«ԵՄ-ն եւ ԱՄՆ-ը պարտավոր են Ալիեւից պահանջել հարգել արեւմտյան արժեքները»

Written by

in

Ալի Քերիմլին Ադրբեջանի նախկին պետքարտուղարն է։

 

Ալի Քերիմլի

 

Նախքան 2026 թվականի հունիսի ընտրություններում հաղթելը, վարչապետ Նիկոլ Փաշինյանն ութ տարի ղեկավարել էր Հայաստանը: Սակայն նախկինում նա հանդես չէր եկել այդպիսի հստակ եւ Ռուսաստանին այդ աստիճան նյարդացնող արտաքին քաղաքական ծրագրով:

 

Փաշինյանը կոչ արեց վերջ դնել Ռուսաստանից Հայաստանի կախվածությանը եւ ձգտել ավելի սերտ ինտեգրման Արեւմուտքի հետ: Նա նաեւ հրաժարվեց Թուրքիայի եւ Ադրբեջանի նկատմամբ Հայաստանի տարածքային պահանջներից, ներառյալ Լեռնային Ղարաբաղը: Այժմ օրակարգում Ադրբեջանի հետ հաստատուն խաղաղությունն է եւ Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորումը:

 

Ռուսաստանը զգալի ջանքեր է գործադրել Փաշինյանի վերընտրությունը կանխելու համար, այդ թվում՝ ի պաշտպանություն ռուսամետ թեկնածուների իրականացվող ապատեղեկատվական արշավների եւ առեւտրային սահմանափակումների միջոցով: Սակայն հայ ընտրողները չտրվեցին այդ սադրանքներին։ Թեեւ երկու խոշորագույն ռուսամետ կուսակցությունները բավարար ձայներ հավաքեցին խորհրդարան անցնելու համար, Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը մեծամասնություն ստացավ:

 

Այժմ Փաշինյանն ունի ժողովրդական մանդատ, որն անհրաժեշտ է տարածաշրջանային նոր ստատուս քվո ձեւավորելու համար, որտեղ Ռուսաստանի ազդեցությունը կշարունակի թուլանալ, իսկ Հարավային Կովկասի երկրները կստանան խաղաղություն, կայունություն եւ ԱՄՆ-ի ու Եվրամիության հետ համագործակցության նոր հնարավորություններ: Սա կարող է լավ նորություն լինել Ադրբեջանի համար, որն արդեն իսկ աշխատում է Արեւմուտքի հետ ռազմավարական գործընկերության կառուցման ուղղությամբ:

 

2026 թվականի փետրվարին Ադրբեջանը ԱՄՆ-ի հետ ստորագրեց ռազմավարական գործընկերության խարտիա: Թեեւ համաձայնագրի բովանդակային մասը բավականին սահմանափակ է, այն նկատելի քայլ է առաջ: Ադրբեջանն ընդլայնում է կապերը նաեւ ԵՄ-ի հետ՝ շեշտը դնելով տրանսպորտային, թվային, էներգետիկ եւ առեւտրային կապերի վրա:

 

Առաջին հայացքից այս ամենը բխում է Ադրբեջանի շահերից: Սակայն առանց համապատասխան պայմանների նման գործընկերությունները կարող են օգուտ չբերել ադրբեջանցիներին:

Լուսանկարը` REUTERS

Երկիրը ղեկավարվում է ավտորիտար ռեժիմի կողմից. Ալիեւների ընտանիքը բացարձակ իշխանությունը պահպահում է 1993 թվականից ի վեր: Ավելի քան երեք տասնամյակների ընթացքում Ալիեւների դինաստիան ամրապնդել է իր դիրքերը՝ ապամոնտաժելով ժողովրդավարական ինստիտուտները, խարխլելով դատական համակարգի անկախությունը, խեղաթյուրելով ընտրական համակարգը եւ ճնշելով անկախ լրատվամիջոցները, քաղաքացիական հասարակությունն ու ընդդիմադիր կուսակցությունները:

 

Չնայած այս ամենին՝ ադրբեջանցիները շարունակում են պայքարել ժողովրդավարության համար՝ հաճախ հսկայական անձնական կորուստների գնով: Այս տողերը ես կնոջս թելադրում եմ Պետական անվտանգության ծառայության քննչական մեկուսարանից: Ինձ ձերբակալել են անցյալ տարվա նոյեմբերին՝ աբսուրդային մեղադրանքներով:

 

Ձերբակալությունս երկարատեւ արշավի գագաթնակետը դարձավ: 20 տարի շարունակ ինձ արգելված էր լքել Ադրբեջանը: Մինչեւ ձերբակալությունը հինգ տարի ապրել էի սեփական տանս՝ ինտերնետի արգելափակման պայմաններում: Ինձ բերման եւ խոշտանգումների էին ենթարկում: Այժմ ինձ սպառնում է 12-ից 20 տարվա ազատազրկում՝ շինծու մեղադրանքով:

 

Ես մենակ չեմ: Ալիեւների ընտանիքի կառավարման օրոք հազարավոր ադրբեջանցիներ երկարաժամկետ ազատազրկում են կրել որպես քաղաքական բանտարկյալներ, տասնյակ հազարավորները տուժել են ոստիկանական բռնություններից, իսկ հազարավորները խոշտանգումների են ենթարկվել պարզապես ժողովրդավարության կոչեր հնչեցնելու համար: Ներկայում Ադրբեջանի բանտերում պահվում է 328 քաղբանտարկյալ, այդ թվում՝ 34 հայտնի լրագրող (նրանցից ինը՝ կանայք), ինչպես նաեւ քաղաքացիական հասարակության ակտիվիստներ, ընդդիմադիր առաջնորդներ եւ շարքային քաղաքացիներ։ Իմ տասնյակ մերձավորներ ձերբակալվել են շինծու մեղադրանքներով:

 

Այդուհանդերձ, մենք չենք հանձնվել եւ չենք հրաժարվել մեր ժողովրդավարական իդեալներից: Այսօր, ինչպես եւ միշտ, մենք պատրաստ ենք ցանկացած զոհողության՝ հանուն Ադրբեջանում ժողովրդավարության հաստատման:

 

ԱՄՆ-ը եւ Եվրոպան պատասխանատվություն չեն կրում Ադրբեջանի ժողովրդավարացման համար: Սակայն դա չի նշանակում, թե նրանք պետք է հրաժարվեն սեփական սկզբունքներից՝ աչք փակելով երկրում տեղի ունեցող զանգվածային բռնաճնշումների եւ ժողովրդավարության ապամոնտաժման վրա:

 

Ալիեւի ռեժիմը, թերեւս, ենթադրում է, որ օժտված է արեւմտյան գործընկերների վրա ազդեցության բավարար լծակներով, որպեսզի ստիպի նրանց անտեսել այս փաստերը եւ գործարքներ կնքել սեփական պայմաններով։ Սա հատկապես վերաբերում է Եվրոպային. Ադրբեջանը գազ է մատակարարում եվրոպական 16 երկրների, իսկ նավթ՝ 20-ին, ինչը նրան դարձնում է ԵՄ էներգետիկ անվտանգության կարեւոր տարր: Ավելին, Ադրբեջանի տարածքով է անցնում «Միջին միջանցքը»՝ Արեւմտյան Չինաստանի եւ Եվրոպայի միջեւ ամենակարճ երթուղին:

Լուսանկարը` REUTERS

Սակայն ԵՄ-ն եւ ԱՄՆ-ը կարող են եւ պետք է դիմակայեն դրան՝ ապահովելով, որ ռազմավարական գործընկերությունները կառուցվեն արեւմտյան արժեքների ու սկզբունքների հիման վրա՝ միջազգային իրավունքին համապատասխան: Նրանք առնվազն պարտավոր են ադրբեջանական իշխանություններից պահանջել մարդու իրավունքների եւ ազատությունների ոլորտում ստանձնած պարտավորությունների կատարում, որոնք ամրագրված են ՄԱԿ-ի կոնվենցիաներում, որոնք Ադրբեջանը ստորագրել եւ վավերացրել է:

 

Ես հաստատապես համոզված եմ. եթե ադրբեջանցի ժողովրդին տրվեին հիմնարար իրավունքներ եւ ազատություններ, նա առաջին իսկ հնարավորության դեպքում կհրաժարվեր դինաստիական ավտորիտար կառավարումից: Մենք կվերականգնեինք ժողովրդավարական հանրապետությունը, որը հիմնադրել էին մեր նախնիները 108 տարի առաջ՝ առաջինն իր տեսակի մեջ ողջ Արեւելքում եւ մուսուլմանական աշխարհում: Ռեժիմը նույնպես հասկանում է դա. հենց այդ պատճառով է այն ընտրությունները վերածել ֆարսի, արգելել խաղաղ հավաքները եւ բանտերը լցրել այլախոհներով:

 

Ադրբեջանցիները ցանկանում են ավելի սերտ ինտեգրում Արեւմուտքի հետ, բայց առաջին հերթին մենք ուզում ենք, որ հարգվեն մեր հիմնարար իրավունքներն ու ազատությունները: Ռազմավարական համագործակցությունը պայմանավորելով ժողովրդավարական նորմերին եւ միջազգային իրավունքին Ադրբեջանի հավատարմությամբ՝ ԱՄՆ-ը եւ Եվրոպան կարող էին օգնել հասնելու թե՛ մեկին, թե՛ մյուսին:

 

Թարգմանությունը՝ Մարթա Սեմյոնովայի

 

Այս հոդվածը թարգմանվել եւ հրապարակվել է «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան աջակցությամբ: Հոդվածում արտահայտված մտքերը պարտադիր չէ, որ արտացոլեն «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան կամ Մեդիամաքսի տեսակետները:

 

Copyright: Project Syndicate, 2026.

www.project-syndicate.org 

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *