Ղազախստանը պատրաստ է համագործակցել Հայաստանի նախագահության և միջազգային գործընկերների հետ՝ բնապահպանական հանձնառությունները շոշափելի արդյունքների վերածելու համար։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Երևանում ընթացող «Առաջնորդները՝ հանուն բնության» խորագրով գագաթնաժողովի բացման խոսքում հայտարարել է Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը։
Նրա խոսքով՝ կենսաբազմազանությունը նպաստում է մարդկության դիմակայունության ամրապնդմանը և բոլորի անվտանգության ապահովմանը։ Առողջ էկոհամակարգերը սննդի արտադրության, ջրային ռեսուրսների և բնակավայրերի պահպանության հիմքն են։
«Սակայն ջրի սակավությունը և դրա հետ կապված մի շարք խնդիրներ լուրջ մարտահրավերներ են առաջացնում՝ խախտելով բնության և մարդու գործունեության միջև հավասարակշռությունը։ Ջրի սակավությունն ու հողերի դեգրադացիան միլիոնավոր մարդկանց համար արդեն իրական խնդիրներ են։ Այս գործընթացների ամենադժվար հաղթահարելի հետևանքներից մեկն այն է, որ դրանք պետական սահմաններ չեն ճանաչում»,-նշել է Տոկաևը։
Նա ընդգծել է, որ բնապահպանական օրակարգերը պետք է առաջնահերթություն լինեն, իսկ ընդունվող որոշումները հանգեցնեն գործնական լուծումների։ Տոկաևի խոսքով՝ անհրաժեշտ է միջազգային համագործակցություն՝ երկրներին համատեղ և անկողմնակալ ջանքերով շոշափելի արդյունքների հասնելու համար։ Անդրադառնալով Ղազախստանի բնապահպանական քաղաքականությանը՝ նախագահը նշել է, որ երկիրը մեծ ջանքեր է գործադրում բնության պահպանման և կենսաբազմազանության հարստացման ուղղությամբ։ Նրա խոսքով՝ դա միջազգային հանձնառություն և պարտականություն է, որն ամրագրված է նաև երկրի Սահմանադրությամբ։ «Առաջին անգամ երկրի պատմության ընթացքում Սահմանադրությունն ընդգծում է բնապահպանական մշակույթի խթանումը՝ այն դիտարկելով որպես պետականության հիմնարար սկզբունքներից մեկը»,-ավելացրել է Ղազախստանի նախագահը։
Տոկաևի շեշտել է, որ բնության ժառանգության պահպանությունը պետք է առաջ շարժվի տնտեսական զարգացմանը զուգահեռ և կենսաբազմազանության պահպանումը պետք է մնա միջազգային հանրության ուշադրության կենտրոնում։
Տոկաևը նշել է, որ Ղազախստանը նախաձեռնել է միջազգային ծրագիր՝ վտանգված տեսակների և կենսաբազմազանության պահպանման նպատակով՝ հրավիրելով գործընկեր երկրներին միանալ դրան։ Նա տեղեկացրել է, որ երկրի կենսաբազմազանության պահպանման տասնամյա ծրագիրը միտված է վտանգված տեսակների պաշտպանությանը։ Բացի այդ, նախատեսվում է ստեղծել կենսաբազմազանության գենետիկական բանկ։
«Բնության պահպանումը մնում է մեր առաջնային պատասխանատվությունը, և մենք կարող ենք դա իրականացնել միայն համագործակցության միջոցով, քանի որ դրանից է կախված մոլորակի ապագան։ COP17-ը պետք է վճռական քայլեր ձեռնարկի՝ հանձնառություններից անցում կատարելով իրական արդյունքների։ Ղազախստանը պատրաստ է համագործակցել Հայաստանի նախագահության և բոլոր գործընկերների հետ՝ պահպանելու այս թափը՝ ապագա սերունդների համար առավել անվտանգ ու դիմակայուն աշխարհ ստեղծելու նպատակով»,-հավելել է Տոկաևը։
Leave a Reply