2026 թվականի հոկտեմբերի 25-ին նախատեսված տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) ընտրություններին ընդառաջ Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքում նախընտրական քարոզչության հետ կապված միջադեպի մասին է ահազանգել «Ապրելու երկիր» կուսակցության համայնքապետի թեկնածու Արամ Մանուկյանը։
Մանուկյանը Facebook-ում հրապարակված տեսանյութով հայտարարել է, որ «օրենքի խախտմամբ» ապամոնտաժում են իր նախընտրական պաստառը։
Դեպքը հարցեր է առաջացնում նախընտրական քարոզչության բնականոն ընթացքի, քարոզչական նյութերի տեղադրման և հնարավոր իրավախախտումների համար նախատեսված պատասխանատվության վերաբերյալ։
«Փաստերի ստուգման հարթակն» անդրադարձել է նախընտրական քարոզչական պաստառների վերաբերյալ օրենսդրական կարգավորումներին՝ պարզելու, թե ի՞նչ պայմաններով կարող են դրանք տեղադրվել, ե՞րբ է դրանց հեռացումը իրավաչափ և ի՞նչ պատասխանատվություն կարող է առաջանալ դիտավորյալ վնասելու դեպքում։
Ի՞նչ է հայտարարել թեկնածուն
Հոկտեմբերի 19-ին «Ապրելու երկիր» կուսակցության Մարտունու համայնքի ավագանու ընտրական ցուցակը գլխավորող Արամ Մանուկյանը հայտարարել է, որ ապամոնտաժվել է իր նախընտրական գովազդային պաստառը։
«Համայնքապետի որոշմամբ իմ պաստառը ապօրինաբար հանում են։ Պաստառի չափերը 5 քառակուսին չի գերազանցել ու իրանք օրենքի խախտմամբ պաստառը հանում են»,- հայտարարել է Մանուկյանը։
Թեկնածուն պնդում է, որ պաստառի մակերեսը համապատասխանել է օրենքով թույլատրելի չափին։
Ի՞նչ է սահմանում Ընտրական օրենսգիրքը
Հայաստանի Ընտրական օրենսգրքի 21-րդ հոդվածը կարգավորում է նախընտրական քարոզչական պաստառների և այլ նյութերի տեղադրումը։
Օրենքի համաձայն՝ թեկնածուներն ու ընտրություններին մասնակցող կուսակցություններն իրավունք ունեն անարգել տարածելու քարոզչական նյութեր։
Սակայն հանրության համար տեսանելի պաստառների տեղադրման վայրերի վերաբերյալ կան սահմանափակումներ։ Դրանք կարող են տեղադրվել հատուկ առանձնացված վայրերում, վճարովի գովազդային վահանակներին, ընտրական շտաբների վրա, ինչպես նաև օրենքով նախատեսված որոշ մասնավոր տարածքներում՝ համապատասխան համաձայնությամբ։
Ընտրական օրենսգիրքը նաև սահմանում է, որ արգելվում է քարոզչական պաստառները դիտավորյալ պոկելը, պատռելը, դրանց վրա գրառումներ կատարելը կամ այլ կերպ վնասելը։
Միաժամանակ, օրենսգրքի 21-րդ հոդվածի 9-րդ մասով նախատեսված է, որ օրենքի պահանջների խախտմամբ տեղադրված քարոզչական նյութերը կարող են հեռացվել համայնքի ղեկավարի կողմից՝ համապատասխան ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի որոշման հիման վրա և ոստիկանության աջակցությամբ։
Այսինքն՝ օրենսդրությունը տարբերակում է քարոզչական պաստառների ապօրինի վնասումը և իրավասու մարմնի որոշմամբ դրանց հեռացումը։
Արդյո՞ք 5 քառակուսի մետր մակերեսով պաստառը թույլատրելի է
Արամ Մանուկյանի հայտարարության առանցքային հանգամանքներից մեկը պաստառի մակերեսն է։ Թեկնածուի պնդմամբ՝ ապամոնտաժված քարոզչական պաստառի մակերեսը չի գերազանցել 5 քառակուսի մետրը, հետևաբար դրա տեղադրումը թույլատրելի է եղել։

Սակայն այս դեպքում անհրաժեշտ է տարբերակել պաստառի վրա տպված քարոզչական պատկերի և պաստառի ամբողջական մակերեսի չափերը։
Մանուկյանն ինքն է նշում, որ գովազդային վահանակի չափերը եղել են 6×3 մետր, այսինքն՝ դրա ընդհանուր մակերեսը կազմել է 18 քառակուսի մետր։ Միաժամանակ, ըստ թեկնածուի, քարոզչական պատկերը տպված է եղել ավելի մեծ սպիտակ մակերեսի վրա, իսկ անմիջապես պատկերի զբաղեցրած հատվածը չի գերազանցել 5 քառակուսի մետրը։
Ընտրական օրենսգրքի 21-րդ հոդվածը հատուկ կարգավորումներ է նախատեսում 5 քառակուսի մետրը գերազանցող քարոզչական պաստառների համար։ Հետևաբար, այս դեպքում առանցքային է դառնում այն հարցը, թե պաստառի մակերեսը հաշվարկելիս պետք է հաշվի առնել միայն քարոզչական պատկերով զբաղեցված հատվածը, թե՞ ամբողջ պաստառը՝ ներառյալ դրա սպիտակ հատվածները։
«Փաստերի ստուգման հարթակը» պարզաբանում ստանալու նպատակով դիմել է Կենտրոնական ընտրական հանձնաժողով (ԿԸՀ)։ Հանձնաժողովից մեզ հայտնեցին, որ պաստառի մակերես է համարվում ամբողջ այն մակերեսը, որի վրա տեղադրված է քարոզչական պատկերը՝ անկախ նրանից, թե դրա որ հատվածն է անմիջապես զբաղեցնում պատկերը։
Այսպիսով, ԿԸՀ-ի պարզաբանման համաձայն՝ տվյալ դեպքում պետք է հաշվի առնել ոչ թե թեկնածուի նշած՝ մինչև 5 քառակուսի մետր քարոզչական պատկերը, այլ պաստառի ամբողջ՝ 18 քառակուսի մետր մակերեսը։ Հետևաբար, պաստառի տեղադրման նկատմամբ կիրառելի են եղել Ընտրական օրենսգրքով 5 քառակուսի մետրը գերազանցող պաստառների համար սահմանված պահանջները։ Քանի որ դրանք չեն պահպանվել, պաստառը տեղադրվել է ընտրական օրենսդրության պահանջների խախտմամբ։
Ի՞նչ պատասխանատվություն է նախատեսված պաստառը վնասելու համար
Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 40.11-րդ հոդվածը պատասխանատվություն է նախատեսում քարոզչական պաստառները դիտավորյալ վնասելու համար։
Մասնավորապես, նախընտրական քարոզչության համար առանձնացված վայրերում տեղադրված պաստառները դիտավորյալ պոկելը, պատռելը, դրանց վրա գրառումներ կատարելը կամ այլ կերպ վնասելը կարող է առաջացնել տուգանք՝ նվազագույն աշխատավարձի 50-ապատիկից մինչև 100-ապատիկի չափով։
Այսինքն՝ տվյալ իրավախախտման համար նախատեսված տուգանքը կազմում է 50 հազարից մինչև 100 հազար դրամ։
Ո՞վ է որոշել ապամոնտաժել պաստառը
Տեսանյութում Արամ Մանուկյանը Մարտունու համայնքապետարանի Զարգացման ծրագրերի, տուրիզմի, առևտրի, սպասարկման և գովազդի բաժնի ղեկավար Սահակ Աբրոյանից հետաքրքրվում է, թե ով է կայացրել նախընտրական պաստառի ապամոնտաժման որոշումը։ Ի պատասխան՝ Աբրոյանը նշում է՝ «Ընտրական հանձնաժողովը»։
Սակայն «Փաստերի ստուգման հարթակի» հետ զրույցում Կենտրոնական ընտրական հանձնաժողովից (ԿԸՀ) հերքեցին, որ պաստառի ապամոնտաժման որոշումը կայացվել է ԿԸՀ-ի կամ համապատասխան տարածքային ընտրական հանձնաժողովի կողմից։
Միաժամանակ, ԿԸՀ-ից պարզաբանեցին, որ ընտրական հանձնաժողովները նախապես համայնքներին տրամադրում են տեղեկատվություն նախընտրական պաստառների տեղադրման և դրանց նկատմամբ կիրառվող օրենսդրական պահանջների վերաբերյալ։
Ըստ ԿԸՀ-ի՝ Արամ Մանուկյանի նախընտրական պաստառի ապամոնտաժման որոշումը կայացրել է Մարտունու համայնքապետարանը, որն էլ իրականացրել է պաստառի հեռացումը։
Այսպիսով, ԿԸՀ-ի տրամադրած տեղեկությունների համաձայն՝ պաստառը հեռացվել է համայնքապետարանի որոշմամբ և գործողություններով, այլ ոչ թե ընտրական հանձնաժողովի որոշման հիման վրա, ինչպես նշել է Աբրոյանը տեսանյութում։
Եզրակացություն
Այսպիսով, «Փաստերի ստուգման հարթակի» ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ Արամ Մանուկյանի պնդումը, թե իր նախընտրական պաստառի մակերեսը չի գերազանցել օրենքով սահմանված 5 քառակուսի մետրը, չի համապատասխանում ԿԸՀ-ի ներկայացրած մեկնաբանությանը։ Ըստ հանձնաժողովի՝ հաշվարկման ենթակա է պաստառի ամբողջ՝ 18 քառակուսի մետր մակերեսը, այլ ոչ թե միայն դրա վրա տպված քարոզչական պատկերը։
Արեն Նահապետյան
Leave a Reply