Երեւան: Մեդիամաքս: ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանն այսօր ասել է, որ ԹՐԻՓՓ նախագիծը Հայաստանի եւ ԱՄՆ-ի միջեւ «տնտեսական համագործակցության նոր՝ երբեւէ չունեցած մակարդակ է»:
«Հասկանալի է, որ ԱՄՆ-ն ունենալու է իր էական մասնակցությունը եւ հետապնդելու է իր տնտեսական շահերը: Սա համաձայնագիր է Հայաստանի եւ ԱՄՆ-ի միջեւ, որի նպատակն է կանոնակարգել TRIPP ընկերության գործունեությունը եւ դրա հետագա կառավարումը: Սա այն ընկերությունն է, որը հետագայում կառուցելու եւ կառավարելու է նախագիծը, ստանալու է կոնցեսիոն իրավունքներ»,- Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստում ասել է Արարատ Միրզոյանը՝ ներկայացնելով «ՀՀ-ի եւ ԱՄՆ-ի միջեւ «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության եւ բարգավաճման» նախագծի վերաբերյալ ռազմավարական համագործակցության մասին շրջանակային համաձայնագիրը վավերացնելու մասին» նախագիծը:
Նա նշել է, որ համաձայնագրի վավերացումից հետո անհրաժեշտ կլինի կատարել եւս 1-2 փաստաթղթային քայլ.
«Պետք է ստորագրենք բաժնետերերի պայմանագիրը, հաստատենք ընկերության կանոնադրությունը. այսքանով TRIPP-ի գործարկման համար անհրաժեշտ հիմնարար փաստաթղթային քայլերը կատարված կլինեն»:
ԱԳ նախարարի խոսքով՝ որեւէ ենթակառուցվածք, որը գործելու է, եւ որեւէ հարաբերություն, որը հաստատվելու է, ամբողջությամբ տեղի է ունենալու «ինքնիշխանություն, տարածքային ամբողջականություն, իրավազորություն շրջանակում»:
«ԹՐԻՓՓ-ը քաղաքացիների կյանքը լավացնելու ու հեշտացնելու համար է։ Չեմ կարող պատկերացնել որեւէ ողջամիտ մարդ, որը կասի՝ մեզ դա պետք չէ»,- նշել է նա։
Leave a Reply