Հայաստանում անցկացվող ՄԱԿ-ի Կենսաբազմազանության կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (COP17) համատեքստում Հայաստանում ֆրանսիական համալսարանում (ՀՖՀՀ) տեղի է ունեցել «Կենսաբազմազանություն․ կամուրջ բիզնեսի եւ մարդու իրավունքների միջեւ» գիտաժողովը։
Ակադեմիական համայնքի, իրավաբանական եւ բիզնես ոլորտների ներկայացուցիչները քննարկել են կենսաբազմազանության պահպանության, տնտեսական գործունեության եւ մարդու իրավունքների պաշտպանության փոխկապակցվածությունն՝ անդրադառնալով նաեւ հարցին՝ ինչպե՞ս բնապահպանական պատասխանատվությունը կարող է բիզնեսի համար վերածվել նոր հնարավորությունների։
Լուսանկարը` Մեդիամաքս
Գիտաժողովի ընթացքում կայացել է երկու պանելային քննարկում՝ «Բիզնեսը եւ կենսաբազմազանությունը» եւ «Մարդու իրավունքները եւ կենսաբազմազանությունը» խորագրերով։
Մեդիամաքսը ներկա է եղել գիտաժողովի բացմանն ու առաջին պանելային քննարկմանը՝ առանձնացնելով առավել ուշագրավ դրվագները։
«Ի՞նչ իմաստ ունի տնտեսական զարգացումը, եթե այն տեղի է ունենում մարդու իրավունքների եւ բնության հաշվին»
Սալվա Նակուզի, Հայաստանում ֆրանսիական համալսարանի ռեկտոր
Շնորհակալություն եմ հայտնում մեր բոլոր գործընկերներին եւ խոսնակներին, որոնց շնորհիվ հնարավոր դարձավ պետական, ակադեմիական, ձեռնարկատիրական եւ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների այս հանդիպումը։
Մենք, որպես համալսարան, առանձնահատուկ դեր ունենք։ Այսօր ուսումնական հաստատությունների գլխավոր խնդիրն է պատրաստել ոչ թե պարզապես մասնագետներ, այլ կրթել այնպիսի պրոֆեսիոնալների, որոնք գիտակցում են մեր հասարակության առջեւ ծառացած մարտահրավերները։ Կենսաբազմազանության պահպանումը դրանցից մեկն է։
Սալվա Նակուզին
Լուսանկարը` Մեդիամաքս
Կարեւոր է գիտակցել՝ այն վերաբերում է ոչ միայն շրջակա միջավայրին, այլեւ անմիջականորեն առնչվում է բոլորիս առողջությանը, կյանքին, երկրի տնտեսական եւ սոցիալական իրավիճակին։ Այսօր կքննարկենք՝ ինչպես կարող են ձեռնարկությունները նպաստել կենսաբազմազանության պահպանությանը, այստեղ մեծ հեռանկարներ են բացում նաեւ «կանաչ ֆինանսները»։ Կխոսենք նաեւ մարդու իրավունքների եւ կենսաբազմազանության պահպանման կապի մասին։
Մենք պետք է հարցնենք ինքներս մեզ՝ ի՞նչ իմաստ ունի տնտեսական զարգացումը, եթե այն տեղի է ունենում մարդու իրավունքների եւ բնության հաշվին։ Կենսաբազմազանության կորուստը եւ շրջակա միջավայրի վատթարացումն անմիջականորեն ազդում են մարդու կյանքի բոլոր ոլորտների վրա, ընդ որում՝ առավել ծանր հետեւանքներ են ունենում ամենախոցելի համայնքները։ Այնպես որ, ձեռնարկությունների ներգրավվածությունը շրջակա միջավայրի պահպանությանն իսկապես շատ կարեւոր է։ Ինչ վերաբերում է համալսարաններին, ապա մենք այս պատասխանատու մոտեցումը պետք է «ներարկենք» նաեւ ուսանողներին։ Նրանք պետք է սովորեն հարգել ապագան։
«Կենսաբազմազանությունը պետությունների միջեւ կիսված պատասխանատվություն է»
Քսավիե Ռիշար, Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության մշակույթի եւ համագործակցության հարցերով խորհրդական
COP17-ի հիմնական նպատակներից մեկը նախորդ համաժողովից ի վեր իրականացված աշխատանքների արդյունքների ամփոփումն է։ Մասնավորապես, անհրաժեշտ է գնահատել մինչեւ 2030 թվականը երկրագնդի մակերեւույթի 30%-ի պաշտպանությունն ապահովելու խորհրդանշական նպատակի ուղղությամբ արձանագրված առաջընթացը։ Այս թեման առանցքային տեղ կզբաղեցնի Երեւանում անցկացվող՝ ավելի քան տասը օր տեւող համաժողովի քննարկումներում։ Անշուշտ, կարեւոր է նաեւ ուսանողների մասնակցությունն ու ակտիվ ներգրավվածությունը։
Քսավիե Ռիշարը
Լուսանկարը` Մեդիամաքս
Ոմանք հակասություն են տեսնում բիզնեսի եւ շրջակա միջավայրի պաշտպանության միջեւ։ Սակայն իրականում ձեռնարկությունները նույնպես կարեւոր դեր ունեն շրջակա միջավայրի պահպանության եւ կենսաբազմազանության պաշտպանության գործում, քանի որ բնության վրա բացասական ազդեցության հետեւանքները կարող են անդրադառնալ տնտեսական գործունեության տարբեր ոլորտների վրա։ Համաշխարհային ՀՆԱ-ի կեսից ավելին կախված է բնության մատուցած ծառայություններից։ Հետեւաբար, որոշումներ կայացնելիս ձեռնարկատերերն ավելի ու ավելի մեծ ուշադրություն են դարձնում իրենց գործունեության՝ շրջակա միջավայրի վրա ազդեցության հետ կապված բոլոր ռիսկերին։
Ֆրանսիայում եւ Եվրոպական միությունում խոշոր ընկերությունները հրապարակում են կայունության վերաբերյալ իրենց տվյալները։ Միեւնույն ժամանակ, զգալի ֆինանսական միջոցներ ունեցող ներդրումային ֆոնդը, որը կառավարվում է Ֆրանսիայի պետական ֆինանսական հաստատություն Caisse des Dépôts-ի կողմից, ներդրումներ է կատարում էկոհամակարգերի վերականգնմամբ զբաղվող ընկերություններում։ Հայաստանը նույնպես շարժվում է այս ուղղությամբ։
Լուսանկարը` Մեդիամաքս
Կանաչ ֆինանսավորումից մինչեւ խաղողագործություն՝ տարբեր նախաձեռնություններ ցույց են տալիս, որ բնության պահպանումը կարող է դառնալ մրցունակության կարեւոր գործոն։
Կենսաբազմազանությունը պետությունների միջեւ կիսված պատասխանատվություն է, իսկ դուք՝ ուսանողներդ, այս գործի վաղվա պատասխանատուները։
«Բնական ռեսուրսների անխնա օգտագործումը վտանգում է ոչ միայն շրջակա միջավայրը, այլեւ՝ տնտեսական զարգացման հեռանկարները»
Նաիրա Հայրապետյան, Հայաստանում ֆրանսիական համալսարանի մարքեթինգի ֆակուլտետի դեկան
Այսօր հաճախ ենք խոսում տնտեսական աճի եւ ներդրումների մասին, սակայն չպետք է մոռանալ՝ երկարաժամկետ զարգացումն անհնար է պատկերացնել բնությունից եւ բնական ռեսուրսներից անկախ։ Բնական էկոհամակարգերի վնասումն ու ռեսուրսների անխնա օգտագործումը վտանգում են ոչ միայն շրջակա միջավայրը, այլեւ՝ տնտեսական զարգացման հեռանկարները։
Նաիրա Հայրապետյանը
Լուսանկարը` Մեդիամաքս
Այս համատեքստում բնապահպանական պատասխանատվությունը պետք է դիտարկել ոչ թե պարզապես որպես բիզնեսի պարտավորություն կամ լրացուցիչ ծախս, այլ որպես նոր հնարավորությունների, մրցակցային առավելությունների եւ կայուն զարգացման կարեւոր նախապայման։
Կենսաբազմազանության պահպանումն այլեւս միայն պետության կամ բնապահպանական կազմակերպությունների պատասխանատվությունը չէ․ այն պահանջում է բիզնեսի, ֆինանսական համակարգի, գիտական համայնքի եւ հասարակության համատեղ ջանքերը։ Հայաստանի համար կարեւոր է համատեղել տնտեսական առաջընթացը, բնական հարստության պահպանումն ու ներկա եւ ապագա սերունդների իրավունքների պաշտպանությունը։
Լուսանկարը` Մեդիամաքս
Այսօրվա գիտաժողովի առանցքային հարցերից մեկն այն է, թե ինչպես կարող է բիզնեսը ոչ միայն նվազեցնել բնության վրա իր բացասական ազդեցությունը, այլեւ գործուն քայլեր ձեռնարկել կենսաբազմազանության պահպանման եւ էկոհամակարգերի վերականգնման ուղղությամբ։
Շնորհակալություն եմ հայտնում մեր բանախոսներին՝ այս կարեւոր հարցի քննարկմանը մասնակցելու համար։
«Հայաստանի կենսաբազմազանությունը շատ հարուստ է. ԱՄՆ տարածքում հանդիպում է գիշատիչ թռչունների 30 տեսակ, իսկ Հայաստանում՝ 35»
Արմեն Աբելյան, Կլիմայի եւ կենսաբազմազանության քաղաքականության փորձագետ, COP-17-ի շահառուների ներգրավման համակարգող
Կենսաբազմազանության առումով մենք՝ Հայաստանի բնակիչներս, շատ բախտավոր ենք եւ պետք է ամեն գնով պահպանենք մեզ բաժին հասած այս ժառանգությունը։ Մեր կենսաբազմազանության հարստության կարեւոր նախապայմաններից մեկը լեռնային ռելիեֆն է։ Հայաստանն ունի տարբեր կլիմայական գոտիներ, որոնցից յուրաքանչյուրին բնորոշ միկրոկլիման նպաստում է բուսական եւ կենդանական աշխարհի բազմազանությանը։
Հաճախ կատակում եմ, որ Արարատ լեռան վրա Նոյի տապանի հանգրվանելուց հետո տապանի բոլոր կենդանիներն ու բույսերը տարածվել ու պահպանվել են մինչեւ մեր օրերը (ժպտում է – հեղ.)։
Արմեն Աբելյանը
Լուսանկարը` Մեդիամաքս
Կարծում եմ՝ թվերը շատ ավելի խոսուն են։ Մեր երկրում գրանցված է կենդանիների, թռչունների եւ բույսերի շուրջ 27 հազար տեսակ։ Օրինակ՝ COP17-ի խորհրդանիշ դարձած թիթեռը Հայաստանի, ավելի կոնկրետ՝ Երեւանի էնդեմիկ տեսակներից է եւ աշխարհում այլ վայրերում չի հանդիպում։ Աշխարհում կա ցորենի չորս էնդեմիկ տեսակ, որոնցից երեքը՝ Հայաստանում։
Հայաստանի կենսաբազմազանության հարստությունը պատկերացնելու համար եւս մի քանի համեմատություն բերեմ։ Եվրոպայում կա թիթեռների 470 տեսակ, իսկ Հայաստանում՝ 215։ Պատկերացնո՞ւմ եք՝ որքան տարբեր են մեր տարածքների չափերը։ Նման պատկեր է նաեւ թռչունների դեպքում։ Հատկանշական է, որ Միացյալ Նահանգների ողջ տարածքում հանդիպում է գիշատիչ թռչունների 30 տեսակ, իսկ Հայաստանում՝ 35։
Լուսանկարը` Մեդիամաքս
Իհարկե, բոլորս գիտենք նաեւ կովկասյան ընձառյուծի մասին, որը, ցավոք, խիստ վտանգված է։ Հայաստանում մնացել է մոտ 10 կովկասյան ընձառյուծ, որոնց մեծ մասը բնակվում է Խոսրովի անտառում։ Տեսակի գոյատեւմանը սպառնում են կլիմայի փոփոխությունը, ապօրինի որսը եւ սննդի պակասը։ Կովկասյան ընձառյուծի հիմնական որսատեսակներից են հայկական մուֆլոնն ու բեզոարյան այծը։
Պատասխանատու մոտեցում բնությանը. լրացուցիչ ծախս բիզնեսի համար, թե՞ մրցակցային առավելություն
Կարլեն Մանասերյան, ՏՈՒՇՊԱ ԷՔՍ ԼԱԲ-ի համահիմնադիր
Եթե բիզնես մոդելը կառուցվի այնպես, որ կենսաբազմազանության պահպանումը դիտարկվի ոչ թե որպես խնդիր, այլ՝ որպես մարտահրավեր, այն կարող է վերածվել լրացուցիչ հնարավորության։
Կարլեն Մանասերյանը
Լուսանկարը` Մեդիամաքս
Կա մի արտահայտություն՝ «եթե ոչ ոք չի անում, պետք է ես փորձեմ»։ Մեր գինիների դեպքում աշխատեց հենց այս մոտեցումը։ Եթե Երեւանի մասնագիտացված գինու խանութներում ուսումնասիրենք տեսականին, կտեսնենք, որ գինիների արտադրության մեջ օգտագործվում է խաղողի ընդամենը մի քանի տեսակ։ Մինչդեռ տարբեր աղբյուրների համաձայն՝ Հայաստանում խաղողի բազմաթիվ տեսակներ կան, որոնց միայն փոքր մասն էր օգտագործվում գինեգործության մեջ։ Մենք սա դիտարկեցինք որպես հնարավորություն, առաջին հերթին՝ մարքեթինգային, քանի որ խաղողի առանձնահատուկ տեսակների օգտագործումը թույլ է տալիս տարբերվել մյուսներից եւ մրցակցային առավելություն ձեռք բերել։
Լուսանկարը` Մեդիամաքս
Կենսաբազմազանության նկատմամբ հոգատարությունն ի վերջո պետք է դառնա մեր մշակույթի մի մասը։ Մինչեւ վերջին տարիները Հայաստանում եւ աշխարհում գինու բիզնեսի հիմնական շեշտադրումը դրվում էր արտադրական գործընթացի վրա։ Որպես մրցակցային առավելություն նշվում էր՝ «մեր գինեգործն աշխարհում լավագույններից է», եւ խոսք չկար հումքը՝ խաղողը մշակողների ու նրանց դերի մասին։ Այսօր շատ գինեգործարաններ նախընտրում են ունենալ սեփական խաղողի այգիները՝ որակն ինքնուրույն վերահսկելու համար։ Սա կարող է խնդիր դառնալ Հայաստանի բազմաթիվ խաղողագործների համար։ Մեր ընկերություններում մենք համագործակցում ենք նաեւ տեղական, այդ թվում՝ էնդեմիկ խաղողի տեսակներ մշակող ֆերմերների հետ՝ նրանց դարձնելով «Տուշպա» գինիների ստեղծման գործընթացի անբաժան մասը։
Հասմիկ Խաչոյան, «Ազգային Հիպոթեքային Ընկերություն» ՎՎԿ, բնապահպանական եւ սոցիալական հարցերով ավագ մասնագետ
Կարճաժամկետ հեռանկարում կանաչ ֆինանսավորումը կարող է լրացուցիչ ծախսեր ենթադրել, քանի որ պահանջում է լրացուցիչ վարչական ռեսուրսներ, բնապահպանական չափանիշների ներդրում, այլ գործողություններ։ Սակայն երկարաժամկետ առումով այն նոր հնարավորություններ է ստեղծում, այդ թվում՝ արտոնյալ վարկային գծեր տրամադրելու համար։ Արդյունքում ընկերությունը դառնում է ավելի մրցունակ եւ գրավիչ նաեւ միջազգային գործընկերների համար։
Հասմիկ Խեչոյանը
Լուսանկարը` Մեդիամաքս
Այսօր մեր միջոցներով վերաֆինանսավորվող յուրաքանչյուր վարկ անցնում է բնապահպանական եւ սոցիալական խիստ ստուգումներ։ Չեն ֆինանսավորվում այն վարկերը, որոնք վերաբերում են սողանքային գոտիներում կամ հատուկ պահպանվող տարածքներում գտնվող գույքին, ինչպես նաեւ դեպքերը, երբ ֆինանսավորումը կարող է անդառնալի վնաս հասցնել կենսաբազմազանությանը։
Աշոտ Սարիբեկյան, «ARGE BUSINESS» / Procter & Gamble ընկերություն, անձնակազմի վերապատրաստման եւ մերչենդայզինգի բաժնի ղեկավար,
Առաջին հայացքից կենսաբազմազանության պահպանմանն ուղղված նախաձեռնությունները կարող են թվալ լրացուցիչ ծախս, սակայն երկարաժամկետ հեռանկարում դրանք նոր հնարավորություններ են ստեղծում։ Նույնիսկ փոքր փոփոխությունները կարող են նշանակալի արդյունք ունենալ շրջակա միջավայրի պահպանման գործում եւ դրանում համոզվել ենք սեփական օրինակով։
Աշոտ Սարիբեկյանը
Լուսանկարը` Մեդիամաքս
Օրինակ՝ Procter & Gamble ընկերության «Ariel» լվացող միջոցները նախկինում մատակարարվում էին պլաստիկ տուփերով։ Թեեւ դրանք վերամշակելի էին, վերամշակման գործընթացը բավականին բարդ էր։ Այժմ դրանք փոխարինել ենք ստվարաթղթե տուփերով, որոնք շատ ավելի հեշտ եւ էժան են վերամշակվում։ Բացի այդ, ստվարաթղթե փաթեթավորումը հնարավորություն է տալիս նույն ծավալում տեղավորել կիսով չափ ավելի ապրանք՝ առավելություն ստեղծելով նաեւ լոգիստիկայի տեսանկյունից։
Մեկ այլ օրինակ վերաբերում է լվացքի ընթացքում ածխածնային հետքի նվազեցմանը։ Տվյալները ցույց են տալիս, որ լվացքի ժամանակ վնասակար արտանետումների զգալի մասը կապված է լվացքի մեքենայում ջրի տաքացման հետ։ Այս ազդեցությունը նվազեցնելու նպատակով մեր ընկերությունը մշակել է լվացող միջոց, որը թույլ է տալիս սառը ջրով լվանալիս ստանալ նույն արդյունքը, ինչ տաք ջրի օգտագործման դեպքում։
Ֆլորա Ամիրխանյան, «GREEN ROCK FOUNDATION» հիմնադրամ, գործառնությունների մենեջեր
Հպարտությամբ կարող եմ ասել, որ «Green Rock» հիմնադրամն ունի կենսաբազմազանության պահպանմանն ուղղված բազմաթիվ ծրագրեր։ Մեր նպատակն է պահել այն, ինչ արդեն ունենք, եւ նոր նախաձեռնություններն իրականացնել՝ հաշվի առնելով բնական միջավայրի առանձնահատկությունները։ Այս մոտեցումը, բնականաբար, ավելի մեծ ծախսեր է ենթադրում, սակայն ապահովում է երկարաժամկետ արդյունք։
Ֆլորա Ամիրխանյանը
Լուսանկարը` Մեդիամաքս
Մենք այն եզակի ընկերություններից ենք, որոնք կամավոր, առանց պարտադիր պահանջի, անցնում են ESG (բնապահպանական, սոցիալական եւ կառավարման) սերտիֆիկացում։
Այսօր Դիլիջանում մեր հիմնադրամը կառուցում է նոր հյուրանոց եւ այս ընթացքում չի հատվել ոչ մի ծառ, իսկ տարածքում առկա12 բավականին մեծ ծառերը տեղափոխվել եւ վերատնկվել են այլ տարածքում։ Կանաչ զբոսաշրջությունը եւս մեր բազմաթիվ ծրագրերի առանցքային ուղղություններից է։
Կարճաժամկետ հեռանկարում հնարավոր է ավելի փոքր ծախսերով լավ արդյունք գրանցել, սակայն դրա բացասական հետեւանքները հետագայում կրելու է համայնքը։ Մենք նախընտրում ենք աշխատել երկարաժամկետ հեռանկարի համար, եւ «Green Rock»-ն այս մոտեցման առաջամարտիկներից է։
Յանա Շախրամանյան
Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի
Leave a Reply