ՀՀ կառավարության 2004 թ․ ապրիլի 22-ի որոշմամբ հոկտեմբերի 16-ը հռչակվել է որպես հայ մամուլի օր։
1794 թ․ այս օրը Հնդկաստանի Մադրաս քաղաքում լույս տեսավ հայերեն առաջին պարբերականը՝ «Ազդարարը»՝ սկիզբ դնելով հայ մամուլի ավելի քան երկդարյա պատմությանը։
Այդ պատմության մեջ իր տեղն ունի Սյունիքի մարզի միակ տպագիր լրատվամիջոցը՝ «Սյունյաց երկիր»–ը։
Պարբերականը բացառիկ աղբյուր է ծանոթանալու Սյունիքն ընդգրկող տարածաշրջանների՝ Մեղրու, Քաջարանի, Կապանի, Գորիսի և Սիսիանի անցած 23 տարվա տարեգրությունը։
Թերթի ծնունդը (առաջին իսկ համարում՝ 2003 թվականի հոկտեմբերի 1-ին) շնորհավորել են ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը, Սյունիքի մարզպետ Էդիկ Բարսեղյանը, «Զանգեզուրի ՊՄԿ» ՓԲ ընկերության գլխավոր տնօրեն Մաքսիմ Հակոբյանը, Հայաստանի գրողների միության վարչության նախագահ Լևոն Անանյանը, Սյունյաց թեմի առաջնորդ Աբրահամ եպիսկոպոս Մկրտչյանը, ՀՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության հրատարակչական գործակալության պետ Էդուարդ Միլիտոնյանը, Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը, բանաստեղծ Ավագ Եփրեմյանը։
Առաջին համարը լույս է տեսել Սամվել Ալեքսանյանի խմբագրականով՝ «Մերն է այս երկիրը, և մենք ենք նրա տերը» վերտառությամբ։
Խմբագրականում մասնավորապես նշվել է՝ «Ականջ խոնարհելով հանճարներին, «Սյունյաց երկիրը» կքայլի ճշմարտության, արդարության շավիղներով, կփորձի շնորհք ու բարիք սերմանել և մարդկանց առաջնորդել դեպի առաքինություն, հայրենասիրություն, օգտակար գործողություններ»։
Առաջին համարում տպագրվել էր նաև հատված Վահան Տերյանի «Երկիր Նաիրի» շարքից՝
Դու հպարտ չես, իմ հայրենիք,
Տրտում ես դու և իմաստուն։
Կիզում է քեզ մի հուր կնիք,
Մի հըմայող ու հին խոստում։
Եվ միթե այդ վշտիդ համար
Չեմ սիրում քեզ այսպես քնքուշ
Եվ խոնարհվում քեզ պես համառ,
Օ, հայրենիք դառն ու անուշ։
Չըշլացա խնդուն փառքիդ
Անցյալ ու հին փայլով երբեք.—
Սիրեցի հեզ, անքեն հոգիդ
Եվ երգերըդ մեղմ ու բեկբեկ,
Խեղճությունըդ խավար ու լուռ,
Աղոթքներըդ դառն ու ցավոտ,
Զանգակներիդ զարկը տխուր
Եվ խուղերիդ լույսերն աղոտ…
23 տարի անց կարող ենք ասել, որ իր առջև դրված նպատակը «Սյունյաց երկիրը» կատարել և կատարում է ամենայն պատասխանատվությամբ և լրջությամբ։
Leave a Reply