Ինչպես զբաղվել PR-ով՝ առանց հոգին կորցնելու

Written by

in

Երբ պետություն-հանրություն հաղորդակցությունը ոչ միայն չի նպաստում  հասարակության համախմբմանն ու հանրային համերաշխությանը, այլ, ընդհակառակը, խորացնում է առանց այն էլ վտանգավոր մակարդակի հասած անհանդուրժողականությունը, ատելությունն ու բևեռացումը, նշանակում է՝ ունեք ձախողված հանրային հաղորդակցություն: 

Վերջին շրջանում հատկապես երկու օրինակ, որոնք նաև հնչեղություն ստացան, շատ ակնհայտ ցույց տվեցին, թե ինչպիսի անթույլատրելի մակարդակի  է հասել պետություն-հանրություն հաղորդակցության որակը՝ հատելով մասնագիտական էթիկայի բոլոր սահմանները: 

Առաջինը, որն ինձ շոկի ենթարկեց, օգոստոսի 8-ին Քննչական կոմիտեի տարածած պաշտոնական հաղորդագրությունն էր՝ «Բացահայտվել է Արտաշատ համայնքի նախկին ղեկավար, ԱԺ նախկին պատգամավոր Ա.Ա.-ի կողմից պատվիրված սպանության դեպքը» վերտառությամբ: 

Անկեղծ ասեմ՝ այն երկու-երեք անգամ կարդացել եմ, քանի որ ուղղակի աչքերիս չէի հավատում, որ պետական մարմինը կարող է այդպիսի տեքստ տարածել, և, փաստորեն, գտնվել է նաև հաղորդակցության մասնագետ, որն այդպիսի բովանդակությունը տարածել է: 

Դրականն այն էր, որ եղան արձագանքներ, և թե՛ իրավապաշտպանները, թե՛ ՄԻՊ-ը իրավացիորեն քննադատության ենթարկեցին այն: Նման արձագանքը իսկապես կարևոր է և զսպիչ դեր ունի: Իրավապաշտպաններն այն համարեցին «իրավական այլասերություն»՝ նկատելով, որ մեկ հաղորդագրության մեջ առկա են բազմաթիվ խախտումներ՝ սկսած անմեղության կանխավարկածից մինչև անձնական, ընտանեկան կյանքի գաղտնիության խախտում: Մասնագիտական տեսանկյունից կարող եմ ասել, որ այդ հաղորդագրությունը լիովին վաստակել է նաև «հաղորդակցական այլասերության» տիտղոսը և արժե ներկայացնել հանրային կապերի ֆակուլտետների ուսանողներին՝ որպես մասնագիտական էթիկայի խախտման դասագրքային օրինակ։

Երկրորդը՝ ՀՀ վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի հրապարակած՝ «Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու փաստացի պետի և մի շարք բարձրաստիճան հոգևորականների գործունեության արդյունքում Եկեղեցում առաջացած ճգնաժամի և լուծման ուղիների մասին» զեկույցն էր: Այն համակողմանիորեն վերլուծել է իրավապաշտպան Զարուհի Հովհաննիսյանը, որի բոլոր գնահատականները կիսում եմ և չեմ կրկնի:

Երկու դեպքում էլ անթույլատրելի, էթիկական նորմերին հակասող  բովանդակություն տարածողները պետական մարմիններն են: 

Ընթերցողի համար կարևոր է պարզաբանել այն, որ հաղորդակցության պատասխանատուների աշխատանքը կարգավորվում է նաև մասնագիտական էթիկայի նորմերով, և նրանք չպետք է իրենց կառույցի կամ ղեկավարի հլու կամակատարները լինեն, քանի որ պատասխանատվություն են կրում հանրության առաջ՝ փոխանցված տեղեկության որակի համար: Հաղորդակցության մասնագետի պարտականությունն ամենևին էլ ղեկավարի ասածը մեխանիկորեն փաթեթավորելն ու տարածելը չէ։ Նա պետք է կարողանա ասել՝ այս ձևակերպումը չենք կարող հրապարակել, որովհետև այն խախտում է մարդու իրավունքները, մասնագիտական էթիկան կամ վնասում է հանրային վստահությանը։ 

Դա է պատճառը, որ շատ երկրներում կան  լրացուցիչ մեխանիզմներ՝ Հանրային կապերի մասնագիտական ասոցիացիաներ, որոնք անգամ կարող են որակազրկել մասնագետին՝ էթիկայի կանոնները խախտելու համար: 

Մենք չունենք մասնագիտական ինքնակարգավորման նման մեխանիզմներ, փոխարենն ունենք իրավիճակ, երբ երեկվա մարզպետը, պատգամավորը կամ խանութի մարքեթոլոգը, իշխանություններին իրենց հավատարմության շնորհիվ, վաղը հանգիստ կարող են  դառնալ պետական հաղորդակցության պատասխանատու, ընդ որում՝ առանց անգամ որևէ վերապատրաստման: Եվ այստեղ  հարց է առաջանում՝ որքանո՞վ հստակ են սահմանված պետական մարմինների կողմից հանրությանը մոլորեցնող կամ անթույլատրելի բովանդակություն պարունակող տեղեկատվության տարածման սահմաններն ու պատասխանատվությունը։ 

Կարծում եմ, մասնագետները պետք է սրան ուշադրություն դարձնեն: Ընդ որում, լուծումներից մեկը կարող է լինել էթիկական նորմերի ավելի հստակ արտացոլումը օրենսդրության մեջ:

Եվ վերջում մի հատված մեջբերեմ ամերիկացի մասնագետներ Դոնալդ Ռայթի և Դիք Մարթինի «Ինչպես զբաղվել PR-ով՝ առանց հոգին կորցնելու» գրքից, որտեղ ձևակերպված է հաղորդակցության բուն նշանակությունը.

«Հաղորդակցությունը, հատկապես պետություն-հանրություն պաշտոնական հաղորդակցությունը, չի կարող պարունակել սուտ, կեղծիք կամ մանիպուլյացիա:   Հանրային կապերի հիմնական իմաստն ու նպատակը ճշգրիտ տեղեկություն տրամադրելն է հանրությանը, որպեսզի վերջինս կարողանա ճիշտ, ի՛ր շահերից բխող որոշումներ կայացնել, ոչ թե՝ իրեն մանիպուլյացնողների շահերից»: 

Զոյա Բարսեղյանը հաղորդակցության եւ հանրային կապերի մասնագետ է: 

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել Մեդիամաքսի տեսակետներին:

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *