Մի ադրբեջանցի հարիֆ եկավ, պայթեցրեց իշխանությունների խաղաղության փուչիկը

Written by

in

Ադրբեջանցի զինծառայողի՝ Սիսիան համայնքի Շաքի բնակավայրում հայտնվելուց և տեղի ունեցած միջադեպից հետո Սյունիքում անվտանգության հարցը կրկին հայտնվել է բնակիչների ուշադրության կենտրոնում։

Սիսիանցիների խոսքով՝ միջադեպը փոխել է մարդկանց տրամադրությունները․ նրանք դարձել են ավելի զգուշավոր և անհանգիստ։

 

Հաշվի առնելով, որ համայնքային իշխանությունների քաղաքական դիրքորոշումների և պաշտոնական հայտարարությունների պայմաններում հասարակությունը միշտ չէ, որ ամբողջական պատկերացում է ստանում տեղի ունեցողի մասին,  մենք որոշել ենք խոսել անմիջապես քաղաքացիների հետ՝ ներկայացնելու նրանց մտահոգություններն ու գնահատականները։

 

MediaHub-ի հետ զրույցում Սիսիանի գյուղերում ապրողները կիսվել են իրենց մտահոգություններով։ Բնակիչների խոսքով՝ հատկապես վերջերս մարդկանց շրջանում ավելացել է անվստահությունը իշխանությունների հայտարարությունների նկատմամբ։ Նրանցից ոմանք ասում են, որ մինչ այս էլ չէին հավատում, թե տարածաշրջանում հաստատված իրավիճակը կարող է երկարաժամկետ անվտանգություն ապահովել, իսկ վերջին դեպքը ավելի է խորացրել այդ կասկածները։

 

«Անընդհատ դեպի դուրս ենք նայում, գիշերներ էլ «ֆանարիկով» պտտվում ենք բակերում, գոմերում, ստուգունմ՝ անծանոթ մարդ հո՞ չկա, հետո նոր մտածում քնելու մասին։ Մի քանի ամիս առաջ էլ մարդիկ պատմում էին, որ գիշերային ժամերին Վայոց ձորի տարբեր գյուղերում դիմակավորված մարդկանց են նկատել։ Ոմանք հիմա դա կապում են ադրբեջանցիների հնարավոր ներկայության հետ։ Հետո տեղի ունեցավ էս դեպքը»,– պատմում է Սյունիքի բնակիչը։

 

Տեղի ունեցածից հետո մարդիկ սկսել են ավելի ուշադիր լինել իրենց շրջապատի նկատմամբ․

 

«Անհանգիստ ենք։ Եթե նախկինում ասում էին՝ խաղաղություն է, վտանգ չկա, հիմա հարց է առաջանում՝ իսկ որքանո՞վ է այդ խաղաղությունը իրական և որքանո՞վ կարող ենք վստահել անվտանգության երաշխիքներին։ Մի ադրբեջանցի հարիֆ եկավ, պայթեցրեց իշխանությունների խաղաղության փուչիկը»,- ասաց MediaHub-ի զրուցակիցը։

mediahub.am

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *