Օսկանյանի կնոջ կողմից Դիլիջանին վերադարձված մանկապարտեզի շենքը ենթակա է ապամոնտաժման

Written by

in

Դեռևս 2025 թվականի ապրիլին հայտնի դարձավ, որ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործով կնքված հաշտության համաձայնության արդյունքում Դիլիջան համայնքին է վերադարձվել ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի կնոջ՝ Նանի Օսկանյանի ղեկավարած կազմակերպությանն անհատույց օգտագործման տրամադրված մանկապարտեզի շենքը։ 

Գույքի վերադարձին անդրադարձել էր նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ կառավարության ապրիլի 30-ի նիստում` հայտարարելով, որ համայնքն ու կառավարությունը կարող են մտածել մանկապարտեզը նորոգելու և երեխաներին վերադարձնելու մասին։

«Այնպես որ, համայնքը և մենք կարող ենք մտածել նաև այդ մանկապարտեզը նորոգելու և երեխաներին վերադարձնելու մասին»,- հայտարարել էր վարչապետը։

Սակայն շուրջ մեկուկես տարի անց պարզվում է՝ վերադարձված շենքը չի վերանորոգվելու․ այն ենթակա է ապամոնտաժման։

«Փաստերի ստուգման հարթակը» օրերս գրել էր, որ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով կնքված հաշտության համաձայնությունների շրջանակում համաձայնություն է կնքվել նաև ՀՀ նախկին ԱԳ նախարար Վարդան Օսկանյանի կնոջ՝ Նանի Օսկանյանի հետ։ Արդյունքում Դիլիջան քաղաքի Շահումյան 34 հասցեում գտնվող մանկապարտեզի շենքը վերջնականապես փոխանցվել է պետությանը։ 

Ապօրինի գույքի գործերով 11 անձ հաշտվել է պետության հետ․ վերադարձվել է 5,5 մլրդ դրամի գույք և միջոցներ

«Փաստերի ստուգման հարթակը» Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից փորձել է պարզել, թե ինչ վիճակում է ներկայում մանկապարտեզի շենքը, օգտագործվում է արդյոք այն, և ինչ ծրագրեր կան դրա հետագա տնօրինման վերաբերյալ։

Ի՞նչ ճակատագիր կունենա գույքը  

Նախարարության տրամադրած պատասխանից պարզ է դառնում, որ Դիլիջանի Շահումյան 34 հասցեում գործող մանկապարտեզի վերադարձված մասնաշենքը ենթակա է ապամոնտաժման։ 

Այսպես, ըստ նախարարության պատասխանի՝ նախապես իրականացվել է ուսումնասիրություն՝ շենքում վերանորոգում իրականացնելու և հաստատությունը «500 մանկապարտեզ և նախակրթարան» ծրագրի շրջանակում ընդգրկելու նպատակով․ արդյունքում պարզվել է, որ մանկապարտեզի շենքի տեխնիկական և ընդհանուր վիճակը գնահատվել է անբավարար և որոշվել է ապամոնտաժել այն։

«Բարձրացված հարցը քննարկվել է ՀՀ ՏԿԵՆ պետական գույքի կառավարման կոմիտեի և ՀՀ Տավուշի մարզպետի աշխատակազմի հետ։ Վերջինիս կողմից ներկայացված տեղեկատվության համաձայն՝ «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքով Դիլիջան համայնքի վարչական տարածքում՝ Դիլիջան քաղաքի Շահումյան 34 հասցեում գտնվող մանկապարտեզի չգործող մասնաշենքի մասով, Դիլիջանի համայնքապետարանը պատվիրել է օբյեկտի տեխնիկական վիճակի վերաբերյալ եզրակացություն։ Հետազոտության արդյունքներից պարզվել է, որ մանկապարտեզի չգործող մասնաշենքը ենթակա է ապամոնտաժման», — նշված է նախարարության պատասխանում։

Նշվում է նաև, որ Դիլիջանի համայնքապետարանը մրցույթ է հայտարարել մանկապարտեզի կառուցման համար նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման համար։ FIP.am-ին պատասխանի տրամադրման պահին փաստաթղթերը կազմման փուլում են եղել։   

Այսպիսով, Նանի Օսկանյանից Դիլիջան համայնքին վերադարձված մանկապարտեզի շենքի վերանորոգման փոխարեն նախատեսվում է ապամոնտաժել չգործող մասնաշենքը։

Միաժամանակ, համայնքապետարանը նախաձեռնել է նոր մանկապարտեզի կառուցման նախագծման գործընթացը։ 

Նանե Մանասյան

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *