Հայաստանի երկաթուղային համակարգը 2008 թվականից «Ռուսական երկաթուղիներ» ընկերության դուստր ձեռնարկության՝ «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի, կոնցեսիոն կառավարման ներքո է:
Չնայած երկաթուղային ենթակառուցվածքները շարունակում են մնալ Հայաստանի սեփականությունը, ռուսաստանյան ընկերությունն է իրականացնում դրանց կառավարումն ու շահագործումը՝ պայմանագրով սահմանված իրավունքներով և պարտավորություններով։
2026 թվականին հայկական երկաթուղու կառավարման հարցը հայտնվեց ՀՀ-ՌԴ քաղաքական օրակարգում․ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մի շարք հայտարարություններ արեց ռուսական կառավարման տնտեսական ու աշխարհաքաղաքական հետևանքների մասին, ընդհուպ մինչև խոսեց կոնցեսիոն պայմանագիրը չեղարկելու անհրաժեշտության մասին։
«Փաստերի ստուգման հարթակն» համադրել է Փաշինյանի հայտարարությունները հայկական երկաթուղու կառավարման վերաբերյալ վերջին ամիսների ընթացքում, ինչպես նաև ուսումնասիրել է 2008 թվականի պայմանագիրն ու դրա հետագա փոփոխությունները՝ ներկայացնելով վարչապետի դիրքորոշման փոփոխությունն ու պայմանագիրը միակողմանի լուծելու իրավական հնարավորությունները։
Ինչպես են փոխվել Փաշինյանի հայտարարությունները
2026 թվականի փետրվարին Փաշինյանը հայտարարեց, որ հայկական երկաթուղու ռուսական կառավարման պատճառով Հայաստանը կորցնում է ռազմավարական դիրքերն ու մրցակցային առավելությունները տարածաշրջանում կոմունիկացիաների ապաշրջափակման համատեքստում․ որպես լուծում Փաշինյանն առաջարկում էր, որ Ռուսաստանը կոնցեսիոն կառավարման իրավունքը փոխանցը Հայաստանի և Ռուսաստանի համար ընդունելի որևէ երրորդ երկրի։
«Իմ պատկերացրած լուծումն այն է, որ մի այնպիսի երկիր, որը բարեկամական հարաբերություններ ունի և’ ՌԴ հետ, և’ Հայաստանի հետ, ուղղակի Ռուսաստանից գնի կոնցեսիոն կառավարման իրավունքը», — նշել էր Փաշինյանը։
Մայիսին վարչապետն ավելի հստակ ձևակերպեց կառավարման փոփոխության անհրաժեշտությունը՝ պնդելով, որ գործող մոդելը պետք է փոխվի, որպեսզի «Ռուսաստանի նկատմամբ միջազգային պատժամիջոցները չխոչընդոտեն» Հայաստանի երկաթուղային համակարգի զարգացմանը։
Հետագայում Փաշինյանը հայտարարեց, որ հայկական երկաթուղու կառավարման փոփոխությունն «այլընտրանք չունի», սակայն միաժամանակ շեշտեց, որ կառավարությունը չի ցանկանում գնալ պայմանագրի միակողմանի խզման ճանապարհով. «Մենք չենք ուզում խզում, լուծարում, դա միշտ էլ կա, միշտ էլ կարող ենք անել»։
Օգոստոսի 24-ին Ազգային ժողովում Փաշինյանը շեշտեց, որ Հայաստանը խնդիր չունի երկաթուղու ռուսական կառավարման փաստի հետ, սակայն դրա հետևանքով կանգնած է միջազգային երկաթուղային ցանցին ինտեգրվելու պատմական հնարավորությունը կորցնելու վտանգի առաջ։
Հոկտեմբերի 6-ին արդեն Փաշինյանը հայտարարեց, որ կառավարությունն ունի կոնցեսիոն պայմանագիրը չեղարկելու իրավական հիմքեր և գործիքակազմ։ Նրա խոսքով՝ եթե համապատասխան քաղաքական որոշում կայացվի, Հայաստանը կարող է դիմել այդ քայլին, սակայն «նախընտրում է, որ ռուսական կողմը կառավարման իրավունքը վաճառի երկու երկրների համար ընդունելի երրորդ երկրի»։
Արդեն մի քանի օր անց՝ հոկտեմբերի 15-ին կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում Փաշինյանը ներկայացրեց նախորդ օրը «Ռուսական երկաթուղիներ» ընկերության գլխավոր տնօրեն Օլեգ Բելոզյորովի հետ հանդիպման մանրամասները․ նշելով, որ վերջինս Հայաստան էր ժամանել իր հրավերով, Փաշինյանն ընդգծեց, որ հայկական կողմը սկզբունքային առարկություն չունի երկաթուղու ռուսական կոնցեսիոն կառավարման նկատմամբ։
«Մենք ի բնե ռուսական կոնցեսիայի հետ խնդիր չունենք, մեր խնդիրն այն է, որ մեր երկաթուղին լինի մրցունակ», — ասել է Փաշինյանը։
Փաշինյանի խոսքով՝ կառավարության վերլուծությունները ցույց են տալիս, որ հայկական երկաթուղու մրցունակությունն ապահովելու առավել նպատակահարմար տարբերակը կոնցեսիոն կառավարման իրավունքը երրորդ երկրի փոխանցելն է, սակայն նա միաժամանակ պատրաստակամություն հայտնեց քննարկելու ռուսական կողմի առաջարկները, եթե դրանք հնարավորություն տան հասնելու նույն նպատակին՝ առանց կառավարման փոփոխության։
Վարչապետը հայտնեց, որ ռուսական կողմի հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել ստեղծել համատեղ աշխատանքային խումբ, որը երեք ամսվա ընթացքում պետք է ներկայացնի, թե ինչպես կարելի է հայկական երկաթուղին դարձնել մրցունակ․ քննարկման առանցքային հարցերից են ներդրումները, ենթակառուցվածքների արդիականացումը և Ռուսաստանի նկատմամբ կիրառվող պատժամիջոցների ազդեցության չեզոքացումը։
Ընդ որում, Փաշինյանի փոխանցմամբ, ռուսական կողմը պնդում է, որ պատժամիջոցները չեն խոչընդոտում երկաթուղու զարգացմանը, մինչդեռ հայկական կողմը դրանք դիտարկում է որպես էական ռիսկ։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 14-ի Օլեգ Բելոզյորովի հետ հանդիպման վերաբերյալ կառավարության պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ կողմերը քննարկել են նաև Գյումրի–Ախուրիկ–Թուրքիայի սահման և Երասխ–Նախիջևան երկաթուղային հատվածների վերակառուցման նախագծերը, ինչպես նաև կոնցեսիոն կառավարման արդյունավետությունն ու առկա խնդիրները։
Փաշինյանի այս վերջին հայտարարությունը կարևոր է նրա դիրքորոշման փոփոխությունը գնահատելու տեսանկյունից․ փաստացի, եթե նախորդ ամիսներին վարչապետը շեշտում էր կոնցեսիոն կառավարման փոփոխության անհրաժեշտությունը և հոկտեմբերին խոսում էր պայմանագիրը չեղարկելու իրավական հիմքերի մասին, ապա հոկտեմբերի 15-ին նա չի բացառել ռուսական կառավարման պահպանման հնարավորությունը՝ պայմանով, որ ռուսական կողմը կարողանա առաջարկել երկաթուղու մրցունակությունն ապահովող լուծումներ։
Կառավարման փոփոխությունը Փաշինյանի հայտարարություններում շարունակում է ներկայացվել որպես նախընտրելի տարբերակ, բայց այլևս ոչ միակ և սկզբունքային լուծում։
Այսպիսով, Փաշինյանի հայտարարությունների ժամանակագրությունը ցույց է տալիս, որ ռուսական երկաթուղային կառավարման վերաբերյալ նրա հռետորաբանությունը փոխվել է՝ տնտեսական ու աշխարհաքաղաքական ռիսկերի մատնանշումից մինչև կառավարման փոփոխության անհրաժեշտության և պայմանագրի հնարավոր չեղարկման մասին հայտարարություններով։
Միաժամանակ, առկա են հակասական ձևակերպումներ՝ հատկապես այն հարցում, թե արդյոք ռուսական կառավարումն ինքնին խնդիր է և դրա փոփոխությունը սկզբունքային հարց է Հայաստանի համար։
Ո՞ր դեպքում ու ի՞նչ պայմաններով կարող է ՀՀ-ն միակողմանի խզել պայմանագիրը
2008 թվականի կոնցեսիոն պայմանագրի 17-րդ մասը սահմանում է դրա վաղաժամկետ լուծման հիմքերը, ընթացակարգը և ֆինանսական, իրավական հետևանքները։
Պայմանագրի 17-5-րդ հոդվածով կոնցեսիոների կողմից պարտավորությունների խախտում են համարվում, մասնավորապես, կոնցեսիոն վճարների վեցամսյա չվճարումը, երկաթուղու շահագործման էական դադարեցումը 30 և ավելի օրով, փոխադրումների ծավալների պայմանագրով սահմանված զգալի նվազումը, կոնցեսիոների կամ երաշխավորի սնանկությունը, պայմանագրի փոխանցումն առանց Հայաստանի համաձայնության, ինչպես նաև երաշխիքային որոշ պարտավորությունների չկատարումը։
Նման հիմքերի առկայության դեպքում հայկական կողմը կարող է նախաձեռնել պայմանագրի լուծման գործընթաց, սակայն 17-7 հոդվածի համաձայն նախ անհրաժեշտ է գրավոր ծանուցել խախտման մասին և տրամադրել այն վերացնելու հնարավորություն` «ողջամիտ ժամկետ, ոչ պակաս քան երեք աշխատանքային օր»: Միայն սահմանված ընթացակարգը պահպանելուց հետո կարող է առաջանալ պայմանագիրը վաղաժամկետ լուծելու իրավունք։
Ներդրումային պարտավորությունների չկատարումը հիմք չէ
Պայմանագրի կնքման պահին՝ սկզբնական ներդրումային ծրագրով, նախատեսված էր 174.5 մլրդ դրամի ներդրում, դրանց չկատարումը 17-4 հոդվածով դիտարկվում է որպես պայմանագրային պարտավորության խախտման դեպք, սակայն ոչ վաղաժամկետ լուծման առանձին հիմք․ այն որպես այդպիսին արձանագրված չէ վերևում հիշատակված 17-5 հոդվածում նկարագրված հիմքերի շարքում։
Նշենք նաև, որ նշված գումարը նախատեսված էր ամբողջ կոնցեսիոն ժամանակահատվածի՝ մինչև 2038 թվականի համար, ոչ թե պայմանագրի կնքմանը հաջորդող առաջին տարիներին․ ավելին, ներդրումային ծրագիրը բաժանված էր առանձին տարիների և ժամանակահատվածների։
Հետևաբար, ըստ պայմանագրի, ներդրումների բացակայությունը կամ թերակատարումը ինքնաբերաբար պայմանագիրը խզելու իրավունք չի առաջացնում. անհրաժեշտ է պարզել պարտավորությունների գործող ծավալը, կատարման ժամկետները, փաստացի ներդրումները և խախտման իրավական հետևանքները։
Սա հատկապես կարևոր է, քանի որ հետագա փոփոխություններով կարգավորվել են կոնցեսիոն ակտիվների վերադարձի հարցերը, իսկ կառավարության ավելի ուշ փաստաթղթերում հիշատակվում են նաև ներդրումային ծրագրի նոր ծավալներ։
Պայմանագրի 17-8 հոդվածը նախատեսում է նաև վաղաժամկետ լուծման ֆինանսական հետևանքներ․ նույնիսկ կոնցեսիոների խախտման պատճառով պայմանագիրը լուծելու դեպքում Հայաստանը կարող է ունենալ ներդրումների և շարժակազմի արժեքի հետ կապված վճարային պարտավորություններ, իսկ առանց կոնցեսիոների խախտման պայմանագիրը դադարեցնելը կարող է առաջացնել ավելի մեծ փոխհատուցման պահանջներ։
Վեճերի լուծման համար նախատեսված է միջազգային արբիտրաժ։
Հատկանշական է, որ Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցները կամ Հայաստանի երկաթուղու մրցակցային առավելությունների կորուստը պայմանագրի 17-5 հոդվածում որպես ինքնուրույն լուծման հիմքեր նախատեսված չեն։
Իրավական տեսանկյունից Հայաստանը պայմանագիրը վաղաժամկետ լուծելու հնարավորություններ ունի, սակայն դրանց կիրառումը պահանջում է պայմանագրով նախատեսված հիմքեր և ընթացակարգերի պահպանում․ ներդրումային պարտավորությունների չկատարումը կարող է լինել խախտում, բայց ինքնին բավարար չէ միակողմանի խզման համար։
Այսպիսով, Փաշինյանի՝ պայմանագիրը չեղարկելու իրավական հիմքերի առկայության մասին պնդումը հրապարակված փաստերով դեռևս ամբողջությամբ հաստատված չէ։
Կառավարությունը չի ներկայացրել, թե կոնցեսիոների ո՞ր կոնկրետ խախտումներն են հիմք տալիս այդպիսի որոշման, և ինչ ֆինանսական կամ իրավական հետևանքներ կարող է այն ունենալ Հայաստանի համար։
Նանե Մանասյան
Leave a Reply