ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶՊԵՏ ԴԱՎԻԹ ԱՌՈՒՇԱՆՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ՈՒՍՈՒՑՉԻ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ

Written by

in

Սիրելի՛ ուսուցիչներ,

Ի սրտե շնորհավորում եմ բոլորիդ մասնագիտական տոնի՝ Ուսուցչի օրվա առթիվ։

 

Դպրոցն այն բացառիկ միջավայրն է, որտեղ միաժամանակ ձևավորվում է մարդու անհատականությունը, մտածողությունը, ինքնուրույնությունը և պատասխանատվության զգացումը։ Այդ գործընթացի կենտրոնում ուսուցիչն է՝ մասնագիտական վարպետությամբ, սկզբունքայնությամբ և մարդուն ճանաչելու ու նրան ուղղորդելու կարողությամբ։

 

Ուսուցչի աշխատանքի կարևորագույն արդյունքը գնահատականը չէ։ Այն մարդն է, որը դպրոցից իր հետ տանում է սովորելու կարողություն, սեփական ուժերի նկատմամբ վստահություն և գիտակցում, որ իր որոշումների ու աշխատանքի համար պատասխանատուն առաջին հերթին ինքն է։

 

Այսօր, երբ մեր երկրի զարգացումը պահանջում է գիտելիքի, աշխատանքի, նախաձեռնության և պատասխանատվության նոր մշակույթ, կրթության դերն առավել քան կարևոր է։ Իսկ կրթության որակը մեծապես պայմանավորված է այն մարդկանց նվիրվածությամբ, ովքեր ամեն օր իրենց առջև տեսնում են ոչ թե պարզապես աշակերտների, այլ անհատների, որոնցից յուրաքանչյուրը կարող է իր տեղն ու ներդրումն ունենալ հասարակության կյանքում։

Արագ փոփոխվող աշխարհը, նոր տեխնոլոգիաներն ու կրթության նկատմամբ ժամանակակից պահանջները մեզանից պահանջում են շարունակաբար վերանայել և զարգացնել կրթական մոտեցումները։ Այս պայմաններում առավել մեծանում է ուսուցչի դերը՝ որպես երեխայի ներուժը բացահայտող, նրան ուղղորդող և սովորելու նկատմամբ հետաքրքրություն ձևավորող առանցքային դերակատարի։

 

Որակյալ կրթությունը հիմնվում է ուսուցիչ-աշակերտ վստահելի համագործակցության, ինչպես նաև անվտանգ, ստեղծագործական և զարգացող կրթական միջավայրի վրա։

Կառավարությունը շարունակաբար ներդրումներ է կատարում կրթության ոլորտում՝ նպաստելով դպրոցների և նախադպրոցական հաստատությունների կառուցմանը, վերակառուցմանն ու կահավորմանը, ժամանակակից կրթական միջավայրի ձևավորմանը՝ այդ թվում և Շիրակի մարզում։

 

Վստահ եմ, որ ձեր բարձր մասնագիտական պատրաստվածության, գիտելիքի, նվիրումի և ամենօրյա հետևողական աշխատանքի շնորհիվ մենք կշարունակենք ձևավորել բանիմաց, նախաձեռնող, հայրենասեր և պետության ապագայի հանդեպ պատասխանատու սերունդ։

 

Սիրելի՛ ուսուցիչներ,

Շնորհակալություն ձեր նվիրումի, համբերության և այն մեծ աշխատանքի համար, որի արդյունքը ձեր սաների հաջողություններն են։

Մաղթում եմ մասնագիտական նոր ձեռքբերումներ, արժանի գնահատանք և վստահություն, որ ձեր կատարած աշխատանքը շարունակելու է իր կարևոր ընթացքը՝ սերնդից սերունդ։

 

Շնորհավո՛ր Ուսուցչի օր։

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *