«Սպասում եմ՝ մի քիչ էլ մեծանա, որ պատմեմ, թե ինչպիսին էր Անդրեյը»

Written by

in

2020 թվականի պատերազմը վավերագրած Դավիթ Ղահրամանյանի լուսանկարներից շատերը դարձել են խորհրդանիշներ՝ հույսի, պայքարի, ցավի: Դրանք լայն տարածում են ստացել ոչ միայն Հայաստանում, այլեւ ամբողջ աշխարհում: 

 

«Երկու ռուս լրագրողի հետ էի։ Քարին Տակում էինք, պատահական հանդիպեցինք Անդրեյին։ Ինքն ՈՒԱԶ-ի ղեկին էր, ես էլ կողքն էի նստել, մի քանի բան հարցրեցի, խոսեցինք։ 

Անդրեյ Մելքումյանը Անդրեյ Մելքումյանը

Լուսանկարը` Դավիթ Ղահրամանյան

Շատ ուշադիր էր, իսկական հրամանատարի պես բոլորին աչքի տակ էր պահում։ Շատ քիչ սնունդ ունեին, բայց մեզ կանչեց, ստիպեց, որ իրենց հետ նստենք հաց ուտելու։

 

Ընդամենը մի քանի լուսանկար հասցրեցի անել՝ հաջորդ օրը բաժանվեցինք։ 

 

Հետո զանգեցի մի քանի անգամ՝ անհասանելի էր։ Անհանգստացա, բայց հույս ունեի, որ հեռախոսը լիցքավորում չունի։ Մի քանի օրից իմացա, որ Անդրեյը զոհվել է», – պատմում է Դավիթ Ղահրամանյանը: 

Անդրեյ Մելքումյանը Անդրեյ Մելքումյանը

Լուսանկարը` Դավիթ Ղահրամանյան

Փոքրիկ Անդրեյը խաղում է հյուրասենյակում: 

 

«Հիմա սկսել է շատ հարցեր տալ՝ որտե՞ղ է հայրը, ինչու մյուս երեխաների նման չի կարող տեսնել կամ գրկել նրան։ Մեր ընտանեկան լուսանկարներն է նայում ու հարցնում, թե ինչու հոր հետ նկարներ չունի», – ասում է Արմինեն՝ Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակի N զորամասի հատուկ նշանակության վաշտի 2-րդ խմբի 1-ին ջոկի հրամանատար, ավագ սերժանտ, հետախույզ Անդրեյ Մելքումյանի կինը։ 

Լուսանկարը` Դավիթ Ղահրամանյան/Մեդիամաքս

Արմինեն ու Անդրեյը մանկության ընկերներ էին։ Դպրոցական էին, երբ Անդրեյը խոստովանել էր, որ զգացմունքներ ունի իր նկատմամբ. 

Լուսանկարը` Դավիթ Ղահրամանյան/Մեդիամաքս

«Ընկերություն անելու ընթացքում բացահայտեցի, թե որքան հոգատար ու ընտանիքի մարդ է Անդրեյը։ Համալսարանն ավարտելուց հետո ամուսնացանք: Երկու տարի անց՝ 2017-ին, ծնվեց մեր առաջնեկը՝ Գաբրիելան։ Ապրում էինք Շուշիում, վայելում էինք մեր ընտանիքը», – հիշում է Արմինեն։ 

Լուսանկարը` Դավիթ Ղահրամանյան/Մեդիամաքս

44-օրյա պատերազմի սկիզբը Արմինեն լավ է հիշում։ Երկար դադարներով է պատմում. 

 

«Առավոտյան 7-ից նկուղում էինք, աղջիկս նախորդ գիշերվանից ջերմում էր։ Շուրջբոլորը խուճապ էր, չէի կարողանում կապվել Անդրեյի հետ։ Նա հետախույզ էր, Հայկազով էր տեղափոխվել ու պատերազմը սկսվելուց օրեր առաջ արդեն դիրքերում էր։ 

 

Սկզբից էլ քիչ էր զանգում։ Ես սովոր էի։ Երբ խոսում էինք, հարցնում էր երեխայի մասին, պնդում էր, որ Երեւան գնանք։ Չէր պատմում, թե վիճակն ինչպես է այնտեղ»։ 

 

Արմինեն աղջկա հետ Երեւանի հիվանդանոցներից մեկում էր, երբ իմացավ, որ երկրորդ զավակին է սպասում։ 2020 թվականի հոկտեմբերի 7-ին է լուրը Անդրեյին հայտնել. 

Անդրեյ Մելքումյանը Անդրեյ Մելքումյանը

Լուսանկարը` Դավիթ Ղահրամանյան

«Հիշում եմ իր լռությունը։ Մենք չէինք պլանավորում երեխա ունենալ, անակնկալ էր։ Ասում էր՝ ինչո՞ւ հենց հիմա, երբ ձեր կողքին չեմ ու պատերազմ է։ Հետո էլ հանգստացնում էր, որ ամեն բան շուտով ավարտվելու է։ Ասում էր, որ տղա ենք ունենալու, անունն էլ Անդրեյ են դնելու»։ 

 

Արմինեն ամուսնու հետ վերջին անգամ խոսել է նոյեմբերի 4-ին. 

 

«Մինչեւ նոյեմբերի 7-ը վատ բան չեմ զգացել: Բայց 7-ի առավոտյան արթնացա ու զգում է, որ ինչ-որ բան է պատահել։ Երեկոյան հարազատներս ասացին, որ Անդրեյը զոհվել է, հետո ոչինչ չեմ հիշում»։ 

 

Անդրեյի հիշատակի անկյունում մի քանի լուսանկար կա ու մի քանի իր, որ հասցրել են բերել իրենց հետ։ Հիշատակի անկյան կողքին փոքրիկ Անդրեյի մկրտության լուսանկարներն են, որոնք Դավիթ Ղահրամանյանն է արել:

Լուսանկարը` Դավիթ Ղահրամանյան

«Երբ ծանոթացա Արմինեի հետ եւ իմացա, որ զավակ է սպասում, որոշեցի լուսանկարել այդ երեխայի բոլոր կարեւոր իրադարձությունները», – ասում է Դավիթ Ղահրամանյանը: 

Լուսանկարը` Դավիթ Ղահրամանյան

Անդրեյի մարմինը ճանաչել է հայրը՝ նոյեմբերի 14-ին։ Նոյեմբերի 18-ին Անդրեյին հուղարկավորել են Եռաբլուրում: 

 

«Երբ պետք է առաջին անգամ Եռաբլուր գնայինք, աղջիկս ասաց, որ գիտի, թե սա ինչ տեղ է ու խնդրեց տանել հայրիկի գերեզմանի մոտ։ Տղաս դեռ չի հասկանում», – ասում է Արմինեն:

Լուսանկարը` Դավիթ Ղահրամանյան/Մեդիամաքս

Պատերազմից հետո Արմինեն վերադարձել է Արցախ, բնակվել է Ստեփանակերտում։ 

 

Հղիության վերջին ամիսներին է իմացել, որ տղա է ունենալու. 

 

«Վերջին անգամ, երբ գնացի հետազոտության, բժիշկն ասաց, որ առողջ տղա է ծնվելու, չէի հավատում։ Հենց իր սենյակում էլ սկսեցի լաց լինել։ Որոշեցի տղայիս հոր անունով կոչել։ Անդրեյին էլ իր հոր անունով են կոչել: Առաջին պատերազմի ժամանակ կարծել են, թե զոհվել է հայրը, բայց վերադարձել է գերությունից»։ 

Լուսանկարը` Դավիթ Ղահրամանյան/Մեդիամաքս

Ընտանիքը Արցախից Հայաստան է եկել 2023 թվականի օգոստոսի 24-ին: 

 

«Վերջին պատերազմից հետո, երբ պետք է տնից բացակայեինք, ինձ հետ միշտ մի քանի լուսանկար ու փաստաթղթեր էի վերցնում։ Ինչ-որ բան էի զգում։ Վերջին անգամ Երեւան եկանք աղջկաս առողջական խնդիրների պատճառով ու էլ չկարողացանք վերադառնալ։ 

Լուսանկարը` Դավիթ Ղահրամանյան/Մեդիամաքս

Տղաս հիմա շատ է հորը նմանվել։ Սպասում եմ՝ մի քիչ էլ մեծանա, որ պատմեմ, թե ինչպիսին էր Անդրեյը»։ 

 

Շուշան Փափազյան

 

Լուսանկարները՝ Դավիթ Ղահրամանյանի

 

 

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *