Բաքուն հիմա էլ կազմակերպել է Ադրբեջանի աղվանա-ուդիական (ալբանա-ուդիական) կրոնական համայնքի ներկայացուցիչների այցը Արցախի Քաշաթաղի շրջանում գտնվող հայկական Ծիծեռնավանք, որն ադրբեջանական կողմն անվանում է Աղողլան։
Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ վանական համալիրում անցկացվել է կրոնական արարողություն։ Նրանք մոմեր են վառել և աղոթքներ հղել Ադրբեջանում և ամբողջ աշխարհում խաղաղության հաստատման համար։
Աղվանա-ուդիական կրոնական համայնքի նախագահի տեղակալ Ռաֆիգ Դանակարին հայտարարել է, թե համայնքի անդամներն առաջին անգամ վանք են այցելել 2021 թվականի փետրվարին։ «Այդ ժամանակ մենք նույնպես աղոթում էինք, որպեսզի ադրբեջանական հողում այլևս երբեք պատերազմ չլինի, և այստեղ միշտ տիրեն խաղաղությունն ու անդորրը։ Մենք չենք հավակնում որևէ մեկի հողերին և ցանկանում ենք, որ ոչ ոք չհավակնի մեր հողերին։
Այստեղ գտնվող վանքերը, եկեղեցիները, մզկիթներն ադրբեջանական ժողովրդի ժառանգությունն ու մշակույթն են»,- ասել է նա։ Հիշեցնենք, որ Բաքուն ավելի վաղ կազմակերպել էր այս համայնքի քարոզչական այցերը Դադիվանքի ու Գանձասարի վանական համալիրներ։
Պաշտոնական Բաքուն շարունակում է պետական մակարդակով համակարգված արշավը Արցախում հայկական կրոնական ժառանգության դեմ՝ դրանք ներկայացնելով որպես աղվանական։
Leave a Reply