Երեւան: Մեդիամաքս: ՀՀ արտաքին գործերի եւ միջազգային առեւտրի նախարար Արարատ Միրզոյանն ասել է, որ Եվրոպական Միության Արևելյան գործընկերության ապագան պետք է հաշվի առնի Հարավային Կովկասում աշխարհաքաղաքական և փոխկապակցվածության փոփոխվող միջավայրը։
«Այսօրվա տարածաշրջանն այլևս այն տարածաշրջանը չէ, որը գոյություն ուներ Արևելյան գործընկերության մեկնարկի ժամանակ։ 2025թ. օգոստոսին Վաշինգտոնում կայացած Խաղաղության գագաթնաժողովը Հարավային Կովկասում ձևավորել է նոր իրողություն, որը հնարավորություններ է ստեղծում առավել խաղաղ, փոխկապակցված և փոխկախված տարածաշրջանի ձևավորման համար։
Վաշինգտոնյան հռչակագրով նաև սկիզբ է դրվել TRIPP նախաձեռնությանը, որը, բացահայտելով տարածաշրջանի տնտեսական, տարանցիկ և էներգետիկ ներուժը և ապահովելով Եվրոպայի ու Ասիայի միջև հուսալի փոխկապակցվածություն, կարող է նպաստել նաև տարածաշրջանում խաղաղությանն ու բարգավաճմանը», – ասել է Արարատ Միրզոյանը՝ հոկտեմբերի 13-ին ելույթ ունենալով Վարշավայի անվտանգության ֆորումի շրջանակներում անցկացված «ԵՄ Արևելյան գործընկերության վերաիմաստավորումը» քննարկմանը:
Նախարարը նշել է, որ «արձագանքելով մեր հավակնություններին՝ Եվրոպական միությունը զարգացնում է Հայաստանի հետ ավելի անհատականացված երկկողմ գործընկերություն»։
«Թեև Հայաստանը դեռևս չունի ԵՄ անդամակցության թեկնածու երկրի կարգավիճակ, իրականացվում է Հայաստանի Դիմակայունության և աճի ծրագիր։ Միաժամանակ, առաջընթաց ենք արձանագրում վիզաների ազատականացման շուրջ երկխոսության շրջանակներում, իսկ վերջերս ԵՄ կողմից ընդունված առևտրային ինքնավար միջոցները լրացուցիչ հնարավորություններ են ստեղծում Հայաստանի արտաքին առևտրի դիվերսիֆիկացման համար», – ասել է Արարատ Միրզոյանը:
Leave a Reply