Կոբախիձեն կարևորել է Հայաստանի հետ հարաբերությունները Վրաստանի տարանցիկ դերի զարգացման համատեքստում

Written by

in

«Վրաստանն առանձնահատուկ հարաբերություններ ունի հարևան երեք երկրների՝ Հայաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի հետ, և այդ հարաբերությունների խորացումը կարևոր դեր ունի երկրի կապակցվածության ու տարանցիկ գործառույթի զարգացման համար»:

Այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։

«Imedi LIVE» հաղորդման եթերում Կոբախիձեն նշել է, որ Վրաստանում կապակցվածության զարգացման ուղղությամբ խոշոր ենթակառուցվածքային ծրագրեր են իրականացվում։

«Մեր ծրագրի համաձայն՝ մինչև 2031 թվականը գործնականում բոլոր արագընթաց ավտոմայրուղիներն արդեն կառուցված կլինեն՝ բացառությամբ մեկ կոնկրետ հատվածի։ Բացի դրանից՝ ակտիվորեն շարունակվում են երկաթուղու արդիականացումն ու դրա կարողությունների հզորացումը։ Մենք կառուցում ենք Անակլիայի նավահանգիստը, և այստեղ ևս աշխատանքներն ակտիվորեն ընթանում են։ Զարգանում է նաև օդանավակայանների ենթակառուցվածքը․ խոսքը մեր երկրում գործող երեք միջազգային օդանավակայանների մասին է»,- ասել է նա:

Վրաստանի վարչապետի խոսքով՝ ենթակառուցվածքներում իրականացվող լայնածավալ ներդրումները կնպաստեն երկրի տարանցիկ գործառույթի հետագա զարգացմանը։

«Սրանք ենթակառուցվածքներում իրականացվող շատ մեծածավալ ներդրումներ են, և այս ամենը կնպաստի մեր երկրի տարանցիկ գործառույթի առավել զարգացմանը։ Դրա հետ միասին խորացնում ենք մեր հարաբերությունները համապատասխան երկրների՝ մեր տարածաշրջանի և հարևան երկրների հետ։ Մենք արտակարգ հարաբերություններ ունենք մեր երեք հարևան երկրների՝ Հայաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի հետ, և այս ամենն առանցքային դեր ունի հենց կապակցվածության ու տարանցիկ գործառույթի տեսանկյունից»,- հայտարարել է Կոբախիձեն։

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *