2026 թ. հոկտեմբերի 19-ից 30-ը Հայաստանը կհյուրընկալի ՄԱԿ-ի «Կենսաբանական բազմազանության մասին» կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովը` COP17: Երեւանում քննարկվելու են կենսաբազմազանության պահպանության եւ բնական էկոհամակարգերի վերականգնմանն ուղղված համատեղ գործողությունները։
Համաժողովին ընդառաջ Մեդիամաքսը ներկայացնում է COP17 մասնակից Երեւանի կոնյակի գործարանի կայունության ու պատասխանատվության այն նախաձեռնությունները, որոնք նպաստում են բնական ռեսուրսների արդյունավետ օգտագործմանը եւ կարող են օրինակելի լինել։
Ջրի շրջանառության փակ համակարգ
Ջրի սակավությունն ու անհետացման միտումները արդեն տասնյակ տարիներ միջազգային բնապահպանական օրակարգերի մասն են։
Ջուրն առանցքային նշանակություն ունի ալկոհոլային խմիչքների արտադրության յուրաքանչյուր փուլում։ Կոնյակի արտադրության մեջ այն անփոխարինելի է՝ սկսած հումքի մշակումից մինչեւ շշալցում։ Ջրի էական ծավալներ են անհրաժեշտ նաեւ թորման գործընթացը կազմակերպելու համար։
Տարիներ առաջ Երեւանի կոնյակի գործարանի մասնագետները ձեռնամուխ եղան արտադրական գործընթացներում ջրի սպառումը նվազեցնելու եւ դրա օգտագործման արդյունավետությունը բարձրացնելու լուծումների մշակմանն ու ներդրմանը։ Այս աշխատանքի առանցքային ուղղություններից մեկը դարձավ փակ շրջանառության ջրային համակարգի ներդրումը, որի շնորհիվ հնարավոր եղավ օգտագործված ջուրը վերադարձնել արտադրական ցիկլ՝ նվազեցնելով թարմ ջրի պահանջարկը։ Տարիներ առաջ հեղափոխական թվացող այս գաղափարն այսօր արդեն ճանաչվում է որպես լավագույն միջազգային փորձ եւ օրինակելի դառնում այլ ընկերությունների համար։
Ինչպե՞ս է աշխատում համակարգը
Թորման ընթացքում գինենյութից կոնյակի սպիրտ ստանալու համար անհրաժեշտ հովացման ջուրը արտադրական շղթայի որոշակի հատվածում տաքանում է մինչեւ 70Օ C։ Այս ջուրը օգտագործումից հետո այլ հավասար պայմաններում հարկավոր է արտանետել, ընդ որում նվազեցնելով նրա ջերմաստիճանը <20ՕC: Սա նշանակում է, որ արտադրողը պետք է թորման հաջորդ խմբաքանակի համար եւս ծախսի ջրի հարյուրավոր տոննաներ, ինչպես նաեւ էներգիա արտանետումից առաջ օգտագործված (տաքացված) ջրի ջերմաստիճանը նվազեցնելու համար։
Երեւանի կոնյակի գործարանի մասնաճյուղերում ներդրված ջրի շրջանառության փակ համակարգի շնորհիվ թորման գործընթացից առաջացող տաք ջուրն ուղղվում է մասնաճյուղերի շենքերի եւ աշխատանքային տարածքների ջեռուցման համար։ Այս ընթացքում ջրի ջերմաստիճանը բնական եղանակով նվազում է։ Այս ծրագրի գործարկումը ոչ միայն կրճատում է ջրային ռեսուրսների օգտագործումը, այլեւ խնայում է էներգիան, ինչի արդյունքում նվազում են նաեւ ջերմոցային գազերի արտանետումների ծավալները։ Այնուհետեւ ջուրն անցնում է հատուկ մաքրման գործընթաց, որից հետո այն կարող է կրկին օգտագործվել արտադրական փուլերում։
Փակ շրջանառության համակարգում ջուրը սառեցվում է եւ կրկին վերադարձվում արտադրական գործընթաց՝ անընդհատ նոր ջուր ներգրավելու փոխարեն։ Այսպիսով, ջուրը դառնում է ոչ թե մեկ անգամ օգտագործվող ռեսուրս, այլ արտադրական շղթայի բազմակի շրջանառվող բաղադրիչ։
«Երեւանի կոնյակի գործարանի Այգավանի եւ Արմավիրի մասնաճյուղերի թորման արտադրամասերում ջրի շրջանառության փակ համակարգի կառուցման համար կատարված ներդրումները գերազանցել են 2 միլիոն եվրոն։ Հարցը, թե ակնկալու՞մ ենք այդ գումարների վերադարձը, կարծում եմ, հռետորական է», – պատմում է Երեւանի կոնյակի գործարանի Որակի, Անվտանգության եւ Շրջակա միջավայրի մասով ղեկավար Շուշան Խաչատրյանը։
«Մեկ անգամ զուտ հետաքրքրասիրության համար որոշեցինք հաշվարկել, թե երբ կվերադառնա այս ներդրումը, եթե դիտարկենք այն օգտագործված ստորգետնյա ջրի, սակագնի տրամաբանության մեջ։ Պարզվեց գերազանցել ենք հազար տարին։ Այնպես որ, որ նման նախաձեռնությունները չեն գնահատվում ֆինանսական վերադարձի տեսանկյունից։ Սրանք մեր պատասխանատվությունն է մեր միջավայրի, մեր համայնքների, մեր մոլորակի հանդեպ», – շեշտում է Շուշան Խաչատրյանը։
Ջրային շրջանառության փակ համակարգի շնորհիվ Երեւանի կոնյակի գործարանին հաջողվել է կրճատել ջրի սպառումը 70%-ով եւ միաժամանակ նվազեցնել CO₂ արտանետումները տարեկան 40 տոննայով։
Շուշան Խաչատրյանը COP17 կանաչ գոտու խոսնակներից մեկն է։ Նա կմասնակցի Երեւանի կոնյակի գործարանին նվիրված պանելային քննարկմանը, որը տեղի կունենա հոկտեմբերի 21-ին, ժամը 12։00 Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում։ Մուտքն ազատ է։ Գրանցման համար անցեք հղումով.
https://www.cop17yerevangreenzone.com/register-now/public-attendee
Շարունակելի:
Leave a Reply