Կաբարդինո-Բալկարիայում հատուկ վագոնով տեղափոխվող կալանավոր Դմիտրի Պուշկարյովը հարձակվել է ՌԴ Պատժի կատարման դաշնային ծառայության (ՊԿԴԾ) ուղեկցող աշխատակիցների վրա։ Այս մասին հայտնում է «ТАСС» գործակալությունը՝ հղում անելով իրավապահ մարմինների աղբյուրին։
Ըստ աղբյուրի տվյալների՝ Պուշկարյովը նախկինում արտահանձնվել էր Վրաստանից՝ թմրամիջոցների ապօրինի շրջանառության և հանցավոր համայնք ստեղծելու մեղադրանքներով քրեական պատասխանատվության ենթարկվելու համար։
Միջադեպը տեղի է ունեցել հոկտեմբերի 2-ին Վլադիկավկազ — Ադլեր գնացքում՝ «Մուրտազովո» կայարանի մերձակայքում։ ՊԿԴԾ-ի փոխանցմամբ՝ կալանավորին հաջողվել է հափշտակել ուղեկցորդներից մեկի ծառայողական զենքը, ինչից հետո նա մահացու վիրավորում է հասցրել վերջինիս և վիրավորել գերատեսչության ևս երեք աշխատակցի։ Փոխհրաձգության ընթացքում հարձակվողը սպանվել է։
Ավելի վաղ շրջանառվող լուրերը կալանավորների զանգվածային խռովության և պատանդառության մասին ՊԿԴԾ-ն հերքել է՝ ընդգծելով, որ հարձակումն իրականացվել է մեկ անձի կողմից։ Գնացքի քաղաքացիական ուղևորների շրջանում տուժածներ չկան։
Leave a Reply