Ինձ համար մեծ ուրախություն և պատիվ է՝ Իրանի Իսլամական Հանրապետության՝ Կապան քաղաքում, պատմական և ռազմավարական նշանակություն ունեցող Սյունիքի մարզում գլխավոր հյուպատոսի պաշտոնում նշանակվելուց և նշանակման մասին հավատարմագիրը ներկայացնելուց հետո ստանձնել իմ պարտականությունները։
Իրանի Իսլամական Հանրապետությունն ու Հայաստանի Հանրապետությունը ունեն երկարամյա և խոր արմատներ ունեցող հարաբերություններ, որոնք չեն սահմանափակվում միայն պաշտոնական և դիվանագիտական կապերով, այլ իրենց հիմքում կրում են երկու ժողովուրդների պատմական, մշակութային, հասարակական և մարդկային սերտ առնչությունները։ Աշխարհագրական հարևանությունը, ընդհանուր պատմական անցյալը, սահմանի երկու կողմերում ապրող համայնքների միջև երկարամյա կապերն ու Իրանի և Հայաստանի ժողովուրդների փոխադարձ հարգանքը արժեքավոր ներուժ են, որոնք վերջին տարիների ընթացքում նպաստել են երկու երկրների հարաբերությունների զարգացմանն ու խորացմանը։
Այս համատեքստում Սյունիքի մարզն առանձնահատուկ տեղ է զբաղեցնում։ Իր աշխարհագրական և պատմական դիրքի շնորհիվ այն մշտապես եղել է Իրանի և Հայաստանի միջև կապի և հաղորդակցության կարևորագույն օղակներից մեկը։ Մշակութային և պատմական արժեքավոր ներուժից բացի՝ Սյունիքի մարզը դարեր շարունակ եղել է երկու երկրների ժողովուրդների տեղաշարժի, փոխգործակցության և շփումների կարևոր տարածք։ Սյունիքի՝ Իրանի Իսլամական Հանրապետության սահմանին մոտ գտնվելը մարզը դարձնում է տնտեսական, առևտրային, մշակութային, զբոսաշրջային և մարդասիրական համագործակցության զարգացման կարևոր հարթակ։
Սյունիքի հարուստ մշակութային ժառանգությունն ու քաղաքակրթական անցյալը, տարածաշրջանի ընդհանուր պատմամշակութային ժառանգության հետ մեկտեղ, արժեքավոր հնարավորություններ են ստեղծում Իրանի Իսլամական Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև գիտական, հնագիտական, թանգարանային, զբոսաշրջային և մշակութային համագործակցության ընդլայնման համար։ Համոզված եմ, որ ընդհանուր ժառանգության պահպանմանն ու մշակույթների փոխադարձ ճանաչմանն ուղղված ուշադրությունը կնպաստի ոչ միայն անցյալի պահպանմանը, այլև երկու ժողովուրդների միջև առավել սերտ և բովանդակալից ապագայի կերտմանը։
Իմ առաքելության ընթացքում կձգտեմ՝ օգտագործելով առկա հնարավորությունները և սերտորեն համագործակցելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական և տեղական իշխանությունների, Սյունիքի մարզի պատասխանատուների, համայնքապետարանների, մշակութային, տնտեսական և հասարակական կառույցների, ինչպես նաև մարզի հարգարժան բնակիչների հետ, քայլեր ձեռնարկել Իրանի Իսլամական Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև բարեկամական հարաբերությունների առավել ամրապնդման ուղղությամբ։ Հույս ունեմ նաև, որ Կապանում Իրանի Իսլամական Հանրապետության գլխավոր հյուպատոսությունը կկարողանա առավել արդյունավետ կերպով հանդես գալ որպես երկու երկրների ժողովուրդների, կառույցների և ներուժի միջև կապող կամուրջ՝ նպաստելով տարբեր ոլորտներում փոխադարձ համագործակցության զարգացման համար անհրաժեշտ պայմանների ստեղծմանը։
Վստահ եմ, որ Իրանի և Հայաստանի հարաբերությունները, հիմնվելով փոխադարձ վստահության, երկու երկրների ինքնիշխանության և շահերի նկատմամբ հարգանքի, ինչպես նաև առկա համատեղ հնարավորությունների արդյունավետ օգտագործման վրա, կշարունակեն զարգանալ և ընթանալ կառուցողական ուղով։
Հարգանքով և Հայաստանի Հանրապետության բարեկամ կառավարությանը և ժողովրդին ուղղված լավագույն բարեմաղթանքներով։
Leave a Reply