են հնչեցրել նրա հասցեին։ Թեմի քահանաները հերքել էին այդ մեղադրանքը։
Թախմազյանը նաև հայտնել է, որ պատարագի ընթացքում գիտակցաբար չի հիշատակել Կաթողիկոսի և թեմակալ առաջնորդի անունները։ Որպես պատճառ՝ նա նշել է իր կասկածները, թե Մայր Աթոռից իր և կնոջ անուններով գումարներ են դուրս գրվել ու յուրացվել, ինչպես նաև այն, որ թեմն իրենից վերցրել է իր հովվության տակ գտնվող Վերին Սասնաշենի Սուրբ Վարդան եկեղեցին։
Հանձնախմբի հարցին, թե արդյոք այդ մեղադրանքները հաստատող փաստեր ունի, Թախմազյանը պատասխանել է, որ դրանք իր ենթադրություններն են, և ինքը փաստեր չունի։
Նիստի արդյունքներով հանձնախումբը որոշել էր Կաթողիկոսին առաջարկել Թախմազյանին կարգալույծ հռչակել և նրան վերադարձնել աշխարհականի կարգավիճակին՝ Արամայիս Թախմազյան ավազանի անունով։ Այնուհետև՝ 2025թ.-ի նոյեմբերի 26-ին, Արագածոտնի թեմի վարչական խորհրդի ատենապետի հրամանով Թախմազյանն ազատվել է Թալինի հովվության հոգևոր հովվի պարտականություններից։ Իսկ դեկտեմբերի 2-ին Կաթողիկոսը նրան կարգալույծ է հռչակել։
Դատարանն արձանագրել է, որ գործի նյութերում ապացույցներ չկան, որ Թախմազյանին բանավոր նկատողություն կամ կարգապահական այլ տույժ նշանակելու վերաբերյալ Թեմական խորհուրդը որոշում է կայացրել։ Այնուամենայնիվ, դատարանը եզրակացրել է, որ հոգևորականին կարգալույծ հռչակելու հարաբերությունները կարգավորվում են եկեղեցու ներքին կանոններով, իսկ գործող օրենսդրությունը չի սահմանում այդ հարցի կարգավորման առանձին կարգ։ Այդ պատճառով դատարանը համարել է, որ վեճը չի կարող քննվել քաղաքացիական դատավարության կարգով։
Դատարանը որոշել է կարճել քաղաքացիական գործի վարույթը՝ այն քաղաքացիական դատավարության կարգով քննության ենթակա չլինելու հիմքով։ Դատարանը նաև որոշել է գործով նախկինում կիրառված հայցի ապահովման միջոցը վերացնել, որով նախատեսված էր՝ մինչև գործով վերջնական դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելը Եկեղեցին և այլ անձինք չպետք է խոչընդոտեին Թախմազյանի՝ Թալինի հոգևոր հովվի պաշտոնում պաշտոնավարմանը։
Դատարանի որոշումները կարող են բողոքարկվել Վերաքննիչ քաղաքացիական դատարան՝ հրապարակման օրվանից մեկամսյա ժամկետում։
Հիշեցնենք, որ երեկ գրեթե նույն հիմնավորումներով կարճվել էր նաև Արման Սարոյանի (Գևորգ եպիսկոպոս Սարոյան) հայցի հիման վրա հարուցված քաղաքացիական գործի վարույթը։ Նա էլ դատարանից պահանջում էր անվավեր ճանաչել Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի՝ 2026թ. հունվարի 10-ի կարգադրությունը և վերականգնել իրեն Մասյացոտնի թեմի առաջնորդի պաշտոնում։
Leave a Reply