Մեսրոպ Մանուկյանի ձեռքից պատգամավորի մանդատը կվերցնեն․ «Ժողովուրդ»

Written by

in

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ իշխանական շրջանակների ուշադրության կենտրոնում է հայտնվել ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մեսրոպ Մանուկյանի անունը։ Քննարկվում է նաև նրա մասնակցությամբ քրեական գործի ընթացքը, որն այս պահին դատարանում է։

Ի՞նչ է կատարվում Մեսրոպ Մանուկյանի շուրջ, և արդյոք նրա հետ կապված քրեական գործը կարող է հանգեցնել պատգամավորի մանդատից զրկվելուն։

«Ժողովուրդ» օրաթերթը փորձեց պարզել՝ ինչ փուլում է գտնվում գործը, որն առնչվում է Երևանի Նոր Նորք վարչական շրջանի նախկին ղեկավար Տիգրան Տեր-Մարգարյանի, ակտիվիստ Արթուր Չախոյանի և Մեսրոպ Մանուկյանի մասնակցությամբ աղմկահարույց միջադեպին։ Հիշեցնենք, որ 2025 թվականի ապրիլի 29-ին Չախոյանն ու Մանուկյանը յոգուրտ էին լցրել թաղապետի լուսանկարին, ինչի առիթով քրեական գործ է հարուցվել խուլիգանության հատկանիշներով։

Հաջորդ օրը՝ ապրիլի 30-ին, Նոր Նորքի վարչական շրջանում հանրային քննարկման ժամանակ Արթուր Չախոյանի նկատմամբ ֆիզիկական բռնություն էր գործադրվել։ Միջադեպի առնչությամբ հարուցվել էին առանձին քրեական վարույթներ՝ մեկը՝ ակտիվիստների գործողությունների, մյուսը՝ Չախոյանի նկատմամբ բռնության դեպքի վերաբերյալ։

2025 թվականի մայիսին հրապարակված տեղեկությունների համաձայն՝ Մեսրոպ Մանուկյանին և Արթուր Չախոյանին մեղադրանք էր ներկայացվել խուլիգանության հոդվածով, իսկ մյուս անձանց, այդ թվում՝ Տիգրան Տեր-Մարգարյանի նկատմամբ, քննություն էր իրականացվում բռնության դրվագով։

«Ժողովուրդ»-ի աղբյուրների փոխանցմամբ՝ իշխանական շրջանակներում կրկին հիշել են այս քրեական գործի մասին, և քննարկվում է դրա ընթացքը։

«Ժողովուրդ» օրաթերթը կապ հաստատեց Մեսրոպ Մանուկյանի հետ՝ պարզելու, թե ինչ փուլում է գտնվում դատական գործընթացը։

Մանուկյանը մեզ փոխանցեց, որ քրեական գործն այս պահին դատարանում է, և ընթանում է դատաքննությունը՝ վկաների հարցաքննության փուլին են հասել։

Այսինքն՝ գործով դեռևս դատական քննություն է իրականացվում, սակայն վերջնական դատական ակտի մասին դեռ խոսք չկա։

Բայց, երբ նա դատապարտվեց, ապա կարժանանա Էդգար Ղազարյանի «ճակատագրին»՝ պատգամավորական մանդատից առաջիկայում կզրկվի»։

 

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *