Ծրագրավորողից՝ զոդող. Հայկի նոր մասնագիտությունը ԱԲ դարաշրջանում

Written by

in

Վեց ամիս աշխատանք փնտրելուց հետո ծրագրավորող Հայկ Ավանեսյանը որոշեց փորձել մի մասնագիտություն, որի մասին մինչ այդ երբեք չէր մտածել։

 

Նա սկսեց զոդել։

 

Հայկն ապրում է Աբովյան քաղաքում, ունի շուրջ վեց տարվա փորձ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում։ Աշխատել է որպես front-end ծրագրավորող, այդ թվում՝ շուրջ երեք տարի՝ միջազգային շուկայում գործող խոշոր մարքեթինգային ավտոմատացման հարթակում։ Վերջին ամիսների աշխատանքի որոնումները նրան տարել են արհեստանոց: 

 

Ինքնուրույն ծրագրավորում սովորելն ու առաջին աշխատանքը

 

Իմ ուղին դեպի ծրագրավորում դասական ճանապարհով չի անցել: 2016-ին ընդունվել եմ Պոլիտեխնիկ, սակայն մոտ երեք ամիս անց դուրս եմ եկել համալսարանից։

 

Որոշել էի, որ կարող է ծրագրավորումն ինքնուրույն սովորել եւ չորս տարի չսպասել։ Բացի այդ, չէի ուզում, որ մայրս իմ կրթության համար վարկ վերցնի։ Այդպես սկսեցի աշխատել ու զուգահեռ սովորել։ Սկզբում աշխատում էի «Ռոստելեկոմում» որպես օպերատոր։ Չորս տարի աշխատեցի այնտեղ, իսկ վերջին երկու տարիներին զուգահեռ աշխատում էր նաեւ ավտոսերվիսում։

Հայկ Ավանեսյանը Հայկ Ավանեսյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Միաժամանակ գիշերները YouTube-ով ծրագրավորում էի սովորում։ Հետո սկսեցի LinkedIn-ով HR-ներին գրել, ասում էի՝ պատրաստ եմ անվճար պրակտիկա անցնել, ուղղակի ուզում եմ սովորել ու փորձ ձեռք բերել։ Առաջին աշխատանքս որպես ծրագրավորող հենց այդպես գտա։

 

AI-ի ազդեցությունն ու մասնագիտական ճգնաժամը

 

Վերջին աշխատավայրում մոտ երեք տարի աշխատեցի, մարքեթինգային ավտոմատացման միջազգային հարթակ էր։ 

 

Վերջին տարիներին արհեստական բանականությունը (ԱԲ) սկսեց շատ ակտիվ մտնել մեր աշխատանքի մեջ։ Ես էլ սկսեցի օգտագործել։ Սկզբում դա շատ լավ էր, որովհետեւ արագ էր ամեն ինչ ստացվում։ Բայց նաեւ չէի զգում արածիս արժեքը՝ պայմանական ասած, մեկ ամսվա աշխատանքն ԱԲ-ով կարելի էր կես ժամում անել։ 

Հայկ Ավանեսյանը Հայկ Ավանեսյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Նախկինում բարդ խնդիր լուծելը ընկալում էի որպես մասնագիտական հաղթանակ, բայց աստիճանաբար սկսեցի այդ զգացողությունն ավելի քիչ ունենալ։ Երբ պայմանագիրս ավարտվեց, ինձ մոտ միայն մասնագիտական ճգնաժամ չէր. մտածում էի նաեւ ընտանիքիս, երեխաներիս կարիքների մասին։ Առաջին անգամ էր, որ ոչ մի տեղ չէի աշխատում։

 

Ապարդյուն որոնումներն ու զոդումը

 

Արդեն վեց ամիս է՝ գործ եմ փնտրում։ Շատ ընկերությունների եմ դիմել՝ ե՛ւ տեղական, ե՛ւ միջազգային։ 

 

Որոշեցի գործի դնել իմ մյուս հմտությունները։ Միշտ հետաքրքրված եմ եղել գործիքներով եւ ֆիզիկական աշխատանքով, իսկ ավտոսերվիսում աշխատելու 

փորձ արդեն ունեի։

Հայկ Ավանեսյանը Հայկ Ավանեսյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Հայտարարություն տեսա. զոդման ընկերությունում ազատ տեղ կար եւ փորձ չէր պահանջվում։ Դիմեցի ու բավականին լավ սկսեց ստացվեց հենց առաջին օրվանից։ Աբովյանում գտնվող ընկերություններից մեկում անցա պրակտիկայի։

 

Երբ պատմեցի ծրագրավորման փորձիս մասին, ինձ այնտեղ առաջարկեցին նախագծման ու դիզայնի աշխատանքներով զբաղվել, բայց ինձ ավելի շատ հետաքրքրում է հենց զոդումն ու դրանից ավելի մեծ հաճույք եմ ստանում։

 

Երկու շաբաթում կնոջս համար սուրճի յուրօրինակ սեղան պատրաստեցի, նմանատիպ նմուշ պատրաստելու արդեն մի քանի պատվերներ ունեմ։

 

Մեկ reel, որը փոխեց ընթացքը

 

Զոդման պատմությունը հանրային դարձավ Instagram-ի մեկ կարճ տեսանյութի շնորհիվ։ 

 

Կինս վերջերս սկսել է բլոգ վարել՝ երեխաների սննդի եւ առողջ սննդակարգի մասին ու առանց գովազդի օրգանիկ լսարան է հավաքում։ Տեսնելով նրա փորձը, առաջին անգամ մտածեցի, որ ես էլ կարող եմ իմ աշխատանքի մասին տեսանյութ պատրաստել ու հրապարակել։

 

 

 

Reel-ը հրապարակելուց առաջ շատ երկար եմ մտածել. երեւի մեկ ժամ մատս հրապարակման կոճակի վրա էի պահել։ Ի վերջո` հրապարակեցի։

 

Սկզբում էջումս ընդամենը 36 հետեւորդ կար, հետո սկսեցին ավելանալ դիտումները, հետեւորդները, մեկնաբանությունները եւ հաղորդագրությունները։ Գրեցին նաեւ նախկին ծանոթներս՝ այդ թվում տեխնոլոգիական ոլորտից։ 

Լուսանկարը` Հայկ Ավանեսյանի արխիվից

Հասկացա, որ մարդկանց հետաքրքրում է ոչ միայն իմ պատմությունը, այլեւ պատրաստած իրերը։ 

 

Սպասելը փոխարինել փորձելով

 

Կայացած արտադրություն կամ բիզնես դեռ չունեմ։ Պատրաստել եմ մի քանի նմուշ, փորձում եմ հասկանալ ինքնարժեքը, նյութերի, ներկման եւ տարածքի ծախսերը։

 

Reel-ի հրապարակումից հետո ինձ աշխատանքային նոր տարածք են առաջարկել։

 

Դեռ չեմ շտապում սա «հաջողության պատմություն» անվանել՝ ճանապարհի սկզբում եմ։ Այս փուլում ամենակարեւորն արդյունքը չէ, այլ փորձելու հնարավորությունը։ 

Հայկ Ավանեսյանը Հայկ Ավանեսյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Ինձ պես աշխատանք փնտրողներին խորհուրդ կտամ ուղղակի փորձել այն, ինչ ձեր մտքով անցնում է, առաջին քայլն ամենադժվարն է։ Դեռ չգիտեմ՝ այս ճանապարհը ինձ ուր է տանելու, բայց ընտրել եմ ոչ թե սպասելը, այլ փորձելը։

 

Նունե Գրիգորյան

 

Նկարները՝ Դավիթ Ղահրամանյանի

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *