2008 թվականի հոկտեմբերի 16-ին կայացել էր «Մեծ արցախյան հարսանիքը»:
Տարեդարձի առիթով ներկայացնում ենք հատված Արա Թադեւոսյանի «Ռուբեն Վարդանյան. «Դոն Կիխոտն» ու «վիշապները»» գրքից:
***
2008 թվականի հոկտեմբերին մոսկվացի գործարար Լեւոն Հայրապետյանի նախաձեռնությամբ Գանձասարում, Շուշիում եւ Ստեփանակերտում կազմակերպվել էր «Մեծ արցախյան հարսանիքը». պսակադրվել էին 674 երիտասարդ զույգեր:
Հարսանիքից հետո Ռուսաստանում բնակվող հայկական ծագմամբ մի շարք գործարարներ ու բարեգործներ` Լեւոն Հայրապետյանը, Ռուբեն Վարդանյանը, Սերգեյ Սարկիսովը, Դանիլ Խաչատուրովը, Աշոտ Խաչատրյանը, Գագիկ Զաքարյանը, Սեյրան Կարապետյանը, Գոռ Նահապետյանը, Կարեն Մկրտչյանը, Արարատ Թավադյանը, Վլադիսլավ Ղասումյանը եւ Սամվել Սարգսյանը, որոշել էին աջակցել նորաստեղծ ընտանիքներին:
Լուսանկարը` Անահիր Հայրապետյան
Ռուբենը դարձել էր 250 զույգի կնքահայրը եւ որոշել էր նրանց ֆինանսական օժանդակություն ցուցաբերել 5 տարվա ընթացքում:
Ընտանիքներին, որտեղ ծնվում էր առաջին երեխան, տրամադրվում էր 2 000, յուրաքանչյուր երկրորդ երեխայի համար ընտանիքը ստանում էր 3 000, երրորդի համար` 5 000 դոլար:
2013 թվականի դեկտեմբերին ստացանք 5 տարվա մանրամասն վիճակագրությունը, որի հիման վրա պետք է կազմվեր IDeA հիմնադրամի ամփոփիչ հաղորդագրությունը:
2009-2011 թթ. ընթացքում 219 ընտանիքներում ծնվել էր 301 երեխա, եւ Ռուբեն Վարդանյանի հատկացրած ֆինանսական օժանդակության ծավալը նշված ժամանակահատվածում կազմել էր $ 682 000:
2012 թ. 13 ընտանիքում ծնվել էին առաջնեկներ, 55-ում լույս աշխարհ էին եկել երկրորդ երեխաները, եւս 10 ընտանիքում՝ երրորդ զավակները. ֆինանսական աջակցության ծավալը կազմել էր $ 240 000:
2013 թ. հատկացումների ծավալը կազմել էր $ 119 000:
Այսպիսով, ծրագրի 5 տարվա գործունեության ընթացքում Ռուբենը արցախյան ընտանիքներին ցուցաբերել էր 1 041 000 դոլարի օժանդակություն:
Ռուբեն Վարդանյանը
Լուսանկարը` MISiS NITU
«Հուսով եմ՝ ծրագիրն օգտակար էր եւ իր լուման ունեցավ Արցախում մարդկանց կյանքի բարելավման գործում: Հայաստանի եւ Արցախի անկախությունը բացարձակ արժեք է` ձեռք բերված հսկայական զոհերի ու զրկանքների գնով: Այդ պատճառով մենք անհրաժեշտ ենք համարում գոյատեւման մոդելից անցնել բարգավաճման մոդելին, եւ դա վերաբերում է նաեւ Արցախում մեր ծրագրերի բովանդակությանը եւ ուղղվածությանը»,- ասել էր Ռուբենը:
Միգուցե այս տեղեկությունը օգտակար կլինի բոլոր նրանց համար, ովքեր փորձում են հասկանալ 2022 թվականին Արցախ տեղափոխվելու Ռուբենի որոշման «իրական շարժառիթները»:
«Ռուբեն Վարդանյան. «Դոն Կիխոտն» ու «վիշապները»» գիրքը կարող եք գնել Երեւանի գրախանութներից, ինչպես նաեւ առցանց այս հղումով.
Leave a Reply