Գագիկ Հարությունյան․ երկիր, մարդիկ ու չմոռացվող ժամանակը

Written by

in

Երբ Գագիկ Հարությունյանը 1960-ականների սկզբին որոշել էր զբաղվել լուսանկարչությամբ եւ ուսումնասիրել Հայաստանի ազգային արխիվը, այնտեղ չէր գտել իրեն հետաքրքրող՝ հայ մարդուն ու Հայաստանին վերաբերող այն նյութը, որը փնտրում էր։

 

Արդի արվեստի կենտրոնի տնօրեն Սոնա Հարությունյանի խոսքով՝ այդ փորձը լուսանկարչի համար վերածվել էր ստեղծագործական կարեւոր ուղղության․ նա որոշել էր իր աշխատանքի կենտրոնում դնել հայ մարդուն, հողն ու Հայաստանը, որպեսզի հետագայում հնարավոր լիներ պատկերների միջոցով հասկանալ, թե ինչպես էր երկիրն ապրել իր ժամանակը։

Լուսանկարը` Մեդիամաքս

Սեպտեմբերի 22-ից Արդի արվեստի կենտրոնում՝ «ՀայԱրտում», բացվել է Գագիկ Հարությունյանի 80-ամյակին նվիրված հետահայաց ցուցահանդեսը։

Սոնա Հարությունյանը Սոնա Հարությունյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Գագիկ Հարությունյանի աշխատանքները հետագայում դարձան նաեւ պատմական հիշողության մաս՝ պահպանելով դրվագներ, որոնք տարիներ անց կարող են լինել անցյալի ուսումնասիրման սկզբնաղբյուր։

Լուսանկարը` Մեդիամաքս

Գագիկ Հարությունյանի լուսանկարներում հայտնվել են գյուղական կյանքը, մտավորականները, հասարակական իրադարձությունները, մայիսմեկյան շքերթները, Լենինի արձանի ապամոնտաժումը, Ղարաբաղյան առաջին պատերազմի դրվագները։ 

Լուսանկարը` Մեդիամաքս

Սակայն նրա աշխատանքների արժեքը միայն նրանում չէ, որ դրանք ցույց են տալիս՝ ինչ է տեղի ունեցել։ Կարեւոր է նաեւ այն, թե ինչպես է նա ընտրել ու պատկերել այդ իրադարձությունները։

Լուսանկարը` Մեդիամաքս

Սոնա Հարությունյանի խոսքով՝ Գագիկ Հարությունյանի առանձնահատկություններից մեկն այն էր, որ նրա վավերագրական լուսանկարչությունը ձեռք էր բերում նաեւ գեղարվեստական արժեք։ 

Լուսանկարը` Մեդիամաքս

1981 թվականին «Գարուն» ամսագրի հետ համագործակցությունը եւս կարեւոր դեր ունեցավ լուսանկարի ընկալման փոփոխության գործում․ ամսագրի շապիկին հայտնվող լուսանկարը ներկայանում էր ոչ միայն որպես իրականության պատկերը պահպանող նյութ, այլեւ որպես ինքնուրույն արվեստի գործ։

Լուսանկարը` Մեդիամաքս

Հարությունյանի լուսանկարների հետ մեծացած սերունդներից շատերի համար «Գարունի» շապիկները պարզապես ամսագրի ձեւավորում չէին։ Դրանք առանձնացվում էին, պահպանվում, երբեմն՝ փակցվում պատերին։ 

Լուսանկարը` Մեդիամաքս

Այս երկակիությունն է, որ նրա աշխատանքները դիտելու հնարավորություն է տալիս նաեւ այսօր։ Դրանք պատմում են որոշակի ժամանակի մասին, բայց չեն սահմանափակվում այդ ժամանակով։

Լուսանկարը` Մեդիամաքս

Գագիկ Հարությունյանի առաջին հետահայաց ցուցահանդեսը կազմակերպվել էր 2017 թվականին՝ նրա կենդանության օրոք։ Այդ ժամանակ, Սոնա Հարությունյանի խոսքով, կարեւոր էր հանրությանը ներկայացնել լուսանկարչի արվեստը, քանի որ 1990-ականներից հետո ձեւավորված սերնդի մի մասը փնտրում էր իրեն հոգեհարազատ լուսանկարիչների անուններ օտարերկրյա ամսագրերում ու գրադարաններում՝ հաճախ չիմանալով, որ նույն քաղաքում ապրում է այդպիսի արվեստագետ։

Լուսանկարը` Մեդիամաքս

2022 թվականին Հայաստանի պատմության թանգարանում կայացավ Հարությունյանի հետմահու առաջին հետահայաց ցուցահանդեսը։ 2026 թվականի ցուցադրությունն արդեն մեկ այլ նպատակ ունի՝ նրա արվեստը ներկայացնել միջազգային մասնագիտական հանրությանը եւ հայ գեղարվեստական լուսանկարչությունը դարձնել ավելի տեսանելի։

Լուսանկարը` Մեդիամաքս

Այս նախաձեռնության շրջանակում Հայաստան են ժամանել լուսանկարչական հաստատությունների եւ միջազգային արվեստային հարթակների ներկայացուցիչներ։ 

Լուսանկարը` Մեդիամաքս

Գագիկ Հարությունյանի ժառանգությունը չի սահմանափակվում ցուցասրահում ներկայացված աշխատանքներով։ Սոնա Հարությունյանի խոսքով՝ նրա արխիվում առնվազն 5000 նեգատիվ կա, որոնց ուսումնասիրությունը հնարավորություն է տալիս նորովի բացահայտելու արդեն հայտնի լուսանկարներն ու դեռեւս ամբողջությամբ չներկայացված շարքերը։

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարչի 80-ամյակի շրջանակում ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ թվայնացվել է շուրջ 200 նեգատիվ։ Այս աշխատանքը կարեւոր է ոչ միայն նյութերը պահպանելու, այլեւ ապագայում ուսումնասիրության եւ ցուցադրությունների համար հասանելի դարձնելու տեսանկյունից։

Լուսանկարը` Մեդիամաքս

Ներկայիս ցուցահանդեսում այցելուները կարող են տեսնել նաեւ Գագիկ Հարությունյանի պատրաստած անալոգ տպագրությունները եւ համեմատել դրանք նույն պատկերների թվային տարբերակների հետ։ Ցուցադրության առանձին հատվածում ներկայացված են նրա անձնական արխիվից լուսանկարներ, կենսագրական նյութեր եւ նրա մասին պատմող ֆիլմեր։ 

Լուսանկարը` Մեդիամաքս

Կենտրոնի տարածքի ճարտարապետությունն էլ օգտագործվել է ցուցադրության կառուցվածքում՝ լուսանկարչի ստեղծագործական եւ անձնական պատմությունը մեկ ամբողջության մեջ ներկայացնելու համար։

Լուսանկարը` Մեդիամաքս

Արվեստագետի ճանաչումը միայն նրա ստեղծագործությունների որակով չի պայմանավորվում։ Անհրաժեշտ են նաեւ մարդիկ ու կառույցներ, որոնք այդ ստեղծագործությունները կուսումնասիրեն, կպահպանեն, կտեղադրեն համապատասխան համատեքստում եւ կներկայացնեն նոր լսարանների։

Լուսանկարը` Մեդիամաքս

«Մենք ինչո՞ւ մինչեւ հիմա նրան չէինք ճանաչում»։ Այս հարցը հնչել էր Գագիկ Հարությունյանի ցուցահանդեսի օրերին։ Տնօրենի պատմելով՝ երիտասարդն ու ընկերները հաջորդ երեք օրերին կրկին ու կրկին վերադարձել էին ցուցասրահ՝ լուսանկարչի աշխատանքներն ուսումնասիրելու եւ իրենց հարցերի պատասխանները գտնելու համար։

Լուսանկարը` Մեդիամաքս

Դրվագը ստիպում է մտածել՝ ինչպե՞ս է պատահում, որ սեփական երկրի լուսանկարչության պատմությամբ հետաքրքրված երիտասարդը միայն այսօր է բացահայտում մի արվեստագետի, որի աշխատանքները տասնամյակներ շարունակ վավերագրել են Հայաստանն ու նրա մարդկանց, պահպանել ժամանակի պատկերն ու շունչը։

Լուսանկարը` Մեդիամաքս

Այս հարցը դուրս է գալիս մեկ լուսանկարչի ժառանգության շրջանակից՝ առերեսելով մեզ ավելի լայն խնդրի հետ․ ինչպե՞ս է ձեւավորվում մշակութային հիշողությունը, եւ ո՞վ է պատասխանատու այն սերունդներին փոխանցելու համար։

Լուսանկարը` Մեդիամաքս

Երբ արվեստագետի ժառանգության ճանաչումը կախված է առանձին մարդկանց նախաձեռնությունից, ընտանիքի ջանքերից կամ մեկ ցուցահանդեսից, նույնիսկ նշանակալի արվեստը կարող է տասնամյակներ շարունակ մնալ հանրային ուշադրության լուսանցքում։ Իսկ բացահայտումը վերածվել ոչ թե բնական շարունակականության, այլ ուշացած հանդիպման։

 

Աստղիկ Հովհաննեսով

Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի

 

 

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *