ՌԴ սահմանափակումների ֆոնին․ ինչպես է փոխվել Հայաստանի արտաքին առևտրի աշխարհագրությունը

Written by

in

2026 թվականի մայիսի վերջից Ռուսաստանը փուլ առ փուլ սահմանափակումներ կիրառեց Հայաստանից մի շարք ապրանքների ներմուծման նկատմամբ։

Մայիսի 22-ից սահմանափակվեց ծաղիկների, ապա՝ թարմ լոլիկի, վարունգի, պղպեղի, տերևավոր բանջարեղենի և ելակի ներմուծումը։ Հունիսի սկզբին սահմանափակումները տարածվեցին նաև գյուղատնտեսական այլ ապրանքների և ձկան ու ձկնամթերքի վրա։

Սահմանափակումներից հետո ՀՀ կառավարությունը սկսեց փոխհատուցում տրամադրել մի շարք ապրանքներ այլ շուկաներ արտահանելու ծախսերի համար։

«Փաստերի ստուգման հարթակն» ուսումնասիրել է Վիճակագրական կոմիտեի՝ 2025-2026 թվականի հունվար-օգոստոսի տվյալները՝ պարզելու, թե ՌԴ սահմանափակումների ֆոնին ինչպես են փոխվել Հայաստանի արտահանման ցուցանիշներն ու աշխարհագրությունը՝ ընդհանուր արտաքին առևտրաշրջանառության համատեքստում։ 

Արտահանումը նվազել է 6.5%-ով, ներմուծումն աճել՝ 9.3%-ով

2026 թվականի հունվար-օգոստոսին Հայաստանից արտահանվել է $4.6 մլրդ-ի ապրանք՝ 2025 թվականի նույն ժամանակահատվածի $4.9 մլրդ-ի դիմաց․ արտահանումը 8 ամսում նվազել է 6.5%-ով կամ շուրջ $300 մլն-ով։

Ներմուծման դեպքում հակառակ պատկերն է։ Այն $7.9 մլրդ-ից հասել է $8.6 մլրդ-ի՝ աճելով 9.3%-ով կամ շուրջ $700 մլն-ով։

Արդյունքում արտաքին առևտրաշրջանառությունը, չնայած արտահանման անկմանը, աճել է 3.2%-ով՝ $12.8մլրդ-ից հասնելով մոտ $13.2 մլրդ-ի։

Այսպիսով,  առևտրաշրջանառության աճը պայմանավորված է ներմուծման ավելացմամբ, ոչ թե արտահանման աճով։  

Փոխվել է նաև արտահանման աշխարհագրական կառուցվածքը

Արտահանման ընդհանուր 6.5% անկմանը զուգահեռ՝ 2026 թվականի հունվար-օգոստոսին փոխվել է նաև Հայաստանի արտահանման աշխարհագրական կառուցվածքը։ Ընդհանուր արտահանման մեջ մի շարք շուկաների մասնաբաժինն աճել է, մյուսներինը՝ նվազել։

Ռուսաստանը շարունակում է մնալ Հայաստանի արտահանման ամենամեծ շուկան, սակայն նրա մասնաբաժինը փոքր-ինչ նվազել է։ 2025 թվականի հունվար-օգոստոսին Ռուսաստանին բաժին էր ընկնում Հայաստանի արտահանման 36.7%-ը, իսկ 2026-ի նույն ժամանակահատվածում՝ 35.7%-ը։ Նվազել է նաև Ռուսաստան արտահանման գումարային ծավալը՝ $1.82 մլրդ-ից մինչև $1.65 մլրդ կամ 9.1%-ով։ ԵԱՏՄ երկրների ընդհանուր մասնաբաժինը ևս նվազել է՝ 39.4%-ից մինչև 38.6%։

Զգալիորեն մեծացել է Չինաստանի կշիռը։ Եթե 2025 թվականի առաջին ութ ամիսներին Չինաստանին բաժին էր ընկնում Հայաստանի արտահանման 8.7%-ը, ապա 2026-ին՝ 16.9%-ը։ Այսինքն՝ Չինաստանի մասնաբաժինը գրեթե կրկնապատկվել է՝ ավելանալով 8.2 տոկոսային կետով։ Աճել է նաև արտահանման գումարային ծավալը՝ $430.6 մլն-ից հասնելով $780.6 մլն-ի կամ 81.3%-ով։

Էական աճ է գրանցվել նաև Եվրամիության երկրների ուղղությամբ։ ԵՄ-ի մասնաբաժինը Հայաստանի արտահանման մեջ 7.9%-ից հասել է 14.1%-ի՝ ավելանալով 6.2 տոկոսային կետով։ Գումարային արտահայտությամբ ԵՄ երկրներ արտահանումն աճել է 66.4%-ով՝ $390.5 մլն-ից հասնելով մոտ $650 մլն-ի։

Արտահանման մասնաբաժնի ամենամեծ նվազումը գրանցվել է ԱՄԷ-ի դեպքում։ 2025 թվականի հունվար-օգոստոսին ԱՄԷ-ին բաժին էր ընկնում Հայաստանի ամբողջ արտահանման 25.5%-ը, իսկ 2026 թվականի նույն ժամանակահատվածում՝ 7.9%-ը։ Կտրուկ նվազել է նաև արտահանման գումարային ծավալը՝ $1.26 մլրդ-ից մինչև $363.8 մլն կամ 71.1%-ով։

Ավելի փոքր փոփոխություններ են գրանցվել նաև մի շարք այլ շուկաների դեպքում։ Վրաստանի մասնաբաժինը 1.7%-ից աճել է մինչև 2.0%, Իրաքինը՝ 4.6%-ից մինչև 4.9%, Իրանինը՝ 1.2%-ից մինչև 1.4%։ ԱՄՆ-ի մասնաբաժինը փոքր-ինչ նվազել է՝ 0.7%-ից մինչև 0.6%, իսկ Շվեյցարիայինը՝ 2.0%-ից մինչև 1.6%։

Հատկանշական է, որ միայն ԱՄԷ ուղղությամբ արտահանման նվազումը կազմել է շուրջ $895 մլն, մինչդեռ Հայաստանի ընդհանուր արտահանումը նույն ժամանակահատվածում նվազել է շուրջ $324 մլն-ով։ Այսինքն՝ ԱՄԷ ուղղությամբ գրանցված անկումը զգալիորեն փոխհատուցվել է այլ շուկաներում արտահանման աճով, այդ թվում՝ Չինաստանում և ԵՄ երկրներում։

ՌԴ-ից ներմուծումը նվազել է, ԵՄ-ից և Չինաստանից՝ աճել

Ռուսաստանի հետ առևտրի նվազումը միայն արտահանմանը չի վերաբերում։ 2026 թվականի հունվար-օգոստոսին Ռուսաստանից ներմուծումը ևս նվազել է՝ 26%-ով։ Ըստ արտահանող երկրի՝ Ռուսաստանից ներմուծումը $2.74 մլրդ-ից նվազել է մինչև $2.03 մլրդ՝ շուրջ $712 մլն-ով։ Այսպիսով, Ռուսաստանից ներմուծումը նվազել է ավելի արագ, քան դեպի Ռուսաստան արտահանումը՝ 26%՝ 9.1%-ի դիմաց։

Միաժամանակ, ԵՄ-ի և Չինաստանի ուղղությամբ արտահանման աճին զուգահեռ ավելացել է նաև այդ շուկաներից ներմուծումը։ Ըստ արտահանող երկրի՝ ԵՄ-ից ներմուծումն աճել է 39.3%-ով, Չինաստանից՝ 18.7%-ով, իսկ ԱՄԷ-ից՝ 3.8%-ով։ Այսպիսով, ԵՄ-ից և Չինաստանից ներմուծումն էականորեն աճել է, իսկ ԱՄԷ-ից՝ մնացել գրեթե նույն մակարդակում։

Այսպիսով, ՌԴ սահմանափակումների ֆոնին դեպի Ռուսաստան արտահանումը նվազել է 9.1%-ով, սակայն Հայաստանի արտահանման աշխարհագրությունում այլ էական տեղաշարժեր էլ են գրանցվել․ զգալիորեն աճել են հատկապես ԵՄ և Չինաստան արտահանման ծավալներն ու մասնաբաժինները։ Ընդհանուր արտահանումը, սակայն, նվազել է 6.5%-ով, ինչում էական դեր է ունեցել դեպի ԱՄԷ արտահանման կտրուկ անկումը։ 

Գայանե Մարկոսյան

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *