Վահե Հովհաննիսյանը մասնակցել է «Հայաստան-Միացյալ Թագավորություն բիզնես համաժողով 2026»-ին

Written by

in

Վահե Հովհաննիսյանը մասնակցել է «Հայաստան-Միացյալ Թագավորություն բիզնես համաժողով 2026»-ին

ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը «Հայաստան-Միացյալ Թագավորություն բիզնես համաժողով 2026»-ի շրջանակներում մասնակցել է «Կապիտալի կամուրջ․ բանկային համակարգ, շուկաներ և ֆինանսական տեխնոլոգիաներ» խորագրով պանելային քննարկմանը։

Քննարկման ընթացքում նախարարն անդրադարձել է վերջին տարիներին Հայաստանի տնտեսությունում տեղի ունեցած փոփոխություններին՝ առանձնացնելով երկարաժամկետ պլանավորման հնարավորությունների ընդլայնումը, տնտեսության և ֆինանսական համակարգի դիմակայունության ամրապնդումը, ինչպես նաև պետական պարտքի մակարդակի և կառուցվածքի փոփոխությունները։

Վահե Հովհաննիսյանը նշել է, որ վերջին տարիներին ընդլայնվել է նաև պետական ֆինանսների պլանավորման հորիզոնը՝ եռամյա բյուջետային և հնգամյա միջնաժամկետ ծախսային շրջանակների ներդրմամբ։ Նախարարի խոսքով՝ ապագայի նկատմամբ առավել մեծ որոշակիությունը վստահություն է ձևավորում ինչպես պետության, այնպես էլ ներդրողների համար և առավել երկարաժամկետ որոշումներ կայացնելու հնարավորություն տալիս։

Անդրադառնալով հայկական ընկերությունների՝ կապիտալի շուկաներից ֆինանսավորում ներգրավելու հնարավորություններին՝ նախարարը ներկայացրել է այս ուղղությամբ արդեն իրականացվող քայլերը։ Մասնավորապես, պետությունն աջակցում է մասնավոր ընկերություններին տեղական շուկայում արժեթղթերի թողարկման, ինչպես նաև վարկանիշների ստացման գործընթացներում՝ որպես հետագայում ֆինանսավորման ավելի լայն հնարավորություններից օգտվելու կարևոր նախնական քայլ։

Այս համատեքստում Վահե Հովհաննիսյանը կարևորել է նաև հաշվապահական հաշվառման և աուդիտի համակարգերի ու կարգավորումների հետագա կատարելագործումը՝ ընդգծելով, որ ֆինանսական հաշվետվությունների հասկանալիությունն ու վստահելիությունը կարևոր նախապայման են միջազգային ներդրողների ներգրավման համար։

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *