Քիչ առաջ վերադարձանք Կոզեն աղբյուրից. 1983 թ. հոկտեմբերի 7-ին այդտեղ է հողին հանձնվել Հայոց մեծ սպար

Written by

in

Այսօր՝ ավանդույթի համաձայն, «Սյունյաց երկրի» ստեղծագործական խումբն ուխտագնացություն կատարեց Կոզեն աղբյուր (Սամվել Ալեքսանյան, Վահրամ Օրբելյան, Մարի Նավասարդյան, Իզա Ասծատրյան)։

Այս անգամ ևս մեզ առաջնորդում էր տեղանքին քաջածանոթ Լեոնիդ Գրիգորյանը, ում մեր երախտագիտությունն ենք հայտնում։

Ճանապարհին մեզ միացան կապանցի երիտասարդներ Յանեկ Առաքելայնը և Բագրատ Բաղդասարյանը։

Մեզնից շուտ այնտեղ էին հասել մի խումբ ուխտավորներ Երևանից, այդ թվում՝ Ժորա Բարսեղյանը, ով 43 տարի առաջ մասնակցել էր Գարեգին Նժդեհի մասունքը Խուստուփի լանջին հողին հանձնելու առաքելությանը, Արցախյան առաջին ազատամարտի վետերան Աղավնի Սահակյանը, «Միասնության դրոշ» նախաձեռնության հիմնադիր և պատասխանատու Արա Շահինյանը, ուսուցչուհի Վարդուհի Օհանջանյանը, զոհված ազատամարտիկի հայր Մարտուն Մուրադյանը։

Այդ վայրը 1983-ի հոկտեմբերի 7-ից յուրօրինակ սրբավայր է դարձել ոչ միայն տարածաշրջանի բնակիչների, այլև հանրապետության բազմաթիվ նժդեհապաշտների համար։

***

Դա մեր չորրորդ այցն էր Կոզեն աղբյուր։

Առաջին անգամ պաշտելի այդ վայր այցելեցինք 1998-ի հոկտեմբերի 7-ին, երկրորդ անգամ՝ 2021 թ․ հուլիսի 8-ին, երրորդ անգամ՝ 2024 թ․ հոկտեմբերի 7-ին։

Ինչպես նախորդ դեպքերում, այս անգամ ևս սրբավայր գնացինք Բաղաբուրջ գյուղով, որ Կապան քաղաքից 3-4 կմ հարավ–արևմուտք է։

1958 թվականից գյուղը միացած է Կապան քաղաքին և կազմում է նրա թաղամասերից մեկը։

Գյուղի արևմտյան եզրին է գտնվում Ստեփան Կարապետյանի տունը, ով, ցավոք, այլևս հանգուցյալ է։

Այդ տանը եղել էինք 2021 թ. հուլիսի 8-ի ուխտագնացության ժամանակ։ Տան տիկինը՝ Սուսաննան, հետաքրքիր զրույց էր ներկայացրել 1983 թ. հոկտեմբերյան օրերի մասին, երբ Նժդեհի մասունքների մի մասը բերել էին իրենց տուն, քանի դեռ չէին որոշել, թե որտեղ պիտի հողին հանձնեն դրանք։

– Ես և կեսուրս չգիտեինք, թե ինչի համար են այդ մարդիկ մեր տուն այցելել, ամեն ինչ գաղտնիության պայմաններում էր կատարվում, – պատմում էր տիկին Սուսաննան։

2021-ի հուլիսին դեռ մնում էր Ստեփան Կարապետյանի «Վիլիս» մեքենան, որով մասունքը տարել են Կոզեն աղբյուր։

Սուսաննա Մարգարյանը մեզ տեղեկացրել էր նաև, որ Նժդեհի հուշաքարը պատրաստվել է Ռուդիկ Վարդազարյանի բարերարությամբ (ժամանակին Երևանի գաջի գործարանի տնօրենն էր), իսկ հուշաքարը Երևանում պատրաստող քարագործ վարպետի անունը չէր հիշում։

***

Ինչպես նախորդ այցելությունների ժամանակ, այսօր էլ վերհիշեցինք Նժդեհի աճյունը Հայաստան տեղափոխելու հետ կապված որոշ մանրամասներ, նաև հիշեցինք նրանց, ովքեր ժամանակին նախաձեռնել են այդ սրբազան գործը։

Ժորա Բարսեղյանը, ով Նժդեհի աճյունը Հայաստան տեղափոխող նվիրյալների խմբի մեջ էր, վերապատմեց Սպարապետի մասունքների վերաթաղման հետ կապված որոշ դրվագներ։

Ըստ Ժորա Բարսեղյանի՝ Կոզնի աղբյուրում հողին է հանձնվել Նժդեհի գոտկատեղի առաջին ողը, իսկ Կապանի հուշահամալիրում են աջ բազուկը և երկու ոսկրակտոր:

Մեր հարցին՝ արդյո՞ք ողջամիտ էր Նժդեհի աճյունից մասունքներ առանձնացնելը, Ժորա Բարսեղյանը պատասխանեց՝ «Սրբերի աճյունից կարելի է մասունքներ առանձնացնել: Նժդեհը թեև սրբադասված չէր, բայց հայ ժողովրդի կողմից արդարացիորեն ընկալվել և ընկալվում է իբրև սուրբ և հերոս: Ուստի և թույլատրելի էր նրա աճյունից մասունքներ վերցնելը»:

Իսկ տեղանքի ճիշտ անվանումը… Կոզնի՞, թե՞ Կոզեն: Ժորա Բարսեղյանի վկայությամբ՝ ժամանակին Ստեփան Կարապետյանը Կոզնի էր ասել, բայց տեղական խոսվածքի ազդեցությամբ օգտագործվում է նաև Կոզեն ձևը:

 

***

Կոզեն աղբյուրի տարածքում՝ չհասած Նժդեհի գերեզմանին և աղբյուրին, տարիներ առաջ մի հուշաքար է կանգնեցվել (Նժդեհի դիմապատկերի փորագրությամբ)՝ ճանապարհի աջ կողմում, բարձունքին, որի վրա այսպիսի մակագրություն կա՝ «Ապրել ու գործել միայն այն բանի համար, որի համար արժե մեռնել, և մեռնել միայն այն բանի համար, որի համար արժեր ապրել: Գ. Նժդեհ»:

Չհաջողվեց ճշտել, թե ովքեր են կանգնեցրել հուշաքարը:

Այդտեղից մոտ 20 մ հեռավորության վրա է այլևս հռչակավոր Կոզնի (Կոզեն) աղբյուրը:

Անմիջապես աղբյուրի վրա մի հուշարձան է կառուցված՝ նվիրված Հայրենական մեծ պատերազմում բաղաբուրջցիների և բարաբաթումցիների հիշատակին (չհաջողվեց ճշտել՝ ինչո՞ւ բաղաբուրջցիների հետ մեկտեղ նաև բարաբաթումցիների հիշատակն է դրանով հավերժացված):

Հուշարձանից կամ աղբյուրից մի քանի մետր դեպի արևմուտք՝ Հայոց մեծ սպարապետ, Սյունիքի ազատարար Գարեգին Նժդեհի հուշաքարն է՝ արահետի աջ կողմում՝ ծառերի արանքում, վերևից իջնող մեկ այլ ձորակի ափին:

Հուշաքարը պարփակող ծառաճյուղից կախված էր Հայոց եռագույնը:

Իսկ դեպի հուշաքար բարձրացող արահետի  գրեթե սկզբնամասում «քարե գիրք» է՝ բացված, որը 2006-ին տեղադրվել է այլևս մեզ հանրածանոթ հերոսածին Կարին Տոնոյանի նախաձեռնությամբ:

«Քարե գիրքն» այսպիսի մակագրություն ունի՝ «Հայ ասպետ, 2006 թ., Հերոսները չեն մեռնում՝ հազարապատկվում են: Նժդեհիկներ»:

Մենք խոնարհվեցինք Գարեգին Նժդեհի հուշարձանի առջև, խունկ ծխեցրինք…

Այնուհետև Արա Շահինյանի որդին՝ Հայկ Շահինյանը կատարեց Նժդեհին նվիրված իր ստեղծագործություն–երգը, ապա Ռափայել Պատկանյանի խոսքերով «Հիմի՞ էլ լռենք» երգը՝ կիթառով կատարելով։ 

 

***

Ու որպեսզի օգտակար լինենք ընթերցողին, ինչպես նախորդ դեպքում, ներկայացնում ենք այդ առիթով Վարագ Առաքելյանի հուշերից հատված:

Ահա, թե ինչ է գրում Վարագ Առաքելյանը «Նժդեհի կյանքն ու գործունեությունը» գրքույկում. «1983-ի օգոստոսի 31-ին Նժդեհի աճյունն արդեն Երևանում էր: Մենք ընկերներով հուզմունքով ընդունեցինք աճյունը և փոխադրեցինք գյուղ՝ ցինկե տուփի մեջ, որ մասունքի նման պահվում էր իմ տանը: Փորձ արինք կաթողիկոսի միջոցով գերեզմանի տեղ ստանալ հերոսի աճյունի համար, բայց կաթողիկոսն այդքան արի չգտնվեց, մերժեց տեղ տալ նվիրական աճյունին՝ չնայած խոստովանեց, որ ինքը նրան տեսել է, որ նա իսկապես հերոս էր, բայց ժողովուրդը գերեզմանատունը կդարձնի ուխտատեղի, իսկ դա այնքան էլ հարմար չէ: Այս պատասխանը նա տվեց իշխանությունների հետ խորհրդակցելուց հետո: Մենք չհանդգնեցինք ամբողջ աճյունը Կապան տանել: Որոշեցինք աճյունից մի նշխար տանել Կապան և խորհրդանշական թաղում կատարել այնտեղ, իսկ ողջ աճյունը պահել ավելի բարվոք ժամանակի սպասելով: Նույն տարվա՝ 1983-ի հոկտեմբերի 7-ին աճյունից մի նշխար վերցրեցինք և … գնացինք Կապան: Կապանից բարձրացանք դեպի Խուստուփ՝ նժդեհյան լեռը…Մենք բարձրացանք Բաղաբուրջ գյուղը և այդ գյուղից դեպի արևմուտք, Խուստուփին կից  մի անտառապատ լեռնաբազուկի վրա՝ Կոզնի կոչված աղբյուրի մոտ ամփոփեցինք մասունքը հատուկ արարողությամբ…Իսկ աճյունը ցինկի արկղի մեջ 1983-ի օգոստոսից մինչև 1987-ի մայիսը պահվում էր գյուղի իմ տանը»:

Արցախ Բունիաթյանն էլ այսպես է հիշում. «…Առավոտյան ժամը վեցին բոլորս արթուն էինք: Նախաճաշելուց հետո շարժվեցինք դեպի Կապան: Երեքով էինք՝ մեզ էր միացել Անդրանիկ Կարապետյանը:

1983 թ. հոկտեմբերի յոթն էր:

Անկրկնելի, աստվածատուր բնություն էր: Անառիկ էին լեռները: Տեղեր կային, որ թվում էր, թե բնական քանդակագործության արվեստանոցներ էին: Քանդակված էին ժայռերը, լեռներն ու կիրճերը: Ճանապարհի ոլոր-մոլոր ձգվածությունը հիշեցնում էր արյունատար համակարգ, և թվում էր, թե մենք շարժվում ենք Զանգեզուրի մարմնի միջով…

…Խուստուփը փառահեղ, թևերը բացած արծվի էր նման, որն ահա ուր որ է պիտի թռչեր՝ այդ տարածքը հավիտյան պաշտպանելու համար: Ինչ-որ աստվածային վեհություն էր պարուրում Խուստուփին, նրան դարձնում հզոր, ըմբոստ, աննկուն: Խուստուփ… Նժդեհը վերադառնում է դեպի քեզ, ումից վաթսուներեք տարի առաջ խլել էին…

Կապանի երկաթուղային կայարանում էինք…

Գնացքն ուշացած եկավ: Գարեգինը թեպետ ամբողջ գիշեր ոտքի վրա կանգնած էր եղել, առույգ էր: Բոլորիս տրամադրությունը բարձրացավ: Ես այն ներշնչվածությունն ունեի, որ եթե Գարեգինը մեզ հետ է՝ ամեն ինչ պետք է լավ լինի:

Մենք չգիտեինք, թե ինչպես պիտի բարձրանանք Խուստուփ: Հարցրեցինք: Մեկը մեզ մատնացույց արեց Կապանից վերև գտնվող Բաղաբուրջ գյուղը և ասաց, որ այդտեղով կարելի էր բարձրանալ: Մեքենան վարեցի դեպի Բաղաբուրջ:

Այդ գյուղը թառած էր Կապանի ուսերին: Դեպի վերև անտառոտ սարերն են, դեպի ներքև՝ հայացքի համար լայն տարածք…Գյուղից վերև բարձրանալու փորձ չկատարեցինք, մեր մեքենայի համար դա անհնարին էր:

Պիտի համապատասխան մեքենա ճարեինք: Ոչ հեռվում ապրում էր Ստեփան  անունով մի հայ, ով «Վիլիս» մեքենա ուներ: Միանգամից համաձայնեց: Ճանապարհը խորդուբորդ էր: Ինչքան հնարավոր էր՝ «Վիլիսը» բարձրացավ: Որոշեցինք  մնացածը քայլելով բարձրանալ: Եղանակը պարզ էր: Խուստուփը՝ մոտիկ, վեհ ու բարի, ուղեկցում էր մեզ, կարծես կանչում էր իր մոտ: Գագաթի ձյունն առանձին մի գեղեցկություն էր նրան պարգևում, դարձնում անձեռակերտ գեղեցկուհի, որից հայացք շեղելն անհնար էր: Պրոֆեսորը շատ առույգ էր: Դժվար չէր հասկանալ, թե յոթ տասնյակը բոլորած այդ մարդուն ի՞նչ ուժ էր առաջնորդում դեպի բարձունքները: Հանդիպեցինք մի աղբյուրի: Դա Կոզնի աղբյուրն էր: Երկու երիտասարդ քչքչան աղբյուրի մոտ նստած հաց էին ուտում: Հրավիրեցին: Տեսնելով, որ հրաժարվում ենք, տղաներից մեկն ասաց.

– Թթի է, տնական:

Ես և Գարեգինն օգտվեցինք տղաների հյուրասիրությունից, հետո նկարվեցինք: Կապանից էին, առավոտյան բարձրացել էին անտառները՝ հոն քաղելու… Հասցե տվեցին, որ նկարներն ուղարկենք: Տղաները գնացին: Նրանց հեռանալուց հետո մենք շարժվեցինք տարբեր ուղղություններով՝ Նժդեհի մասունքի ամփոփման տեղը գտնելու համար: Չնայած լեռան գագաթը չէր, բայց էլի Խուստուփն էր… Մի քանի րոպե անց Անդրանիկը մեզ կանչեց աղբյուրից մոտ 50-60 մ հեռավորության վրա աջակողմյան ձորակի հարավակողմ թեքության վրա ճաքճքած քարաշերտից բարձրացող ծառաբների մոտ՝ ասելով.

– Ես տեղը գտել եմ: Այս միևնույն արմատից բարձրացող երեք ծառաբները հիշեցնում են մեր եռագույնը: Նժդեհի ողնաշարի առաջին ողը պիտի ամփոփենք հենց այս ծառաբնի տակ, ժայռի մեջ:

Բոլորս հավանություն ենք տալիս տեղի ընտրությանը: Կես ժամ անց Նժդեհի մասունքն արդեն պահ էր տրված Խուստուփին: Մեր հոգիներում ինչ-որ խորհրդավոր բան էինք զգում, որը և տագնապ էր, և անասելի քաղցրություն: Մեր օրապահիկը բացել էինք աղբյուրի մոտ: Պրոֆեսորը բարձրացրեց բաժակը.

– Վերջապես, թեկուզ ոչ լրիվ, Նժդեհը «վերադարձավ» Զանգեզուր: Ի դեմս Նժդեհի՝ «վերադարձան» այն բազմաթիվ հայ զինվորները, ովքեր զոհվեցին այս լեռներում իրենց հայրենիքի համար,-հուզմունքով ասաց նա:

Մենք բոլորս արտասվում էինք: Արտասվում էինք ինքնաբուխ, աննկատ: Չէ՞ որ այս լեռներում զոհված հայ գեղջուկների՝ Նժդեհի զինվորների վրա արտասվողներ շատ քիչ են եղել… Հետո անցյալը մի պահի մեջ ձգել, կապել էինք ներկային, և մեզ շատ էր մոտ ապագան: Սպարապետն արդեն Զանգեզուրում էր, նա չէր լռելու…Թվում էր, թե մենք եկել ենք Խուստուփ մենամարտի, շարունակելու Նժդեհի և նրա քաջ զինվորների ընդհատված պայքարը: Պիտի արդեն մենամարտենք…հետո կգան ուրիշները:

– Նժդեհի կտակը, թեկուզ ոչ լրիվ, բայց կատարվեց: Ապագայում այստեղ սրբատեղի է դառնալու,- ասաց Գարեգինը:

Երկինքը պարզ էր, կապույտ: Կարծես անցած, արյունով ներկված ժամանակները տեսանելի դարձան Խուստուփի լանջերում, լանջեր, որոնք նման էին մագաղաթների: Խուստուփում Հայրենիքի համար նահատակվածների ոսկորները չեն փտել: Որպես զգուշության ու տագնապի ճիչ, ժայռերի վրա, թվում էր, պահպանվել է նրանց լերդացած արյունը: Խուստուփը նման էր վշտերով, կանխատեսումներով լի նավի, որ դուրս էր լողում թանձր երկարատև մշուշի միջից…»:

Հ.Գ. 1

Կոզեն աղբյուրում հիշեցինք նաև Սպարապետի խոսքը՝ Սյունիքի վտանգների ժամանակ իր անհանգիստ հոգին օգնության պիտի փութա․ «Կ՛ուզէի աչքերս փակել մի ահեղ ճակատամարտում, յաղթութեան թևերի վրայ, զօրքերիս գոռ աղաղակնէրի մէջ: Սակայն ուր էլ և ինչպէս էլ մեռնեմ, թող սիւնեաց իմ նախկին ռազմիկները Խուստուփ լերան սրտի մէջ ամփոփեն իմ մի բուռ աճիւնը:

…Ուր և երբ էլ մեռնեմ, հաւատա, իմ ազիզ ժողովուրդ, որ արտաքին վտանգներիդ ժամանակ իմ անհանգիստ հոգին այցի և օգնութեան պիտի փութայ իր հայրենի աշխարհին և աներևութաբար քո բանակները առաջնորդ է:

Զինուոր զաւակդ՝ Նժդեհ, 1937 թ., Սոֆիա»:

Հետդարձի ճանապարհին նոր ուխտավորների հանդիպեցինք, բարձրանում էին Կոզեն աղբյուր՝ խոնարհվելու Գարեգին Նժդեհի հիշատակի առջև:

Հանդիպումներով և զրույցներով հագեցած օրը ևս մեկ անգամ հաստատեց իրողությունը՝ Սպարապետ Նժդեհի փառքը ոչ ոք չի կարող մոռացության մատնել Սյունիքում:

 

Հ.Գ. 2

Այսօր՝ վաղ առավոտյան, հեռախոսազրույց ունեցանք «Սիսական» ջոկատի լեգենդար հրամանատար Աշոտ Մինասյանի հետ, ով նախօրեին էր վերադարձել չարչարանաց ճանապարհից։

Իմանալով, որ Լեոնիդ Գրիգորյանի ու գործընկերներիս հետ ուխտագնացություն ենք կատարում Նժդեհի գերեզման, խնդրեց այնտեղ բարձրաձայնել իր խոսքը՝ «Սպարապետ հայոց, մնում եմ քո զինվորը, պատրաստ՝ Սյունիքի պաշտպանության»։

 

Սամվել Ալեքսանյան

Լուսանկարները՝ Իզա Ասծատրյանի

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *