Առուշ Առուշանյան․ «Նախընտրական քարոզարշավը Գորիս համայնքում ընթանում է բնականոն հունով, առողջ մրցակց

Written by

in

Հոկտեմբերի 25-ին Գորիս խոշորացվող համայնքում տեղի կունենան ՏԻՄ ընտրություններ։

Ընտրություններին մասնակցող «Համերաշխություն» դաշինքի նախընտրական ցուցակը գլխավորում է Գորիս համայնքն ինը տարի գլխավորած Առուշ Առուշանյանը։

Ներկայիս ՏԻՄ ընտրությունների առանձնահատկությունը նրանում է, որ երբեմնի Գորիս, Տաթև և Տեղ համայնքները միավորվում են մեկ՝ Գորիս համայնքի մեջ։

Նախընտրական իրավիճակի մասին է զրույցն Առուշ Առուշանյանի հետ, որը տեղի ունեցավ հոկտեմբերի 15-ին։

– Պարոն Առուշանյան, նախընտրական քարոզարշավն ակտիվ շրջափուլի մեջ է մտել, ուստի կուզենայինք որոշակի ամփոփումներ կատարել։ Կցանկանայինք իմանալ Ձեր գնահատականը Գորիս համայնքի նախընտրական իրավիճակի մասին։

– Քարոզարշավը բնականոն հունով է ընթանում, առողջ մրցակցային մթնոլորտ է։ Քարոզարշավն  ամբողջությամբ ավարտել ենք Տեղ և Տաթև համայնքներում, Գորիս համայնքի գյուղերում ևս, այժմ քաղաքի թաղամասերում ենք հանդիպում ընտրողներին։

Մարդկանց հետ բավականին դրական շփման եզրեր ունենք, խոսում ենք կատարված աշխատանքի և անելիքների մասին, որոնք մինչև այս պահը չենք հասցրել իրականացնել։

Այսպես ձևակերպեմ՝ քարոզարշավն իր տրամաբանության մեջ է։ Մրցակից մյուս թիմի համար որևէ խոչընդոտ չի եղել ու չի կարող լինել, հավասար մրցակցային պայմաններ են։ Այն հնարավորությունները, որոնք տրված են «Համերաշխություն» նախընտրական թիմին, նույնն էլ իրենք ունեն։ Իսկ թե ինչ ձևաչափով են նրանք աշխատում, անկեղծ ասած, տեղյակ չեմ։

– Հնարավո՞ր է՝ քարոզարշավի շրջանակում մյուս թիմի ներկայացուցչի հետ բանավեճ՝ գորիսյան հիմնախնդիրների շուրջ։

– Հանդիպումներ կազմակերպելու, գորիսյան խնդիրների շուրջ բանավիճելու առաջարկներ չեն եղել մինչև այս պահը։ Բայց բանավիճելու նպատակահարմարությունն էլ չեմ տեսնում։ Քանի որ ինչ արել և անում ենք համայնքում, ինչ պատկերացումներ ունենք վաղվա օրվա հետ կապված, ինչ տեսլականներ կան՝ ամենը ներկայացնում ենք ընտրողներին։ Ժողովուրդը պիտի որոշի՝ ո՞ւմ տալ իր վստահության քվեն հոկտեմբերի 25-ին։ Մյուս թեկնածուն էլ հանրությանը շատ թե քիչ հայտնի անձնավորություն է։ Հետևաբար ժողովուրդը տեսել է՝ ով ինչպես է աշխատում, այդ աշխատանքների արդյունքները շոշափելի՞ են, թե՞ ոչ։

Վստահաբար՝ ընտրողը հոկտեմբերի 25-ին այդ ամենի գնահատականը կտա։

– Տարածված կարծիք կա, թե Առուշ Առուշանյանը քարոզարշավը միայնակ է իրականացնում։

– Ինը տարվա աշխատանքիս ընթացքում, որպես համայնքի ղեկավար, և դրանից առաջ, միշտ կապված եմ եղել համայնքի կյանքի հետ, հետևաբար քարոզարշավի գնալ մարդկանց  ուղեկցությամբ, որ ինձ ներկայացնեն, անհրաժեշտություն չեմ տեսնում։

Ես մեր նախընտրական ցուցակի առաջին համարն եմ, հետևաբար մարդիկ իմ տեսակետը, իմ խոսքը պիտի նախևառաջ լսեն, ինձ հետ պետք է կապեն առաջարկվող ծրագրերի հեռանկարը:

Այդքանով հանդերձ՝ երբ մեկնում եմ քարոզարշավի, տեղի պատասխանատուներն իրենք են կազմակերպչական աշխատանք տանում։

Կարևորն այն է, որ ամբողջ թիմով նայում ենք մի կետի, հայացքների ընդհանրություն ունենք։ «Համերաշխություն» դաշինքի տրամաբանությունը հենց այն է, որ հասարակության մեջ տարանջատումները թողնենք անցյալում։ «Մերոնք-ական-ձերոնք-ական» արատավոր երևույթները վերջնականապես պիտի բացառվեն Գորիս համայնքում։ Կարծում եմ՝ ասածս ստացվել է հենց վերոհիշյալ տրամաբանության մեջ։ Մենք Ա կետից Բ կետը գնալու հստակ ծրագրեր ունենք։ Ինչ վերաբերում է իմ՝ միայնակ քարոզարշավ իրականացնելուն, դա ինքնաբուխ  է ստացվել։ Բայց թիմը, ավագանու անդամների թեկնածուները ներգրավված են քարոզարշավի մեջ՝ տարբեր ձևաչափերով: Ձեր ասածը որոշ լրատվականների անհաջող փորձերն են՝ ինտրիգներ մտցնել քարոզարշավի ընթացքի մեջ։ Բնականաբար, դա լուրջ չէ․․․

– Կխնդրեինք՝ համայնքապետի պաշտոնում նախորդ տարիների Ձեր գործունեությունից առանձնացնել մի քանի կարևոր ձեռքբերում։

– Ինը տարվա պաշտոնավարման  ամենամեծ ձեռքբերումս Գորիսի բարոյահոգեբանական մթնոլորտի առողջացումն է, ինչի մասին հանրությունն էլ է բարձրաձայնում։ Հաճելի է, որ ժամը 18։00-ից հետո Գորիսի հանրային վայրերում կյանք գոյություն ունի, քանզի քաղաքի մթնոլորտը կայուն է և առողջ, որևիցե խնդրահարույց իրավիճակ գոյություն չունի։

Երկրորդ նշանակալի արդյունքն այն է, որ հին Գորիսը, որպես պատմամշակութային միջավայր, վերականգնվել է, փոքրիշատե նախնական տեսքին է բերվել։

Քաղաքում հատվածներ կան, որոնք տարիներ ի վեր չեն վերանորոգվել, բայց այսօր ահա բարեկարգ են։ Այդ թաղամասերում մարդիկ բիզնես գործունեություն են ծավալում, հյուրանոցներ, հյուրատներ, նույնիսկ ռեստորաններ են գործում։ Մարդիկ կարողանում են փող աշխատել, և առանց վերապահումի կարելի է ասել՝ նրանց կյանքի որակն էականորեն բարելավվել է։

Երրորդը, որ կուզենայի առանձնացնել, Գորիսի մշակութային և մարզական կյանքում ունեցած նվաճումներն են, որոնք դարձյալ վերջին տարիների հետևողական աշխատանքի արդյունք են։ Մարզական կյանքն այնքան առաջընթաց է ապրել, որ մեդալակիրներ ունենք՝ միջազգային մրցումներում հաջողություն գրանցած։ Եվ դա այն դեպքում, երբ նախկինում նման բան չի եղել, դեռ ավելին՝ որոշ մարզադպրոցներ փակված են եղել։

Նաև վստահությունն է աճել համայնքապետարանի գործունեության հանդեպ։ Մենք յուրաքանչյուր բնակչի պրոբլեմը համարում ենք մերը և ջանում հնարավորինս օպերատիվորեն լուծում տալ։ Օրինակ, մեր քաղաքի անհատական տների մի մասի տերերը նույնիսկ չունեն փաստաթղթեր, սեփականության վկայականներ և այլն։ Մինչև հիմա՝ Աստծո յուրաքանչյուր օր, մի քանի քաղաքացու փաստաթղթեր ենք հավաքում և օրինականացնում։ Ու նման շատ օրինակներ, որոնք ցույց են տալիս բնակչություն–համայնքային իշխանություն փոխադարձ կապն ու վստահությունը։

– Երբեմնի Գորիսի շրջանը միավորվում է մեկ վարչական միավորի մեջ: Ինչպե՞ս եք գնահատում այդ իրողությունը՝  արդեն որպես ապագա  խոշորացված համայնքի ղեկավար: Այդ քայլի նպատակահարմարության, արդյունավետության մասին Ձեր տեսակետը կուզենայինք իմանալ:

– Բնականաբար, այդ խոշորացումը գնահատում եմ դրական։ Կենտրոնացված բյուջեով ստացվում է մեծ աշխատանքներ կատարել: Իսկ փոքր համայնքներն իրենց նվազ բյուջեով հնարավորություն չունեն որևէ նշանակալի գործ ձեռնարկել, կառավարության սուբվենցիոն ծրագրերով որոշակի աշխատանք կատարել:

Փաստերը խոսում են այն մասին, որ խոշորացումն արդարացված է: Գյուղ ունենք, որտեղ հինգ տարում մոտ մեկ միլիարդ դրամի աշխատանք ենք կատարել: Բացի այդ, տուրիզմի փորձը կարող ենք տարածել Տեղ և Տաթև՝ արդեն նախկին համայնքների գյուղերում. այդ ոլորտում լուրջ ներուժ կա, որ մինչև հիմա չի օգտագործվել:

– Արդյո՞ք դժվար չի լինի միանգամից այդքան գյուղեր՝ քսանից ավելի, ղեկավարել:

– Չեմ կարծում, որ դժվար կլինի: Գորիս համայնքը 2017 թ. և հաջորդ ժամանակաշրջանում բավականին խնդիրներ ուներ. մեր թիմը դեռ պատրաստ չէր: Եվ համայնքապետարանում չկար մի սուբյեկտ, որ այդ դժվարություններն իր ուսերին վերցներ ու գործն առաջ տաներ: Բայց այս պահի դրությամբ կարող ենք արձանագրել՝ թիմը բավականին պատրաստված է ու փորձառու: Եվ համայնքի մեջ ընդգրկված բնակավայրերը որքան էլ  ավելանան՝ տրամաբանությունը չի կարող փոխվել։

Մեր աշխատաոճի առանձնահատկությունից են հետևողականությունը, միաժամանակ՝ անմնացորդ նվիրվածությունը համայնքային շահերին։ Այդ գործելակերպն էլ կտարածվի համայնքի բոլոր բնակավայրերում:

– Այսինքն՝ Գորիս, Տաթև և Տեղ համայնքի միավորումը Դուք ճի՞շտ քայլ եք համարում:

– Միանշանակ, ճիշտ եմ համարում, այն տալու է իր պտուղները, շուտով հանրությունը դրանում կհամոզվի, առաջին հերթին՝ սահմանամերձ գյուղերում:

– Իսկ, ասենք, բնակավայրերի վարչական ղեկավարների ներկայիս կարգավիճակը Ձեզ բավարարու՞մ է, թե՞ մտածում եք ինչ-որ ձևով ընդլայնել նրանց լիազորությունները:

– Չեմ կարծում, որ վարչական ղեկավարների լիազորությունները պետք է ավելացնել: Ինչքան լիազորություններ ունեն՝ այս պահին բավարար է։

– Կուզենայինք նշեք համայնքի առջև ծառացած առավել կարևոր հիմնախնդիրներից երկու-երեքը, որոնց լուծումը համարում եք առաջնահերթ:

– Բնականաբար, ամեն գյուղ ունի իր հիմնախնդիրները, որոնք կարող են և բնորոշ չլինել մյուս գյուղերին: Գյուղեր կան՝ գազիֆիկացման խնդիր ունեն, գյուղեր՝ ոռոգման ջրի պրոբլեմ: Մեծագույն մեղք է, օրինակ, մտայնությունը, թե գյուղերի բնակիչները պիտի ցեխի մեջ ապրեն: Ինձ համար նման իրավիճակը լրիվ անընդունելի է: Գյուղը պիտի լինի գրավիչ, ուժեղ, որ քաղաքն էլ կարողանա ավելի լավ ապրել: Այս տրամաբանությամբ առաջնորդվելով՝ ամենամեծ ներդրումները պիտի գյուղերում անենք, որ գյուղական կյանքի որակը փոխվի և քաղաքից չտարբերվի: Սա մեր առաջնահերթ խնդիրն է, որ պիտի կյանքի կոչենք: Մեր համայնքի ինը գյուղում բավարար աշխատանքներ ենք կատարել: Առաջիկայում մեր ուշադրության կենտրոնում են լինելու Տեղ և Տաթև համայնքների գյուղերը նույնպես:

Առկա հիմնախնդիրներից պիտի առանձնացնեմ զբաղվածությունը ևս, որը նույնպես մտահոգիչ է և կլինի մեր ուշադրության կենտրոնում․․․

– Խնդրահարույց է մնում գյուղատնտեսության վիճակը,  նախկինում Գորիսի շրջանն ուներ զարգացած դաշտավարություն և անասնապահություն, որոնցից համարյա բան չի մնացել:

– Գյուղատնտեսության ոլորտում կառավարությունը լուրջ ներդրումներ է անում: Խնդիրներից մեկն այն է, որ կան հողատարածքներ, որոնց տերերն արտերկրում են: Պիտի կապ հաստատենք այդ մարդկանց հետ, որ իրենց հողերը տրամադրեն այլոց, ովքեր գյուղում են ապրում և ցանկություն ունեն հող մշակել: Նման օրինակներ ունենք, երբ մի գյուղում 40-50 հեկտար հող ենք վերադարձրել ու բաժանել տեղաբնակներին: Այսօր այդ հողերը մշակվում են, դրանց վրա աշխատանքներ են կատարվում:

Այնուհետև՝ հազարավոր կիլոմետր ջրագծեր ենք անցկացրել, որ հողատարածքները ոռոգելի լինեն: Կառուցվում են ջրամբարներ. արդեն երկուսը պատրաստ է: Այդ ծրագիրը շարունակական է: Մտադիր ենք գյուղերի ջրային ռեսուրսները ճիշտ օգտագործել, և դրա արդյունքները, անշուշտ, տեսանելի են լինելու: Համոզմունքս այն է, որ գյուղատնտեսությունը, որպես այդպիսին, մեր համայնքում տեղաշարժ է ունենալու:

Գյուղատնտեսության ոլորտում նաև այլ հարցեր կան, որոնց տեղյակ ենք, որոնց վերաբերյալ ևս ծրագրեր ունենք:

– Պարոն Առուշանյան, նախընտրական քարոզարշավը շարունակվում է, Ձեզ՝ հաջողություններ։

Եվ, իհարկե, շնորհակալություն հետաքրքիր զրույցի համար:

 

Զրույցը՝ Վահրամ Օրբելյանի

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *